Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը մտադիր է միջպետական որոշ ճանապարհներ հիմնանորոգել, ինչի համար կառավարությունից գումար է ուզում:
Այս մասին տեղեկանում ենք կառավարության հուլիսի 27-ի նիստի օրակարգից:
Ճանապարհների նորոգման համար, ինչպես նշված է որոշման նախագծում, նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 559.5 միլիոն դրամ:
Նախագծի հիմնավորման մեջ գրված է, որ 2017 թվականի պետական բյուջեով «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» եւ «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» ծրագրերով իրականացված գնումների մրցույթների արդյունքում առաջացել են տնտեսումներ՝ 797.7 մլն դրամի չափով, այդ թվում՝ հիմնանորոգում պահանջող օբյեկտների ցանկից հանման ենթակա երեք օբյեկտների գծով առկա են 55.0 մլն դրամի չափով խնայողություններ:
Նախարար Վահան Մարտիրոսյանն առաջարկում է՝ «տնտեսված գումարների 70%ը՝ 559.5 մլն դրամը կառավարության պահուստային ֆոնդին, իսկ մնացած 30%-ը՝ 238.2 մլն դրամը՝ վերաբաշխել 2016-2017թթ ցրտաշունչ ձմռան եւ գարնանային հեղեղումների պատճառով մի շարք ճանապարհների առանձին հատվածներ անցանելիության ապահովմանը, մի շարք նոր օբյեկտների ընթացիկ (փոսային) եւ միջին նորոգմանը»:
Որոշման նախագծով հիմնանորոգման ենթակա պետական նշանակության ավտոճանապարհներն են՝ Մ-1, Երեւան-Աշտարակ-Գյումրի-Վրաստանի սահման կմ 171+300-կմ 172+875 եւ կմ 173+305-կմ 173+335 հատվածներ, որը կարժենա 202 միլիոն դրամ:
Մ-4, Երեւան-Սեւան-Իջեւան-Ադրբեջանի սահման կմ 106,1-կմ 110,9 (Հաղարծին գյուղի տարածք) հատվածը, որը կարժենա 318.5 միլիոն դրամ:
Մ-3, Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման կմ 2,1- կմ 6.0 հատվածի անցանելիության ապահովման համար կհատկացվի 14.6 միլիոն դրամ եւ նույնքան գումար էլ կհատկացվի Մ-3, Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման կմ 46.0-կմ 50.0 հատվածի անցանելիության ապահովման համար:
9.7 միլիոն դրամ էլ կհատկացվի Հ-6 Հ-2-Եղվարդի տրանսպորտային հանգույց-Մ-1 կմ 12.0 – կմ 18,2 հատվածի անցանելիության ապահովման համար:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Ցանկի մեջ մտցրեք նաև Գորիս-Կապան ճանապարհի դեպի Որոտան իջնող ոլորանները՝ծանր մեքենաների երթևեկության պատճառով ասֆալտե ծածկը բարձր թմբերի է վերածվել և տհաճ տպավորություն է ստեղծում Իրանից և մարզի հարավային շրջաններից երթևեկող վարորդների համար: