«Ժողովուրդ» թերթը ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունից փորձել է պարզել, թե Կարեն Կարապետյանի պաշտոնավարման այս ամիսներին կոնկրետ ո՞ր ընկերությունը ո՞ր ոլորտում որքա՞ն ներդրում է իրականացրել։ Բայց ապարդյուն, նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանն ասել է, թե դա առեւտրային գաղտնիք է, հետեւաբար իրենք չեն կարող հրապարակել այդ տվյալները։
Թե ինչու են իշխանություններն առեւտրային գաղտնիքի անվան տակ թաքցնում այս տեղեկությունները, դժվար չէ ենթադրել, տվյալների ավելի մանրամասն հրապարակմամբ հնարավորություն կստեղծվի ավելի հստակ պատկերացում կազմել ներդրումների իրական ծավալների մասին, եւ այդ դեպքում արդեն կբացահայտվի իշխանությունների բլեֆը. արդեն հնարավոր կլինի պարզել, թե կոնկրետ ո՞ր ընկերությունը ո՞ր ոլորտում է ներդրել իր գումարները, արդյո՞ք դրանք իսկապես օտարերկրյա կազմակերպություններ են, թե արտերկրում գրանցված, բայց Հայաստանի իշխանություններին պատկանող ընկերությունները։
Բացի այդ՝ այսպես հնարավորություն կստեղծվի պարզել, թե այդ ներդրումները հենց Կարեն Կարապետյանի խոստումների շարքի՞ց են, թե՞ նրա նախկինից ժառանգություն մնացած ծրագրերն են. օրինակ՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման դեպքում ամերիկյան «Լիդիան Արմենիա» ընկերությունը մի քանի տարվա ներդրումային ծրագիր է ներկայացրել, եւ այն իրականացնում է ըստ հաստատված փաստաթղթի, անկախ կառավարության փոփոխություններից։ Այնպես որ, իշխանությունների այս գաղտնապահությունը պատահական չէ:
Արման ԳԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում