ՆԱՄԱԿ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻՆ
Պարոն Նախագահ,
Ձեզ գրում եմ իմ մայրենի լեզվով, քանի որ վստահ եմ, որ նախ՝ եթե Դուք էլ ինձ գրեիք, ապա կգրեիք Ձե՛ր մայրենի լեզվով, երկրորդ՝ այս գրությունը դեռ համակարգչիցս դուրս չեկած՝ ձերոնք կամ մեր պնակալեզներն արդեն եթե ոչ Ձեզ, ապա Ձեր պաշտոնյաներին ռուսերեն ներկայացրած կլինեն՝ գուցեև որակյալ թարգմանությամբ: Հուսամ՝ պատասխան լինելու դեպքում՝ կլինի ռուսերեն, բայց ոչ ռուսավարի, ինչը վերջին երկու հարյուր տարում իմ ազգի իրական մտավորականները դառնորեն ճաշակել են:
Պարոն Նախագահ, ես ինձ երբեք թույլ չէի տա Ձեզ գրել, քանի որ Դուք խորհրդային չեկիստ եք եղել, ես՝ այդ կառույցն ատող, Դուք Խորհրդային Միության կործանումը ողբերգություն եք համարում, ես՝ իմ կյանքի մեծագույն երջանկություններից: Բայց Ձեր մայրենի լեզվի մասին Ձեր վերջին մտքերի ամենայն անկեղծությամբ ու խորին հավատամքով ասված լինելը, երբ Դուք ռուսերենը անվանեցիք «ձեր երկրի հոգևոր կարկասը», պարզապես հիացրեց ինձ, ավելին՝ ստիպեց հարգել Ձեզ: Ինձ համար էլ իմ ցեղի լեզուն է իմ երկրի, իմ ամենայն հոգևորի կարկասը: Այստեղ մենք կարող ենք հասկանալ միմյանց, նույնիսկ հարազատ լինել՝ չդադարելով տարբեր երազներ ու շահեր ունենալուց: Մեր ամենամեծ բանաստեղծը Թումանյանը, ինչպես ձեզանում Պուշկինն է, մի փոքրիկ գործ ունի, որտեղ ասում է, որ փոքրիկ ծիծեռնակի մայրն էլ մայր է ու նրա սիրտն էլ՝ մայրական սիրտ: Վստահ եմ՝ Դուք էլ հասկացաք ասածս: Վստահ եմ, որ լավ կհասկանաք նաև այն, ինչ կասեմ ստորև:
Պարոն Նախագահ, Ձեր հետապնդած քաղաքականության դիրքերից Դուք լրիվ իրավունքն ունեք մեր ժողովրդի մասին բարձրաձայն մտածել՝ դատելով Ձեր իսկ երկրի վարած քաղաքականությամբ մեր ժողովրդի վզին փաթաթված և Ձեզ հետ անձնապես շփվելու հնարավորություն ունեցող աբրահամյաններով, սարգսյաններով…, խնդրագրի ու զեկուցագրի ժանրերով շփվող բալայաններով, թեև սեփական լեզվի հոգևոր ակունքի խորը գիտակցումն ունեցող մեկը, այսինքն՝ Դուք, շատ լավ տիրապետում եք ճշմարտությանը: Ինքս էլ եմ այդպես վարվում՝ իմ չափով, իմ տեղում: Կուզե՞ք օրինակ. խնդրեմ. ես չեմ պատասխանում իմ դստեր այն հարցերին, որոնց մեջ ռուսերեն բառեր կամ դարձվածներ է օգտագործում, թեև ինքս եթե կարդում եմ կամ տեսանյութեր դիտում, ապա իմ իմացած միակ օտար լեզվով՝ ռուսերենով, եթե բանաստեղծ են ասում, ապա Եսենին եմ պատկերացնում, եթե արձակագիր են ասում, Դոստոևսկի եմ պատկերացնում: Ավելի քան վստահ եմ, որ այստեղ էլ հասկացանք միմյանց:
Պարոն նախագահ, Ձեր՝ մայրենի ռուսերենի մասին ասածից հետո արդեն կասկած չունեմ, որ կարող եք գիտակցել, թե շատ փոքրիկ մնացած Հայաստանում կան իրենց մայրենի լեզվի՝ հայերենի, ազգապահպան դերը գիտակցող մարդիկ, որոնք կվարվեն այնպես, ինչպես Դուք կվարվեիք, եթե Ձեր մայրենիի դեմ խորամանկ, դավադիր, արդեն՝ ցինիկ հարվածներ լինեին:
Մենք՝ հայերս, քանի որ ռուսների պես ո՛չ լայնածավալ տարածքներ ունենք, որ մայրաքաղաքը հանձնելուց հետո անգամ հաղթենք երկիր խուժած թշնամուն (այդպիսի բան մեզ հետ եղել ու անցել է շատ վաղուց, ավելի քան երկու հազար տարի առաջ), ո՛չ միջուկային զենք ունենք, ո՛չ նավթ ու գազ, ո՛չ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ ենք, ուրեմն մեր եթե ոչ միակ, ապա գերագույն արժեքը, արժեքների արժեքը մեր լեզուն է: Այդ է պատճառը, որ շատ զիջումների ու զոհողությունների ենք համաձայնում, սակայն մեր լեզուն մեր աչքի բիբն է, ու երբ դիպչեն նրան, մենք դատապարտված կլինենք ասիմետրիկ հարվածներ հասցնելու դիպչողին:
Գիտե՞ք, խորհրդային ժամանակներում հայ քաղկալանավորներից մեկը, մի գյուղացի հայ տղա, ով խորհրդային համակենտրոնացման ճամբարներում առեղծվածային մահով ոչնչացվեց, Իշխան Մկրտչյանը, այսպիսի բան էր ասել դատարանում. «Եթե իմ լեզուն պետք է մեռնի, ապա թող ես մեռնեմ նրանից առաջ»: Ի դեպ, այդ տղայի անձնագրային անունը Կնյազ էր, որ ինքը նորից թարգմանել ու վերահայացրել էր, ինչպես Դուք եք այսօր ճգնում անել՝ լատինատառ դոմեններն ու հասցեները կիրիլիցայի և ռուսերենի դարձնելով: Դուք անձամբ կամ ռուսական պետությունը շահ ունե՞ք, որ հայերս մեր ազգային լեզուն որպես մայրենի լեզու կորցնենք (թեև չենք կորցնի՝ կասկած չունենաք):
Պարոն Նախագահ, ես ընկալում եմ Ձեզ. Ձեր արյունը պատմության հետ է շրջանառվում, ի՞նչ կերպ կմնաք այդ պատմության մեջ, եթե հարյուրամյակներ հետո գրվի, որ մի լեզու՝ հայերենը, որ ապրել էր ասորեստանցիների, աքեմենյանների, սելևկյանների, հռոմեացիների, բյուզանդացիների, մոնղոլների, պարսիկների, թուրքերի, ռուսների կայսրություններում, վերացավ (կրկնեմ՝ դա չի՛ լինի), որովհետև նրա դեմ ելավ ու իր կայսրության հզոր զենքերն օգտագործեց Վլադիմիր Պուտինը: Կարծում եմ՝ հակառա՛կ առաքելությունն իրականացնելը Ձեզ պատմության մեջ պատիվ կբերի. գուցե սխալվո՞ւմ եմ: Չէ՞ որ Դուք ինչ-որ վագրատեսակների փրկելու ջանքեր եք գործադրում. մի՞թե միայն Աստծո ստեղծած գիշատիչներն իրավունք ունեն ապրելու, թե՞ նույն Աստծո ստեղծած ծիծեռնակները ևս, որոնց մասին մեր Թումանյանն էր հոգում: Դուք պահպանողակա՞ն եք, ինչպես ես, թե՞ ոչնչացնող: Երկու պահպանողական կարող են հասկանալ հարցադրման էությունը:
Ռուսական կայսրությունը ցարերի ժամանակ, ոչ լրիվ 100 տարվա մեջ երեք անգամ հատուկ հրամանագրերով արգելեց հայկական դպրոցները (թուրքական պետության մեջ ոչ մի անգամ այդպիսի բան չէր եղել 600 տարվա մեջ). մեր դպրոցների մասին գրավոր հիշատակությունները, ի դեպ, 5-րդ դարի սկզբից են: Ռուսական իշխանության ժամանակ մենք՝ հայերս, չունեցանք դասական գրողներ, մտավորականներ, որոնք չանհետանային, չոչնչացվեին կամ առնվազն չբանտարկվեին, թեև դա մենք խոհեմաբար կամ, երևի Ձեր շրջապատի հայկական ազգանուն ունեցողներից դատելով, կկարծեք՝ վախից, լռության ենք մատնում, շրջանցում ենք՝ հիշելով միայն, որ Օսմանյան Թուրքիայում 1915-ին ոչնչացվեց մեր մտավորականների մեծագույն մասը: Եվ այն էլ գիտե՞ք ինչու (այսուհետ կարող ենք և ասել). որովհետև հայերը 19-20-րդ դարերում ընդհանուր հայրենիք ուզեցին կառուցել ոչ թե թուրքերի, այլ ռուսների հետ՝ ամեն ռուս-թուրքական պատերազմին տալով տասնյակ հազարավոր զոհեր:
Մենք, իհարկե, կուզեինք, որ 21-րդ դարում ռուս մարդու կերպարը մեզանում ամբողջանար Դոստոևսկու Դմիտրի և Ալյոշա Կարամազովների տեսքով և ոչ թե Սալտիկով-Շչեդրինի այն երկու բարինների, որոնց համար իր ձեռքի մեջ մուժիկը ձվածեղ արեց ու մատուցեց, բայց բարինները երախտամոռ սրիկա էին: Արդեն 200 տարի է՝ մենք այդ ձվածեղն ենք մատուցում Ռուսաստանին՝ հուսալով, որ գուցե մեկ անգամ մշակութաբանորեն մեզ ոչ խորթ Ռուսաստանի իշխանությունն այդ բարինների նման չի լինի: Վստահ եմ, որ Դուք չափազանց լավ ըմբռնում եք և ընդամենը մեր ցածր խավի համար քարոզչական նպատակով եք Ձեր Ժիրինովսկու և մյուսների բերանով շրջանառում այն թեզը, թե՝ «Կուդա արմյանի դենուտսյա»: Ձեզ բաժին է ընկել 21-րդ դարը, մեզ՝ նույնպես: Հիմա մեր գիտակցությունները պատրաստ են ոչ միայն չկրկնել 200-ամյա մեր միամտությունը և սեփական ափի մեջ անվճար ձվածեղ չմատուցել, գլոբալացած աշխարհի համակարգերը ռուսական համակարգի հետ համեմատել և ընտրություն կատարել, այլև Իշխան Մկրտչյանի նման մինչ վերջ գնալով՝ ասել. «Եթե մեր լեզուն պետք է մեռնի, ապա մենք պատրաստ ենք մեռնել նրանից առաջ»: Հայերենը, իհարկե, չի մեռնի, բայց այդ դեպքում մեռցնել ցանկացողի և մեր միջև կդրվի այն սուրը, որով Աստված փակեց այս ու այն աշխարհների սահմանը: Նույնիսկ մեռցնել՝ փոխարինել կամ զուգահեռել ռուսերենին, հաջողելու անհավանական դեպքում, հավատացեք, հայերս արդեն գիտակցում ենք, որ Ձեր սահմանները կանցնեն հայերի հիմնած Ռոստովից շատ ու շատ հյուսիս, բավականին հեռու Թամանից Ղրիմ կառուցվող կամրջից, որտեղ բառի բուն իմաստով իր արյունն է թափել հարազատ պապս: 21-րդ դարում այլևս չեն անցնում խորհրդային այն հեքիաթները, թե այդ արյունը պապս նացիզմի դեմ թափել է Հայաստանի համար: Հիմա այդ արյան գինը չէ, որ պահանջում եմ, քավ լիցի:
Պարզապես վաստակած իրավունքով Ձեր պատկերացրած ռուս հայրենասերից՝ անձամբ Ձեզանից, հայ հայրենասերի զգացմունքների ըմբռնում և հարգանք եմ ակնկալում, սեփական մայրենի լեզվի բարձրագույն արժեքը գիտակցողից հայ մարդուս համար իմ մայրենի լեզվի բարձրագույն արժեք լինելու գիտակցում և նրա դեմ ոտնձգությունից հրաժարում եմ պահանջում. շատ չէ՝ կարծում եմ: Հարգեք և պիտի հարգվեք, սիրեք և պիտի սիրվեք, ողորմացեք և պիտի ողորմություն գտնեք: Վստահ եմ, որ սա էլ հասկանում եք. չէ՞ որ ամեն տոնի ռուսական եկեղեցում խաչակնքվելիս և մոմ վառելիս ենք Ձեզ էկրաններին տեսնում:
Պարոն Նախագահ, Դուք պատմական անձնավորություն եք, Դուք միանգամայն հնարավորություն ունեք իմ Հոգևոր Հայրենիքի հանդեպ Ձեր ընտրությունը ո՛չ թշնամաբար, այլ արժանապատիվ ու ստրատեգիապես հիմնավորված տանելու: Ընտրությունը բացառապես Ձե՛րն է՝ մենք Ձեր դաշնակի՞ցը կլինենք, թե՞ մահվան դատապարտվածի վճռականությունն ունեցող հակառակորդը: Մենք առաջինը կնախընտրեինք: Իսկ Դո՞ւք:
Հարգանքով և բարեմաղթությամբ՝ Միքայէլ Հայրապետեան
Պահպանողական կուսակցության նախագահ
Հ.Գ. Պարոն նախագահ, պարզվեց, որ Ձեր պաշտոնական կայքի հասցեով այս նամակն ուղարկելն անհնարին է, քանի որ Ձեր կայքի անկետայում ներկայացված պահանջներին բավարարելն անընդունելի է ցանկացած իրեն հարգող ոչ ռուս մարդու համար:
Վերջին նախադասությունը, ինչպես ասում են՝ սպանեց իր տրամաբանությամբ. Ձեր կայքի անկետայում ներկայացված պահանջներին բավարարելն անընդունելի է ցանկացած իրեն հարգող ոչ ռուս մարդու համար:
Այսինքն, ՌԴ նախագահի պաշտոնական կայքը ստեղծողները պիտի հոգային ոչ ռուսաստանցի և ոչ ռուսախոս նամակագիրների լեզվական հոգսերը նաև:
Իսկ հեղինակի հայրենասիրանական պաթոսը հօդս է ցնդում հայաստանցիների մի մասին ցածր խավ պիտակավորմամբ: Հատուկ խարան կա երևի՝ ցածր խավ գրվածքով. դաջում են նրա ճակատին, ում կընտրի հեղինակը: