Վերջերս Առողջապահության միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) հրապարակեց շաքարի՝ այդ «քաղցր մահվան» օգտագործման անվտանգ չափաբաժինները։ Դրանք շատերին ցնցեցին. պարզվում է՝ մենք մի քանի անգամ ավելի շատ շաքար ենք օգտագործում, քան խորհուրդ են տալիս փորձագետները։
ԻՆՉՊԵՍ Է ՇԱՔԱՐԸ ՆՊԱՍՏՈՒՄ ՃԱՐՊԱԿԱԼՄԱՆԸ
Առանց չափազանցության կարելի է ասել, որ շաքարի անսահմանափակ օգտագործումը մահացու է. «ավելորդ շաքարը» հանգեցնում է լուրջ հիվանդությունների։ Գիտնականները վաղուց են ուսումնասիրել կենսաքիմիական մեխանիզմները, որոնց միջոցով շաքարն ու մյուս ածխաջրերը մեր օրգանիզմում վերափոխվում են ճարպերի։
Ավելին՝ նրանք համարում են, որ օրգանիզմում կուտակվող ճարպերի քանակն ավելի շուտ կախված է սննդամթերքի մեջ շաքարի եւ այլ ածխաջրերի պարունակությունից, քան բուն ճարպերից։
Շաքարը մեր օրգանիզմում ենթամաշկային ճարպի է վերածվում հետեւյալ ճանապարհով։ Մարսողական համակարգում այն տրոհվում է գլյուկոզայի, իսկ հետո ներծծվում արյան մեջ։ Գլյուկոզայի մի մասը պահեստվում է լյարդում՝ գլիկոգենի տեսքով, իսկ ողջ ավելցուկը՝ ճարպային բջիջներում ու լյարդում ընթացող մի շարք կենսաքիմիական ռեակցիաներից հետո վերածվում ամենաիսկական ճարպի։
Ճարպային բջիջների մեջ գլյուկոզայի ներթափանցմանը նպաստում է ինսուլին հորմոնը։ Ենթաստամոքսային գեղձի արտազատում է դա՝ ի պատասխան աղիքներից արյան մեջ գլյուկոզայի արտազատման։ Եվ որքան ավելի շատ է գլյուկոզան, այնքան շատ է ինսուլինը, եւ այնքան ավելի մեծ քանակությամբ ճարպ է սինթեզվում։
Սկզբում դա հանգեցնում է ճարպակալման, հետո առաջացնում շաքարախտ, հիպերտոնիա եւ աթերոսկլերոզ։ Այս հիվանդությունները կազմում են մեկ անքակտելի կծիկ, դրանց զարգացման մեխանիզմներն այնքան փոխկապակցված են, որ օգնում են միմյանց զարգանալ։ Եվ, ըստ էության, ներկայումս բժիշկները համարում են դրանք մեկ հիվանդություն, այսպես կոչված՝ մետաբոլիկ սինդրոմ։
ՉԱՓԱԲԱԺԻՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ԳԵՐԱԶԱՆՑՎՈՒՄ Է
Եթե հաշվի առնենք, որ նորմալ տղամարդու համար կալորիաների օրաբաժինը մոտ 2400 կ/կալ է, ապա շաքարի չափաբաժինը կկազմի օրական 60 գրամ։ Կանանց համար, որոնց կալորիաների միջին օրաբաժինը 2000 կ/կալ է, դա ավելի քիչ է՝ 50 գրամ։
Եթե հաշվարկենք դա շաքարի կտորներով կամ թեյի գդալներով (դրանց քաշը գրեթե նույնն է՝ 5 գրամ), ապա կստանանք համապատասխանաբար 12 գդալ՝ տղամարդկանց համար եւ 10-ը՝ կանանց։ Շատերը այդ քանակը կուլ են տալիս երկու բաժակ թեյի հետ։
Սակայն մի՛ շտապեք ուրախանալ, եթե քաղցր թեյի սիրահար չեք։ Երբ ԱՄԿ-ի փորձագետները խոսում են շաքարի գործածման չափաբաժինների մասին, նրանք նկատի ունեն ոչ միայն շաքարամանի պարունակությունը, սուրճը, թթվասերը, կաթնաշոռը, շիլան, այլեւ, այսպես կոչված, ազատ շաքարները (free sugars)։
Դրանց թվին են պատկանում այն բոլոր շաքարանյութերը, որոնք «սննդարդյունաբերողները, խոհարարները կամ սպառողները ավելացնում են մթերքին՝ գումարած մեղրի, օշարակների ու մրգահյութերի մեջ առկա բնական շաքարը»։
Բայց սա էլ ամենը չէ. նրանք նկատի ունեն ոչ միայն սեղանի շաքարը (քիմիկոսները անվանում են դա սախարոզա), ֆրուկտոզան, ածիկաշաքարը, (մալտոզա) եւ որոշ այլ քաղցր շաքարանյութեր։ Դրանց մասին մենք գրեթե չենք մտածում, քանզի չափազանց հազվադեպ են լինում մեր խոհանոցում անխառն վիճակում։ Սակայն ամենուր հանդիպում են արդյունաբերական մթերքների մեջ, ինչը հեշտությամբ կարելի է պարզել՝ ուշադիր կարդալով պիտակի վրա նշված բաղադրությունը։
Լ. Վարդանյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում