Անցյալ շաբաթ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովն ընդունեց 2018թ. Պետական, արտասահմանյան գործարքների և հարակից ծրագրերի (SFOPS) հատկացումների օրինագիծը: Այս մասին ասվում է Ամերիկայի հայկական համագումարի հաղորդագրության մեջ:
Ընդհանուր առմամբ օրինագծով SFOPS-ի համար տրամադրվում է 47.4 մլրդ դոլար, ինչը 10 մլրդով պակաս է, քան նախորդ ֆինանսական տարում: Օրինագիծը պահպանել է Բաժին 907-ը երկրներին աջակցություն տրամադրելու մասին, ինչպես նաև ակնարկվում է սիրիացի փախստականներ ընդունող երկրներին հատկացվող օգնության մասին:
«Մենք ողջունում ենք Հատկացումների հանձնաժողովի որոշումը՝ ընդգծել փախստականներին և նրանց ընդունող երկրներին հատկացվող օգնության կարևորությունը,- ասել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:- Մինչ այժմ Հայաստանն ընդունել է 22 հազար փախստական Սիրիայից, որոնք փախել են իրենց ընտանիքների հետ: Մինչ Սիրիայում պայմանները վատթարանում են, Հայաստանը շարունակում է ծառայել որպես ապաստարան հետապնդվող քրիստոնյաների և այլ խմբերի համար, որոնք Մերձավոր Արևելքում գտնվում են ցեղասպանության կամ բռնության վտանգի տակ: Քանի դեռ Սիրիայում մարդասիրական ճգնաժամը շարունակվում է, մենք պետք է ապահովենք, որ օգնությունը հասնի կարիքավորներին, այդ թվում Հայաստանին՝ որպես փախստականներ ընդունող երկիր»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ