Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վանաձորում պահանջված աշխատատեղերը սպասարկման ոլորտում են, մանկավարժական կրթությունը պահանջարկ չունի

Հուլիս 25,2017 20:55

2017 թվականի առաջին կիսամյակի տվյալներով՝ Լոռու մարզում աշխատանք է փնտրում 10.304 մարդ, իսկ գործազուրկների թիվը մարզում կազմում է 9.763: Վանաձորում աշխատանք փնտրողների թիվը 4374 է, իսկ գործազուրկի կարգավիճակ ունի 4258-ը:

Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանի խոսքով, ներկայացված թվի մեջ գերակշռողը ընդհանուր եւ միջնակարգ կրթություն ունեցող գործազուրկներն են, ամենաքիչը՝ արհեստագործական կրթություն ունեցող անձինք են: Իսկ տարիքային վերլուծության համաձայն ամենաբարձրը թիվը կազմում են 35 տարեկանից բարձր անձիք, ամենացածրը՝ 16-19 տարեկան աշխատանք փնտրողներն են.

«Մենք մեր առջեւ խնդիր ենք դրել, որ երիտասարդների հետ ավելի ակտիվ զբաղվենք, ծրագրեր իրականացնենք: Հիմա էլ ծրագրերի մեջ ավելի շատ երիտասարդներ են ներգրավված, քան տարեց մարդիկ: Երկու խնդիրն էլ շատ կարեւոր է, բայց մենք ավելի կարեւորում ենք, երիտասարդների հետ ակտիվ աշխատանքը, որպեսզի նրանք երկարաժամկետ գործազուրկ չդառնան եւ իրենց մասնագիտությունը կամ որակավորումը չկորցնեն»,-ասում է Արա Առաքելյանը:

Տարեսկզբին զբաղվածության կենտրոնի միջոցով աշխատանքի են տեղավորվել 195 քաղաքացիներ: 470 մարդ մասնակցել է զբաղվածության պետական ծրագրերին: Իսկ աշխատանք փնտրող 63 հաշմանդամություն ունեցող անձանց 80 տոկոսն այժմ ներգրավված են այդ ծրագրերում:

Կենտրոնի տնօրենը տեղեկացրեց, որ առաջիկայում ծրագրեր ունեն նաեւ դպրոցահասակ երեխաների մասնագիտական կողմնորոշման հետ կապված. «Մտահղացում ունենք, որպեսզի մի հարթակում հավաքենք բոլոր ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներին, որպեսզի իրենք բարձր դասարանի աշակերտներին ներկայացնեն իրենց ծրագրերը, դասավանդման մեթոդիկան եւ այլն: Եվ այս կերպ փորձենք երեխաների մոտ լուծենք մասնագիտական կողմնորոշման հարցը»:

Արա Առաքելյանը նշեց, որ այս պահին իրենց մոտ գրանցված են մոտ 200 թափուր աշխատատեղեր, որոնք հիմնականում կարի արտադրության ու սպասարկման ոլորտն են ընդգրկում:

Նրա խոսքով՝ Վանաձորում պահանջված աշխատատեղերը հենց սպասարկման ոլորտում են: Քիչ պահանջարկ ունեն մանկավարժական կրթության հետ կապված մասնագիտությունները. «Խոհարարի, մատուցողի պահանջ է լինում, բայց հաճախ մենք չենք կարողանում ապահովել, որովհետեւ կամ լավ մասնագետներ չկան, կամ գործատուն է ցածր վարձատրում: Մեր ունեցած բազայում այդ մասնագետները արդեն ծերացում ունեն, իսկ երիտասարդները շատ քիչ են: Դեղագործների, բուժքույրերի պահանջ ենք պարբերաբար ունենում: Նաեւ կարի մասնագետների պահանջարկն է մեծ: Իսկ կառավարիչներ, մենեջերներ եւ այլն , այս մասնագիտությունները կոնկրետ Վանաձորի աշխատաշուկայում պահանջարկ չեն վայելում, աշխատատեղ չկա այս մասնագիտությունների գծով»:

2016 թվականի համեմատ մարզում աշխատանք փնտրողների եւ գործազուրկների թիվը նվազել է: Ըստ Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրենի, իրավիճակն ունի մի քանի պատճառ. «Առաջինը՝ մենք ակտիվ հանում ենք հաշվառումից: Նպատակն այն է, որ այն մարդը, որը հետաքրքրությունը կորցրել է զբաղվածության կենտրոնի նկատմամբ կամ երկար ժամանակ ցանկություն չի հայտնում աշխատանք գտնելու, մենք հանում ենք հաշվառումից: Պատճառներից մեկն էլ կարող է արտագաղթը լինել: Իսկ մյուս պատճառն այն է, որ մեծ թվով ծրագրեր ունենք, եւ մարդիկ մասնակցում են դրանց: Այդ դեպքում մենք պարտավոր ենք սկզբից դադարեցնել գործազուրկի կարգավիճակը, այնուհետեւ հանելու հաշվառումից»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31