Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյո՞ք գերմանական ԶԼՄ-ներն օբյեկտիվ են լուսաբանել փախստականների թեման. զեկույց

Հուլիս 25,2017 23:30

Արդյոք գերմանական ԶԼՄ-ները օբյեկտի՞վ էին փախստականների զանգվածային հոսքը լուսաբանելիս: Համբուրգի լրագրողական դպրոցի եկել է եզրակացության, որ առաջատար ԶԼՄ-ները պաշտպանել են իշխանություններին՝ մարդկանց վզին փաթաթելով հյուրընկալության մշակույթի քաղաքականությունը, գրում է Deutsche Welle-ն:

Գերմանական ԶԼՄ-ները 2015-2016թթ. փախստականների ճգնաժամի ընթացքում չափազանց ակտիվ տարածում էին Անգելա Մերկելի կառավարության պաշտոնական տեսակետը: Նրանք վատ կատարեցին իրենց աշխատանքը, չկարողացան բացահայտել և ցույց տալ իրավիճակը տարբեր տեսանկյուններից: Փոխարենը, նրանք անընդհատ աջակցում էին կանցլերի քաղաքականությունը և մարդկանց վզին էին փաթաթում հյուրընկալության մշակույթը: Այդպիսի մեղադրանքները նոր չեն, չնայած վերջին շրջանում դրանք կարելի է լսել միայն «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության աջ պոպուլիստներից: Սակայն այժմ գերմանական թերթերը և փախստականների մասին նրանց ռեպորտաժներն ակտիվորեն քննադատում է նաև լուրջ գիտական ինստիտուտը:

Խմբագիր-լուսավորիչներ

Վերլուծելով Գերմանիայի առաջատար և խոշոր պարբերականների (Süddeutsche Zeitung (SZ), Frankfurter Allgemeine Zeitung (FAZ), Die Welt և Bild) հազարավոր հոդվածներ, շուրջ 200 էջանոց զեկույցի՝ Համբուրգի մեդիադպրոցը և Լայպցիգի համալսարանը ներկայացնող հեղինակները եկել են այն եզրակացության, որ ԶԼՄ-ների խմբագիրները, փոխանակ իրավիճակին քննադատաբար նայելու, իրենց վրա են վերցրել «ժողովրդական լուսավորիչների» դերը:

Քանի որ հետազոտության հիմքում դրված են նաև 85 շրջանային թերթերի գնահատականներ, այն կարող է բավականին ներկայացուցչական լինել: Զեկույցի նախապատրաստումը ֆինանսավորել է արհմիություններին մոտ կանգնած Օտտո Բրենների անվան հիմնադրամը: Հետազոտության հեղինակները պնդում են. նրանք, ովքեր 2015թ. փետրվար-2016թ. մարտ ընկած ժամանակահատվածում քննադատաբար են վերաբերվել փախստականների հոսքին, Գերմանիայում հայտնվել են քսենոֆոբիայի համընդհանուր կասկածի տակ:

Բարոյական ազդակ

Մյուս կողմից, Գերմանիայի բնակչության այն մասի կարծիքը, որը ըստ զեկույցի հեղինակների, «տարբեր պատճառներով սկեպտիկորեն կամ քննադատաբար էր վերաբերվում կառավարության գործողություններին», հասարակական քննարկումներում բավարար չափով չի ներկայացվել: Զեկույցում ասվում է, որ «հյուրընկալության մշակույթ» արտահայտությունը, որը առաջ էր քաշել կառավարությունը, դարձավ «անեծք»՝ հենց տպագիր մամուլի շնորհիվ: Բացի այդ, թերթերում հոդվածները հեղեղված էին բարոյականության քարոզներով, իսկ փախստականների թեման, երբեմն, լուսաբանվում էր ավելորդ սենտիմենտալությամբ և կոմպետենտ քննադատության չափազանց քիչ չափաբաժնով, ասվում է զեկույցում:

Վերլուծության ենթարկված 35 հազար հոդվածների միայն 6 տոկոսի դեպքում կարելի է խոսել հավաստի և հավասարակշռված լուրերի և ռեպորտաժների մասին: Իսկ SZ, FAZ и DieWelt-ի յուրաքանչյուր 5-րդ տեքստը պարունակել հեղինակի սեփական դիտողությունների «անսովոր բարձր չափաբաժին», փաստում է հետազոտության հեղինակ, ԶԼՄ-ների փորձագետ Միխաէլ Հալլերը:

Քննադատական տարածության բացակայությունը

Անթույլատրելի քամահրանքով են այդ ռեպորտաժներում ընտրվել են նաև գլխավոր հերոսները: Փախստականներին օգնություն տրամադրող տարբեր կազմակերպությունների բաժին է ընկնում խմբագրական սյուժեների ընդհանուր առմամբ 3.5 տոկոսը: Իսկ փորձագետներին, որոնք կարող էին պահանջված լինել՝ կապված փախստականների ազգային առանձնահատկությունների հետ, բաժին է ընկնում 100-ից մեկ հոդված:

Հետազոտության մեջ նաև ասվում է, որ թերթերի հոդվածների համար ընտրված հերոսների 43 տոկոսը եղել են կառավարության և կուսակցությունների ներկայացուցիչներ: Իսկ «կանաչների» քաղաքական գործիչներին, որոնք հյուրընկալության մշակույթի ամենահետևողական ջատագովներն էին, այդ թեմայով արտահայտվելու հնարավորություն է տրվել երկու անգամ ավելի շատ, քան ձախերին: Իր հերթին «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը, որն այդ ժամանակ արդեն ներկայացված էր մի շարք դաշնային խորհրդարաններում, գրեթե ձայն չի ստացել մամուլում, ասվում է հոդվածում:

Քաղաքականությունը և մամուլը՝ կոմունիկացիոն վակուումում

Հետազոտության հեղինակները խոսում են «քաղաքական էլիտայի վառ արտահայտված առավելության» մասին, որոնք ԶԼՄ-ների օգնությամբ կառավարել են այս թեման: Միանշանակ, խոսքը կառավարական կոալիցիայի մեջ մտնող սոցիալ-դեմոկրատների և քրիստոնյա-դեմոկրատների մասին է: Այսպես  կոչված քննադատական տարածություն չի պահպանվել վերլուծության ենթարկված հոդվածների կեսի դեպքում: Եվ որ ավելի վատ է, քաղաքական գործիչները և ԶԼՄ-ները փախստականների թեմայով «անվերջ պտտվում էին տեղեկատվական վակուումում»: Իսկ այդ գործընթացից դուրս գտնվողներն այդ ԶԼՄ-ներն անվանվեցին «համակարգային մամուլ»:

Վերլուծության ենթարկված թերթերի 83 տոկոսը ավելի շուտ դրական են արտահայտվել փախստականների թեմայով և այդպիսով արհեստականորեն ստեղծել  հյուրընկալության մշակույթի հասկացությունը, պնդում են հետազոտության հեղինակները: Նրանց խոսքով՝ փախստականների հոսքի հետ կապված մտավախություններ հայտնողների փատարկները հիշատակվել են միայն թեթևակիորեն:

Զեկույց՝ հետևանքներով

Զեկույցից այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես թե հեղինակները նպատակ ունեին նաև բռնել մեդիադաշտի օձիքից և ուժեղ թափ տալ, գրում է Zeit Online-ը:

Այդ տպավորությունն ավելի է ամրապնդվում, երբ փորձագետներն ուսումնասիրում են գերմանական ԶԼՄ-ների արձագանքը 2016թ. հունվարի 1-ի ամանորյա գիշերը Քյոլնում տեղի իրադարձություններին և փախստական տղամարդկանց ոտնձգությունները կանանց և աղջիկների նկատմամբ: Այդ իրադարձությունը ուղղեց մի շարք թերթերի վերաբերմունքը փախստականների թեմայի նկատմամբ, քննադատության մակարդակը բարձրացավ: «Տպավորություն է ստեղծվում, որ շատ լրագրողներ ցանկանում էին արագորեն լրացնել բաց թողածը, անել այն, ինչ չէին արել նախկինում»,- մատնանշում են հոդվածի հեղինակները:

Եթե անգամ այս զեկույցն իդեալական չէ, այնուամենայնիվ, այն շառաչյուն ապտակ է գերմանական ԶԼՄ-ներին: Այն, թերևս, ավելի ցավոտ կարող էր լինել զանգվածային լրատվամիջոցների համար, եթե հետազոտության մեջ ներառվեին և ուսումնասիրվեին հեռուստառեպորտաժները: Բայց դրա համար փորձագետների ժամանակը չի բավականացրել, գրում է Deutsche Welle-ն:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31