2016-17 թվականների համերգաշրջանի ավարտի կապակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն այսօր «Օպերա գալա» էր ներկայացնում: Օպերայի հանդեպ իր անդավաճան սիրով հայտնի ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը օպերային հանրահայտ եւ ոչ այնքան հայտնի, սակայն նույնքան չքնաղ մեղեդիներ եւ արիաներ էր ընտրել այս բուռն համերգաշրջանի ավարտը անմոռանալի դարձնելու համար: Համերգն իսկապես «Գալա» էր` հանդիսավոր, վառ ու շքեղ:
Մեր ֆիլհարմոնիկն ինչպես միշտ իր բարձունքում էր, իսկ մենակատարները մեկը մյուսից` փայլուն` ինչպես տեխնիկայի, այնպես էլ` արտիստիզմի առումով: Իրենց վարպետությամբ հանդիսատեսին մեծագույն հաճույք պատճառեցին մեր օպերային բեմի լավագույն ձայներից սոպրանո Հասմիկ Թորոսյանին, տենոր Լիպարիտ Ավետիսյանին ու բարիտոն Դավիթ Բաբայանցին միացել էին գերմանաբնակ մեր հայրենակիցներ սոպրանո Անի Յորենցն ու բաս Վազգեն Գազարյանը, ինչպես նաեւ Իտալիայից ժամանած Ջանպիերո Ռուջերին:
Հնչեցին արիաներ Լեոնկավալլոյի «Պայացներ», Գունոյի «Ֆաուստ», Չայկովսկու «Եվգենի Օնեգին», Պուչինիի «Թիկնոցը», Վերդիի «Սիմոն Բոկանեգրա» եւ «Տրավիատա», Մոցարտի «Դոն Ժուան», Ռոսսինիի «Սեւիլյան սափրիչը», Դոնիցետիի «Սիրո ըմպելիք» օպերաներից:
Ընդամենը երկու օրից` հուլիսի 26-ին այս նույն խումբը` ՀԱՖՆ-ը եւ մեներգիչները, 2016-17թթ. Համերգաշրջանի վերջին ակորդը կխփեն, որը, վստահաբար, նույնքան հզոր է լինելու, ինչպես այսօրվա «Օպերա-գալան» էր, սակայն շատ ավելի գունեղ, որովհետեւ այս հրաշալի թիմին միանալու է նաեւ Սուքիաս Թորոսյանի բեմական ռեժիսուրան եւ Վարդան եւ Գեւորգ Թառլումյանների շքեղ հագուստները:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ