Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք են սթափ վերլուծություններ

Հուլիս 25,2017 10:12

Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունները լուրջ ներուժ ունեն: Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Իրանի հարաբերություններում խնդիրներ են առաջացել, որոնք, կարծես թե, մոտակա տարիներին չեն լուծվելու: Իրանին այլընտրանքային ճանապարհներ են պետք, եւ այս պարագայում հայկական ուղղությունը ռազմավարական է դառնում: Թե որքանով է դա մեզ պետք՝ առանձնապես ապացուցելու խնդիր չկա: Եթե մեր երկրի տարածքում կառուցվի նորմալ թողունակությամբ գազատար, առավել եւս` երկաթուղի, դա էական նշանակություն կունենա մեր տնտեսության համար: Եթե Հայաստանում եւ, ինչու չէ, նաեւ Արցախում լինեն իրանական կապիտալով ձեռնարկություններ, դա կարեւոր դեր կխաղա նաեւ անվտանգության առումով:

Ինչն է դրան խանգարում: Շատերը վստահ են, որ խնդիրը ոչ թե գումարների բացակայությունն է, այլ Ռուսաստանի հակազդեցությունը: Թերեւս դա այդպես է: Բայց: Ասելիքս հենց այդ «բայց»-ից հետո է: Կա երկու ճանապարհ՝ կա՛մ կշտամբել Ռուսաստանին, նեղանալ այդ երկրի ղեկավարությունից, մեղադրել նրան, կա՛մ հասկանալ, թե որն է այդ երկրի շահը, եւ փորձել բանակցությունների միջոցով մոտեցնել, համադրել այդ շահը Հայաստանի եւ Իրանի շահերի հետ: Մինչդեռ Ռուսաստանի վերաբերյալ լուրջ վերլուծությունների փոխարեն մենք հիմնականում կարդում ենք կա՛մ անկապ «քլնգոցներ», կամ էլ Պուտինի իմաստությունը փառաբանող ձոներ: Թվերի եւ փաստերի հետ գործ ունեցող վերլուծական միտք, որպես այդպիսին, չկա, կա «քլնգող» կամ «փառաբանող» միտք, որից ոչ մի օգուտ չկա՝ բացի Ռուսաստանը սիրողների կամ ատողների սիրտը հովացնելուց:

Նույնը՝ ցանկացած խնդրի դեպքում: Վերցնենք թեկուզ ամենացավոտը՝ արտագաղթը: «Վայ-վույ, սաղ գնացին, էլ մարդ չմնաց, պատճառն ապաշնորհ, ապօրինի իշխանություններն են». այդ՝ 25 տարվա ընթացքում չփոխվող հռետորաբանությունը միանգամայն տեղին է նախընտրական ժամանակահատվածում, բայց համապետական ընտրություններ մոտակա հինգ տարիներին կարծես թե չեն լինելու: Հիմա իրենց խոսքը պետք է ասեն «քարոզչական պարտավորություններից» ազատված վերլուծաբանները՝ քանի հոգի է գնացել, սոցիալական որ շերտերի, որտեղ են հիմա նրանք, ինչով են զբաղված, ինչ հնարավորություն կա նրանց վերադարձնելու: Ինչպես կարելի է կազմակերպել ավանդական Սփյուռքի ներկայացուցիչների հայրենադարձությունը: Ընդհանրապես, ինձ թվում է, Հայաստանին պետք է ոչ թե Սփյուռքի նախարարություն, որն անցկացնում է բազմաթիվ լավ կամ վատ միջոցառումներ սփյուռքահայերի համար, այլ Ներգաղթի եւ հայրենադարձության նախարարություն, որը կզբաղվի կոնկրետ խնդիրների վերլուծությամբ, եւ որի արդյունավետությունը կչափվի դրանց լուծմամբ:

…Խորհրդային Հայաստանի վարչապետ Ալեքսանդր Մյասնիկյանը հայրենիք գալու կոչ էր անում դրսում ապրող հայերին եւ չէր կարող նրանց համար ապահովել ոչ արդարություն, ոչ ժողովրդավարական կարգեր, ոչ էլ առավել եւս՝ բարեկեցիկ կյանք: Բայց ինչ-որ բան կար, որը մարդկանց բերում էր Հայաստան: Մյասնիկյանի հեռատեսությունը, կարծում եմ, նաեւ այն էր, որ նա հասկանում էր՝ պետք է հրավիրել նախեւառաջ մտավորականներին: Իսկ թե ինչու էր (եւ՝ է) հատկապես դա՛ կարեւոր՝ այդ մասին՝ մեկ ուրիշ անգամ:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Իսրայէլ պետութիւնը, որի հետ շատ ենք համեմատւում (երբեմն՝ անտեղի), բնականաբար, ՉՈՒՆԻ «Սփիւռքի նախարարութիւն»: Ովքեր ծանօթ են այդ պետութեան գաղափարախօսութեանը, գիտեն, որ դրա հիմքում Իսրայէլը՝ որպէս հրէական պետութիւն ունենալն, ուստի նրանց նպատակն է աշխարհի բոլոր հրեաներին «հաւաքել» Իսրայէլում:
    Այդ իսկ պատճառով համապատասխան նախարարութիւնը կոչւում է «Հայրենադարձութեան եւ ինտեգրման նախարարութիւն (משרד העלייה והקליטה, ‘միսրադ հաալիյա վէ հակլիտա’):

    Երբ Կարէն Կարապետեանի կառավարութիւնը ձեւաւորւում էր, «Էկոնոմիկայի նախարարութիւնը» դարձաւ «Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարութիւն»: Յիշում եմ, որ այդ ժամանակ մի պաշտօնեայ իրաւացիօրէն բացատրում էր, որ բառերը կարեւոր են: Անունը փոխելով նրանք ուզում են շեշտել, որ մեծ տեղ են հատկացնելու ներդրումներին:

    Այո՛, բառերը կարեւոր են: Դրանք նաեւ հոգեբանութիւն են ձեւաւորում:

    Նոյն բանը Իսրայէլի պարագայում է: Այդ նախարարութեան անունը վերջերս է փոխուել: Եւ այդ քայլով իսրայէլացիները ընդգծում ենք, որ հայրենադարձութիւնից զատ կարեւոր է նաեւ հայրենադարձուածների ինտեգրումը իսրայէլական հասարակութեանը:

    Իսկ ինչ ենք տեսնում Հայաստանի պարագայում: Իմ տպաւորութեամբ հայկական պետութիւնը հայրենադարձութեան խնդիրներով առանձնապէս հետաքրքրուած չէ:

    Վերջերս նոյնիսկ [մէջբերում եմ] «Ժնեւեան համաժողովին Հրանուշ Յակոբեանը կարեւորել է ՄԱԿ-ի մակարդակով ‘Սփիւռք’ եզրը սահմանելու հարցը»: (Երեւան, 18 Յունիս, ԱրմէնՊրես):

    Սրանք մանրուքներ չեն: Դրանք փայլուն կերպով ցոյց են տալիս, որ այս պետութեանը (գոնէ հիմա) հայրենադարձութիւնը չի հետաքրքրում, այլ սփիւռքն է հետաքրքրում:

    • Աստծու սիրույն Իսրայելին հանգիստ թողեք եւ յուրաքանչյուր պատեհ անպատեհ առիթներով ոտք մի մեկնեք եւ մի համեմատվեք…Կարճ՝ Երբ Հայաստան կմտնի այնքան ՓՈՂ,որքան Իսրայել, (չհաշված մանր ու մեծ գողությունները որ երկու երկրներում էլ կան՝ բայց Իսրայելի փողը այնքան շատ է,որ տակը «մի բան»մնում է…)հա,ինչ էի ասում՝ ու երբ Հայաստանն էլ կունենա այնքան փող,որ «տակը մի բան մնա»,նոր այն ժամանակ կիրագործվեն հանդուգն ու օգտակար մտքերը:Ի դեպ,չգիտեի,որ Մյասնիկյանը առաջին հերթին շեշտը դրել է մնավորականների ներգաղթի վրա՝ բրավո իրեն:Ողջյունում եմ:Բայց ես շեշտը կդնեի առաջին հերթին ՀՀԿ-ի տապալման վրա(իր բոլոր վերիվարներով) եւ մտավորականությունը կվերադառնա առանց հրավերքի, ու երկիրը կծաղկի…

    • Հ.Շ. says:

      Հայոց Պետութիւնը ոչ մէկ ձեւով պատասխանատու չէ այն իրողութեան որ նախնական Սփիւռքի հայերը չուզեցին տեղափոխուիլ Հայաստան:

      Իրականութիւնը այն է թէ, երբ որ Հայաստանը անկախացաւ, արդէն շատ ուշ էր Սփիւռքի այդ հայութեան համար: Անոնք արդէն շատ ձուլուած էին, իրենց կարծացէն աւելի օտարացած: Չէին կրնար ապրիլ Կովկասի մէջ: Ինչ որ ալ ընէր Պետութիւնը:

      Իսկ հիմա, ալ աւելի վատ, հայերու հակա-Հայաստանեան մոլուցքը անհետացուց որեւէ շանս որ դեռ կատարուի նշանակալից հայրենադարձութիւն:

      Նշենք նաեւ թէ Սփիւռքում շատեր կան որոնք ուղղակիօրէն շահ ունին որ Սփիւռքը մնայ, թէկուզ միայն որպէս ազգային փլատակներու դաշտ… Իրենց համար բաւ է որ «իշխեն» այդ փլատակներուն վրայ:

      Պատրուակներ, մահանաներ մի փնտռէք, արդարացնելու համար Սփիւռքի կոթողային ձախողութիւնը:

  2. Լավատես says:

    Ասում են չկա չարիք առանց բարիքի, մեր կառավարությունը ճիշտ ժամանակին հասկացավ (կամ էլ հասկացնել տվեցին) կանոնավոր բանակի կենսական անհրաժեշտությունը եւ լավագույն հայ ռազմական մտավորականությունը ստեղծեց հաղթանակող հայ անկախ բանակ: Այս անգամ էլ եթե կառավարությունը, ժողովուրդն ու լավագույն մտավորականությունը մի ուղղությամբ գործեն տնտեսության ու մնացած կենսական բնագավառներում՝ նույն հաղթանակները կունենանք այդ բնագավառներում, մնում է միայն կառավարությունից իրենց մասնագիտական գործում խիզախություն ցուցաբերեն ինքնուրույն անկախ գործելու համար:

  3. Հ.Շ. says:

    Իրանի պարագային, օգտակար կը լինի նաեւ նկատի առնել Միջին Արեւելքի հայերի կացութիւնը:

    Իրանը, յատկապէս Լիբանանի եւ Սուրիոյ մէջ, կարեւոր, իշխող ուժ է: Այդտեղի հայերին սպառնացող վտանգները այն հակառակ ուժերն են, որոնք կրնան զսպուիլ/չէզոքացուիլ միայն Իրանի կողմէ:

    Իսկ քանի որ Ռուսաստանը այժմ, Սուրիոյ իրականութեամբ – եւ խղճալի ծաղրածու մը տեղաւորելով որպէս ԱՄՆի նախագահ- , իսկականօրէն միակ տիրապետող ուժն է Միջին Արեւելքում, Ռուսաստան-Իրան կապերից կախեալ է այդ տարածքաշրջանի հայերի տարրական ապահովութիւնը, ճակատագիրը:

    (Սփիւռքի նախարարութիւնը հիմնուած է կացութեան իրապաշտ արժեւորման վրայ: Քանզի, շատ դժբախտաբար, Հայոց մասսայական Հայրենադարձութիւնը սիրուն երազ մըն է միայն, վեհ Գաղափար մը որ կը մնայ այդպէս: Այդ նաւը անցաւ, գնաց: Դուք ջանացէք այդտեղի դասալիքների, փախստականների, նուազագոյն հայրենասիրութիւնից զուրկ անձերի թիւը նուազեցնել… Անոնք չեն սպասում անպայման լինել ԼՕՍ-ում, արդէն իսկ շուռ տալու համար…)

  4. Ruben says:

    «Պետք են սթափ վերլուծություններ»
    Ու՞մ են պետք…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31