Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում գտնվում է Ալեքսանդրու Պլամիադիալայի անվան գեղարվեստի քոլեջը, որը սկզբնավորվել է 1887-ին, այն ժամանակ, սակայն, հաստատությունը ուղղակի մասնավոր դպրոց էր: Պլամիադիալայի անվան քոլեջը խորհրդային տարիներին կոչվում էր Ի. Ռեպինի անվան գեղարվեստամանկավարժական ուսումնարան: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այստեղ ինչպես կրթական հաստատությունները, այնպես էլ փողոցների անունները փոխվեցին, բացառությամբ Քիշնեւի կենտրոնում գտնվող Հայկական փողոցի:
Պլամիադիալայի անվան քոլեջը տեսակով հիշեցնում է Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջը: Մոլդովայում շատ նկարիչներ այստեղ են իրենց մասնագիտական մկրտությունը ստացել: Ինչպես հայկական քոլեջում, մոլդովականում եւս մնացել են նվիրյալները: Քոլեջի` որակի գծով փոխտնօրեն Նինա Համուրարին ասում է, որ իրենց գերդաստանի 4 սերունդ այս քոլեջն է ավարտել: Այսօր էլ շատ են շնորհալի ուսանողները: Մյուս կողմից էլ, ի տարբերություն երեւանյան քոլեջի, մոլդովականը դիմորդների խնդիր ունի, այստեղ անգամ ռուսական դասարաններ են պահպանել: Բանն այն է, որ երիտասարդները նախընտրում են այնպիսի կրթական հաստատություններում սովորել, որ հետո կարողանան բարձր վարձատրվող աշխատանք գտնել:
Aravot.am-ը հնարավորություն ունեցավ դիտելու շրջանավարտների դիպլոմային աշխատանքները: Դրանցից մեկը նվիրված էր սիրիացի փախստականների թեմային: Մոլդովական կառավարությունը ժամանակին առաջարկել էր ընդունել 30000 սիրիացի փախստականների, սակայն դա, տեղացիների հավաստմամբ, իրականում լոզունգ էր, ֆարս: Մի ուսանողուհի էլ հեգնել էր կառավարության շեփորումները ու նկարել է 30000-ի փոխարեն 300 000 սիրիացիների` ակնարկելով ամեն ինչ երկրում ուռճացված ներկայացնելը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Քիշնեւ- Երեւան