ՀՀ ոստիկանության Երևանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ոստիկան Դավիթ Գևորգյանը այն 40 տուժողներից է, որը ներգրավված է ՊՊԾ գնդի գրավման վերաբերյալ քրեական գործում: Նա նաև այն ոստիկաններից է, որը դեպքի մասին ահազանգից հետո ժամանել է ՊՊԾ գունդ, մտել ՊՊԾ գնդի տարածք, հայտնվել կրակոցների թիրախում ու ինչ-որ պահի մարտի բռնվել «Սասնա ծռերի» անդամ Արեգ Կյուրեղյանի հետ:
Դավիթ Գևորգյանը պատմել է, որ իր սեփական «Վազ 21014» մակնիշի մեքենայով գործընկերոջ հետ մտել են գնդի տարածք, սակայն «Սասնա ծռերի» անդամ Մարտիրոս Հակոբյանը (Դեդ) կրակահերթ է սկսել նրանց ուղղությամբ: Իր պատմելով` կրակահերթից պաշտպանվելու համար իջել են մեքենայից ու վազել դեպի Սարի թաղ ու կանչել հավելյալ ուժեր:
Երբ արդեն ոստիկանները փակել են փողոցը, ինքն ու գործընկերը Գլինկայի փողոցի կողմից պատի վրայով մագլցել ու մտել են գնդի տարածք, այնուհետև անցել հերթապահ մաս: Այստեղ տեսել են Արեգ Կյուրեղյանին: Ոստիկանն ասել է, որ ցանկացել է բռնել ու նրանց «գետնին գցել», որպեսզի ձեռքներից զենքերը վերցնի, սակայն նրանք են իրեն բռնել ու միասին ընկել են գետնին:
Դավիթ Գևորգյանն իր ցուցմունքում ասել է, որ այդ պահին իրենց են մոտեցել զինված խմբի մի քանի անդամներ, որոնց թվում հիշել է միայն Ռուբեն Գրիգորյանին: Նրանք զենքերը պահել են իր վրա, պահանջել, որ հանձնվի և հարցրել են, թե արդյոք իր մոտ զենք ունի, թե՞ ոչ: Բացասական պատասխանից հետո «Սասնա ծռերի» անդամները խուզարկել են նրան ու համոզվելով, որ զինված չէ, տեղափոխել են հերթապահ մասի դռան մոտ: Հերթապահ մասի սենյակի մոտ իրեն տեղափոխելու ժամանակ տեսել է, որ զինանոցի դուռը բաց է, զինված խմբի մի քանի անդամ զինանոցում են, իսկ ՊՊԾ գնդի հերթապահ Խաչատուր Մուրադյանը կանգնած է դռան մոտ, որտեղ մնացել են մի քանի րոպե:
Տուժած ոստիկանը նշել է, որ զինված տղամարդկանցից մեկն ասել է, թե չի կարելի նվաստացնել պատանդներին, պետք չէ կապել ձեռքերը և հետո եկել է Պավլիկ Մանուկյանը և հրահանգել, որ ձեռքերն արձակեն: Նույն տարածքում երկար մնալով` զինյալների ու պատանդների միջև անձնական բնույթի խոսակցություններ էլ են եղել. ոստիկանից հետաքրքրվել են ամուսնացա՞ծ է, թե՞ ոչ: Ի պատասխան ոստիկանն ասել է, որ ամուսնացած չէ, բայց ունի մտադրություն:
Ոստիկան Դավիթն ասել է նաև, որ իր համար անհասկանալի պատճառով խոսակցություններ են տարածվել, որ ինքը նշանվելու մտադրություն ունի և արդեն հուլիսի 18-ին իր նշանադրության մասին խոսակցություններն ակտիվացել են: Իր ցուցմունքում Դավիթն ասել է, որ նշանադրվելու մտադրության մասին խաբել է, ասել է, որ պետք է նշանվի, խնդրել է Պավլիկ Մանուկյանին իրեն բաց թողնել:
Մանուկյանը համաձայնել է, սակայն մյուս զինյալները առարկել են: Այդուհանդերձ Պավել Մանուկյանն իրեն ազատ է արձակել և դուրս գալուց առաջ ասել, որ զրահաբաճկոն հագնի, քանի որ կարող է Սասնա ծռերի երիտասարդ անդամներն ուզենան իրեն սպանել: Զրահաբաճկոնը հագնելով՝ դուրս է եկել գնդից, իսկ Պավլիկ Մանուկյանն իր հետևից եկել ու պահել է իր թիկունքը, որպեսզի երիտասարդները չկրակեն ու չսպանեն իրեն, քանի որ զինված խմբի անդամներից Էդվարդ Գրիգորյանը հայտնել էր, որ եթե իրեն բաց թողնեն, սպանելու է: Հուլիսի 18-ին այս ոստիկանն ազատ է արձակվել ու արդեն իրավապահների մոտ դիտելով տեսագրություններն ու «Սասնա ծռերի» անդամների լուսանկարները՝ ներկայացրել՝ ով, ինչ է արել:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում