«Ամուսինս լյարդի հետ կապված առողջական խնդիրներ` ցավեր ուներ: Ստուգումներից հետո հիմա ամեն ինչ նորմալ է»,-Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձի գործով 14 տարի ազատազրկման դատապարտված էպոսագետ Վարդան Սեդրակյանի կինը` Ռուզաննա Ստեփանյանը:
Տիկին Սեդրակյանին խնդրեցինք պարզաբանել` արդյոք իր ամուսինը հրաժարվե՞լ է դատապարտյալների հիվանդանոցում բուժում ստանալուց, տիկին Սեդրակյանն ասաց, որ նման բան չի եղել:
Մինչդեռ հիշեցնենք, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի տրամադրած տեղեկությունների համաձայն`«հունիսի 14-ին նա տեղափոխվել է քաղաքացիական բուժական հաստատություն, սոնոգրաֆիա է արվել, արյան հետազոտություն և այլն: Բուժական հաստատությունում ասել են, որ դատապարտյալը ստացիոնար բուժման կարիք ունի: Սեդրակյանին առաջարկվել է, որպեսզի բուժումը ստանա Դատապարտյալների հիվանդանոցում: Այդ կապակցությամբ հուլիսի 3-ին Սեդրակյանին թույլտվություն է տրվել, ինչից դատապարտյալը գրավոր հրաժարվել է»:
Տիկին Սեդրակյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ իր ամուսինը դեռ բուժում չի ստացել. «Ըստ անալիզների պատասխանների` բժիշկը նշանակումներ կանի, ես դեղերը կգնեմ: Ամուսինս պետք է դեղեր ընդունի, որևէ խնդիր չեմ տեսնում, ես միշտ էլ նրան դեղեր եմ ուղարկում»:
Հետաքրքրվեցինք` արդյոք Վարդան Սեդրակյանը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում միջադեպի մասնակի՞ց է դարձել, մեր զրուցակիցը հակառակը պնդեց. «Այդպիսի բան լինել չի կարող: Ես առաջին անգամ Ձեզանից եմ լսում նման բան»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հ.Գ. Մեր այսօրվա հրապարակումից հետո զանգահարեց Վարդան Սեդրակյանի կինը` Ռուզաննա Սեդրակյանը, տեղեկացնելով, որ միայն այսօր իր որդուց է տեղեկացել, որ ամուսնուն դատապարտյալների հիվանդանոց տեղափոխելու առաջարկ է եղել: Ժամանակին իրենից դա թաքցրել են, որ չանհանգստանա: