ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահման, փաստաբանի բնորոշմամբ, անմարդկային պայմաններին: Հիշեցնենք, որ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին Թաթոյանին առաջարկել էր մեկ օր մնալ Սաֆարյանի խցում:
Լրագրողներն Արման Թաթոյանին խնդրեցին նկարագրել պայմանները: «Այդ հարկն առհասարակ խնդիրներ ունի, խցերը՝ նույնպես: «Դեզինֆեկցիայի» անհրաժեշտություն կա, որովհետեւ միջատների խնդիր կա, այդ թվում՝ այդ խցում: Պայմաններն անընդունելի են՝ խոնավության աստիճան, բնական լույսի ներթափանցման աստիճան»,-պատասխանեց Արման Թաթոյանը:
«Իսկ կոյուղաջրե՞ր» հարցին էլ այսպես արձագանքեց. «Երբ ասում եմ՝ խոնավություն, նկատի ունեմ նաեւ դա»:
ՄԻՊ-ի փոխանցմամբ՝ իրենք Գեւորգ Սաֆարյանին առաջիկայում տեսակցելու են շաբաթ օրը: Արման Թաթոյանը նշեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում որոշ խցերի պայմանների խնդիր կա, եւ իրենք այդ խնդրով խորհրդակցում են, որպեսզի փակվեն այն խցերը, որոնք այլեւս ենթակա չեն շահագործման:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ