«Քաղաքական ավանտյուրիստներին կոչ եմ անում ձեռքները հեռու պահել Նժդեհից և իրենց կասկածելի, խմբակային խաղերի մեջ չմտցնել ու չխաղարկել Նժդեհի անունը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն`անդրադառնալով վերջին օրերին իր հասցեին հնչող քննադատություններին:
Հիշեցնենք, մամուլում եւ սոցիալական ցանցերում քննադատվեցին Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությունները, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին եւ ԵԱՏՄ-ին այլընտրանք չունի: Ավելին, Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին բխում է ՀՀ ազգային եւ պետական շահերից: Էդուարդ Շարմազանովի հասցեին մեղադրանքներ հնչեցին, որ նա պաշտպանում է այդ կառույցների շահերը, հայ-ռուսական հարաբերությունների ջատագով է, ինչն էլ անարգում է Նժդեհի հիշատակը:
ԱԺ փոխխոսնակը վերահաստատում է իր այդ տեսակետը`հիշեցնելով, որ Գարեգին Նժդեհը հայ-ռուսական հարաբերություններին ընդդիմադիր չի եղել, այլ այդ հարաբերությունների զարգացման կողմնակից է եղել. «Եթե իմ խոսքերը բավարար չեն, ապա ներկայացնեմ փաստեր. Գարեգին Նժդեհի «Հատընտիրում», «Ինչո՞ւ ստեղծվեց ցեղակրոն շարժումը» հոդվածում (էջ 478), կկարդաք հետեւյալ միտքը. «Ցեղակրոնի բնական դաշնակիցը ռուս ժողովուրդն է»:
Ուստի իր ընդդիմախոսներին հորդորում է. «Անհեթեթ խոսելու փոխարեն ձեզ նեղություն տվեք ու կարդացեք Նժդեհ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ