Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանի փոխանցմամբ` պարոն Շիրխանյանը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը, թե 2015-ին Նորք Մարաշում հայտնաբերված զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանին առաջարկել է իշխանափոխության հասնել Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ կատարելու միջոցով:
Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանին եւ մյուսներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի (հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը), 235-րդ հոդվածի 3-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, կատարվել են կազմակերպված խմբի կողմից) եւ 35-300-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն): Նշենք, որ դատարան է ուղարկվել այն անձանց գործը, որոնց մեղադրանքը հետագայում խստացվել էր:
Aravot.am-ի հետ զրույցում Հայկ Ալումյանն ասաց, որ ամենաորոշիչ ապացույցը, որը մեղադրականի հիմքում է դրված, մի ձայնագրություն է, որը կատարված է օրենքի խախտմամբ և այդ ձայնագրության բովանդակությունից միանշանակությամբ չի բխում այն, ինչ այսօր վերագրվում է պարոն Շիրխանյանին:
Փաստաբանից հետաքրքրվեցինք` ի՞նչ ձայնագրություն է որպես ապացույց դրված գործի նյութերում: Պարոն Ալումյանն ասաց, որ այդ ձայնագրությունը, որն, ըստ էության, միակ ապացույց է, կատարվել է ապօրինի կերպով: Հայկ Ալումյանը մանրամասնեց. «Ապացույցներից գլխավորը, եթե չասենք միակը, այդ բավականին կասկածելի ձայնագրությունն է: Բայց դրա հետ մեկտեղ թիվ մեկ բանը, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել, այն է, որ այդ ձայնագրությունը ձեռք է բերված ապօրինաբար և ուղղակի օգտագործվել չի կարող` անկախ նրանից` դրանում ինչ է ձայնագրված»:
Պարոն Ալումյանին խնդրեցինք փակագծեր բացել` ի՞նչ կասկածելի բովանդակության մասին է խոսքը, նա պատասխանեց. «Դա ի սկզբանե ապօրինի ձայնագրություն է, քանի որ մասնավոր անձանց կողմից կատարվել է մասնավոր անձանց մասնավոր խոսակցության բովանդակության ձայնագրություն: Այն ունի երկիմաստ բովանդակություն, և կարելի է տարբեր ձևերով հասկանալ այն: Պարոն Շիրխանյանն ասում է, որ նման բովանդակության խոսակցություն ինքը չի վարել: Հարց է առաջանում` ո՞նց է ստացվել, ինչպե՞ս են հաջողացրել այս բովանդակությունը մեկնաբանել այնպես, ինչպես մեկնաբանել են»:
Մեր հարցին` հնարավո՞ր է միջնորդություն ներկայացնեն` այդ ապօրինի կատարված ձայնագրությունը հանել գործի նյութերից, փաստաբանը պատասխանեց, որ առաջիկա նիստերի ընթացքում հենց այդ միջնորդությունն էլ ներկայացնելու են` ձայնագրությունը ոչ թե հանել գործի նյութերից, այլ ճանաչել անթույլատրելի:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ