Ըստ «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի տնօրեն Վարուժան Մելքոնյանի, որը ժամանակին Քրեակատարողական վարչության պետի տեղակալ է աշխատել, Ռուբեն Պողոսյանի հաճախորդ Հրանտ Համբարձումյանը, որը դանակահարել ու սպանել է Պողոսյանին, մոտ երկու տարի բուժվում էր կենտրոնում եւ ոչ մի անգամ ագրեսիվ վարք չի դրսեւորել։ «Նա քաղաքակիրթ երիտասարդ էր, բարեկիրթ, կիրթ պահվածք ուներ, խոսելաոճ, էթիկայի նորմերը պահում էր»,- ասում է «Այգի» տնօրենը։
Հրանտ Համբարձումյանի հետ միշտ աշխատել է նույն հոգեբանը՝ Ռուբեն Պողոսյանը։
Այդ դեպքում կարո՞ղ էր արդյոք առողջ անձը, որը երկու տարի շարունակ մասնագետի հսկողության տակ է եղել, հանկարծ պահի տակ առանձնակի դաժանությամբ սպանել իր հետ աշխատող հոգեբանին, իսկ հոգեբանը կարո՞ղ էր չնկատել, թե ինչի է նա ընդունակ։ «Այգ»-ում պատասխան դեռ չունեն։ Տնօրեն Մելքոնյանը վստահեցնում է. «Այս հարցերը խորը մասնագիտական վերլուծության կարիք ունեն, եւ հապճեպ եզրակացություններ անել չի կարելի։ Մենք էլ մեր ուսումնասիրությունն ենք անում, շուտով մամուլի ասուլիս ենք հրավիրելու եւ բոլոր հարցերին կփորձենք պատասխանել»։
Այս օրերին վարկած էր հնչում, թե Հրանտ Համբարձումյանը դժգոհ է եղել իրեն մատուցած հոգեբանական ծառայություններից, եւ սա է եղել սպանության դրդապատճառը։ «Այգի» տնօրենը վստահեցնում է, որ երիտասարդը երբեք չի դժգոհել։ «Եթե դժգոհություն է լինում, դիմում են մեզ, մենք փոխում ենք մասնագետին կամ այլ միջոցներ ենք ձեռնարկում, բայց իր կողմից չենք ունեցել ֆիքսված որեւէ բողոք»,- ասում է Վարուժան Մելքոնյանը:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում