Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի կանայք սկսել են խոպան մեկնել Վրաստան

Հուլիս 25,2017 15:34

Aravot.am-ը ազգագրագետ Արտաշես Բոյաջյանից հետաքրքրվեց, թե կա՞ն հետազոտություններ, վիճակագրական տվյալներ, թե գյումրեցի կանանց քանի տոկոսն է մեկնում արտագնա աշխատանքի։ Նշենք, որ հատկապես վերջին 2-3 տարում Վրաստանում ծովափնյա հանգստի սեզոնը սկսվելուն պես գյումրեցի կանանցից շատերը շտապում են դեպի հարևան երկիր՝ արտագնա աշխատանքի։ «Այո, կանայք գնում են Սև ծով, տուրիստներին սպասարկելու համար ի՞նչ է պետք, հյուրատներում մաքրողներ, ճաշ եփողներ, կարկանդակ թխողներ են պետք, կարկանդակները վաճառելու խնդիր կա… Ամեն մարդ, ժողովրդական խոսքով ասած, իր գլխի ճարը տեսնում է։ Ռուսաստանի տնտեսական վիճակը հանգեցրեց նրան, որ արտագնա աշխատանքի մեկնած տղամարդիկ այլևս չեն կարող այնքան գումար վաստակել, որ տան բոլոր խնդիրները լուծեն՝ մարդկանց սնվել է պետք, հագնել, ուսանողների ուսման վճար տալ է պետք, վառելիքի ծախս տալ է պետք… Դրա համար ստիպված կանայք են մեկնում արտագնա աշխատանքի։

Շիրակի մարզում կանանց արտագնա աշխատանքի մեկնելու մասին հետազոտություն վիզուալ մակարդակով կա, բայց սոցիոլոգիական հարցումներ անելու, հետազոտություններ կատարելու մակարդակով չկան այսօրվա դրությամբ։ Հետևաբար և այսօր ճշգրիտ թվեր ասել, թե շիրակցի կանանց քանի տոկոսն է գնում արտագնա աշխատանքի, չենք կարող, զուտ հետաքրքրությունից ելնելով վիզուալ ուսումնասիրություններ ենք կատարել, բայց, իհարկե, կանանց արտագնա աշխատանքի մեկնելն այսօր փաստ է։ Ու տեսեք պատճառներից մեկն էլ որն է. հայկական կապիտալի մի զգալի մաս ներդրում է կատարվում Սև ծովի Վրաստանին պատկանող ափամերձ տարածքներում՝ Բաթումում, Քոբուլեթիում, Փոթիում։ Էդ մարդիկ ունեն հյուրանոցներ, ռեստորաններ, ու իրենք նախընտրում են, որ իրենց սպասարկման օբյեկտներում հայեր աշխատեն։ Հայերի մի մասն էլ գնում է ժամանակավոր այնտեղ աշխատելու։ Այդ գործոնն էլ կա, ու այս բոլորը հետազոտման կարիք ունի, գիտեք, որ հետազոտությունները գումար են պահանջում։

Բայց, իհարկե, կան կանայք, որոնք գնում են Երևան աշխատելու, պարտադիր չէ Ռուսաստանի Դաշնություն կամ Վրաստան գնան։ Հատկապես երիտասարդ աղջիկները Երևան են գնում աշխատելու, քանի հոգու գիտեմ, որ Գյումրիում բարձրագույն կրթություն են ստացել, ասենք՝ տուրիզմի բնագավառի կամ բանկային համակարգի մասնագետներ են, իրենք մրցույթ են անցնում ու գնում Երևանում աշխատելու»,- ասաց ազգագրագետը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31