2016թ. Ադրբեջանի սանզազերծած ռազմական գործողություններից հետո Արցախի ՄԻՊ-ի՝ հակառակորդի վայրագությունների եւ միջազգային իրավունքի կոպիտ խախտումների վերաբերյալ հրապարակած հանգամանալից զեկույցներին վերջերս հղումներ են կատարել Freedom House-ը եւ Միջազգային ճգնաժամային խումբը: Սա, ըստ Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի, աննախադեպ փաստ է, քանի որ միջազգային իրավապաշտպան կառույցները հղում են արել չճանաչված պետության օմբուդսմանի զեկույցներին:
«Մենք դատարան չենք, մենք փաստահավաք աշխատանք ենք իրականացնում եւ տեղեկատվության տարածում՝ միջազգային կառույցներում»,-«Հոդված 3» մամուլի ակումբում այսօր ասաց Ռուբեն Մելիքյանը:
Անդրադառնալով հակառակորդի կողմից հուլիսի սկզբին նախահարձակ գործողություններին, որոնց հետեւանքով ադրբեջանական Ալխանլու գյուղում զոհվեցին երեխա եւ կին, Ռուբեն Մելիքյանը նշեց. «Ադրբեջանը չարաշահեց երեխայի մարմինը…Ուղղակի չէի պատկերացնում, որ նման բան հնարավոր է անել: Նրանք հրապարակեցին դատաբժշկական փորձաքննության սենյակում արված երեխայի մարմնի լուսանկարը, անգամ հուղարկավորությունն այդ արյունոտ լուսանկարով արեցին…Սա հեռու է բանականության սահմաններից»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ