Լրահոս
Օրվա լրահոսը

Խանասոր. 120-ամեայ գաղափար-խորհրդի արդիական հնչեղութիւնը

Հուլիս 25,2017 15:07

Ատրպատականի երբեմնի հայաբնակ Սալմաստ գաւառը յորդ աղբիւր է հանդիսացել ժամանակակից քաղաքական եւ ազգային զանազան իրադարձութիւնների՝ իր հարուստ բնաշխարհով, մշակոյթով, պատմական յուշարձաններով ու դիւցազնական աննախընթաց ճակատամարտերով: Դրանցից յիշարժան են՝ նրա մերձակայքում տեղի ունեցած Վարդանանց պատերազմը, հայ ազատագրական շարժումների ընթացքում Դերիկի վանքի յաճախակի կռիւները թուրքերի ու քրդերի դէմ, Դիլմանի ճակատամարտը, որն աւարտւեց զօրավար Նազարբէկեանի եւ Անդրանիկի փայլուն յաղթանակով, ինչպէս նաեւ՝ Խանասորի արշաւանքը, 1897 թւականի ճիշտ այս օրը՝ յուլիսի 25-ին:

Արեւմտահայաստանի ազատագրական պայքարի բաբախող սիրտը համարւող Վանի 1895-6 թթ. ինքնապաշտպանական կռիւներից յետոյ, Խանասորի հայդուկային-պատժիչ արշաւանքը առանձնանում է իր վրիժառական- նախայարձակային բնոյթով, որով քուրդ հրոսակային մազրիկցիներին հասցւած հարւածը շշմեցուցիչ էր եւ հաստատապէս նպաստեց քրդական աւազակախմբերի սանձմանն ու զսպմանը, որոնք որպէս մշտական լծակիցը օսմանական բանակի՝ խոչընդոտում էին հայ զինեալների երթեւեկը թուրք-պարսկական սահմանագլխում…:

Խանասորի արշաւանքից յետոյ, Ատրպատականի ՀՅԴ Կենտրոնական կոմիտէի կողմից օգոստոսի սկզբներին հետեւեալ գրութիւնն է յղւել Դաշնակցութեան օրգան «Դրօշակ»-ի խմբագրութեանը.- «Դաշնակցութեան ստւար արշաւախումբը… յարձակում գործեց Խանասորի լեռնադաշտի վրայ եւ չորս կողմից պաշարեց Մազրիկ կոչւած արիւնարբու քուրդ ցեղին: Ֆեդայիների շեշտակի գնդակները գրեթէ բնաջինջ արին այդ թշնամի հրոսակներին, որոնց գործն էր Աղբակի բոլոր կոտորածները… որոնք դեռ անցեալ տարի Ս. Բարթուղիմէոս վանքի շրջակայքում կոտորեցին Աւետիսեանի (արմէնական), Պետոյի (դաշնակցական), եւ Մարտիկի (հնչակեան) գլխաւորութեամբ Վանից փախած հարիւրաւոր անզէն հայերի…»:

….Այսօր, 120 տարի անց էլ, Խանասորի գաղափարական թէ՛ դաստիարակչական արժէք-խորհուրդները արդիական են հնչում, յատկապէս հերոսական արշաւանքի մասին գրւած ու հեղինակւած յեղափոխական երգերի ընդմիջից, եւ որ կարեւոր է՝ հայրենական թէ՛ Սփիւռքեան հայօջախներում «Հայերը յիշում են նւիրական ա՛յս օրը եւ յուլիս ամսի 25-ին կատարում են մեծ տօնը»…

«Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր

Դերենիկ Մելիքեան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31