2016թ. ապրիլից մինչ օրս Ադրբեջանի կողմից Արցախի զինվորների եւ քաղաքացիական անձանց հանդեպ իրականացրած հանցագործությունների փաստով ՀՀ-ն Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել 359 դիմում-գանգատ. թիվը ներառում է 700 տուժած անձի, այդ թվում՝ զոհված զինծառայողների ընտանիքներ, Թալիշից եւ Մատաղիսից տեղահանված բնակիչներ: Այս մասին այսօր «Հոդված 3» մամուլի ակումբում լրագրողներին հայտնեց միջազգային իրավունքի փորձագետ, փաստաբան Արա Ղազարյանը:
«ՄԻԵԴ-ը շատ արագ կոմունիկացրեց գործերից երկու տասնյակը, ինչը մեզ համար անսպասելի էր: ՄԻԵԴ-ը հասկացավ, որ գլուխ կտրելն արտառոց դեպք է, եւ Եվրոպայի խորհուրդը չի կարող իր տարածքում նման դեպքեր թույլ տալ»,-տեղեկացրեց նա:
Փորձագետը նշեց, որ դիմումներում շեշտադրել են հատկապես Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության հանդեպ կյանքի իրավունքի ոտնահարման փաստը. «Պատկերացրեք, բնակիչն ինձ նամակ է գրում, որ իրենք ամեն օր քնելուց առաջ անձնագրերը եւ երեխաների ծննդականները մի տոպրակով կախում են դռան բռնակից, որ անհրաժեշտության դեպքում արագ դուրս գան: Նրանք ամեն օր սպասում են ռմբակոծության, բայց հերոսաբար են ապրում»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ