Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջան-Ռուսաստան. ինչու ոչ մի կերպ չի հաջողվում բարեկամություն անել. BBC

Հուլիս 24,2017 23:23

Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները վատթարանում են, և քաղաքագետները մտավախություն ունեն, որ այն կարող է լուրջ հետևանքներ ունենալ, քանի որ Բաքուն քաղաքականության, տնտեսության, միգրացիայի և էներգետիկայի հարցերում կախված է «մեծ եղբորից»: Այս մասին ասվում է BBC-ում հրապարակված «Ադրբեջան-Ռուսաստան. ինչու ոչ մի կերպ չի հաջողվում բարեկամություն անել» վերտառությամբ ծավալուն հոդվածում:

Խոսքը վերաբերում է ռազմաքաղաքական ոլորտին, որտեղ մեծ դեր է կատարում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, տնտեսությանը, որտեղ Ռուսաստանը ադրբեջանական մթերքների հիմնական օգտագործողն է, միգրացիային, քանի որ Ռուսաստանում մշտական բնակություն ունեն ավելի քան կես միլիոն ադրբեջանցի, և էներգետիկային, որտեղ երկու երկրները էներգակիրներ են մատակարարում Եվրոպա, և որտեղ Ռուսաստանը կարող է ազդել և ազդում է շուկայի պայմանների վրա:

Վատթարացման պատճառները

Հուլիսի 20-ին Բաքվում ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման: Ավելի վաղ նա այցելել էր Լեռնային Ղարաբաղ, որից հետո հայտնվել էր Ադրբեջանը ԱԳՆ «սև ցուցակում» և, այնուամենայնիվ, հետո մուտք էր գործել Ադրբեջան արդեն ուկրաինական անձնագրով: Արդյունքում նա ազատազրկման դատապարտվեց անօրինական կերպով սահմանը հատելու համար:

Ընդհանուր առմամբ, այս տարի ակնհայտորեն լավագույն տարին չէր երկու երկրների հարաբերությունների համար:

Մայիսին Մոսկվայում ռուսական դատարանը փակեց սփյուռքում ադրբեջանական ամենահայտնի կազմակերպությունը՝ «Համառուսական ադրբեջանական կոնգրեսը»: Դրան ի պատասխան՝ Մոսկվան ստացավ ադրբեջանական ԱԳՆ-ի, ինչպես նաև նախագահի օգնական Նովրուզ Մամեդովի վրդովված արձագանքը:

Դրան էլ Ռուսաստանի ԱԳՆ-ն պատասխանեց. «Մենք կասկածելի խորհուրդների կարիք չունենք կապված այն հարցի հետ՝ ինչպես ենք մենք դասավորում ազգամիջյան հարաբերությունները սեփական երկրի ներսում»:

Երկու երկրների ԱԳՆ-ները խայթոցներով են փոխանակվել նաև այլ հարցերով. Օրինակ, երբ Ռուսաստանի քաղաքացի Դիլգամ Ասկերովի գործով, որը Ղարաբաղում դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ որպես ադրբեջանցի լրտես և դիվերսանտ:

Ռուսաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան ադրբեջանական ԶԼՄ-ների վարքն անվանեց գռեհիկ, որին ի պատասխան Ադրբեջանի կառավարամետ ռեսուրսներից մեկը՝ 1news.az-ը, նրան անվանեց «դիվանագետ բակամուտքից»:

Իրավիճակը բարդացրեց հուլիսի 4-ի հերթական ռազմական լարվածությունը Ղարաբաղի շփման գծում, երբ ադրբեջանական կողմում զոհվեց 2 քաղաքացիական անձ, այդ թվում 2 տարեկան երեխա:

Հաջորդ օրը Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որում դատապարտում էր ծագումով հայ և Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող անձանց՝ Ադրբեջան մուտք գործելու արգելքը:

«Այսօր մենք գործ ունենք յուրօրինակ սառը պատերազմի հետ,- ասում է ռուս իրավապաշտպան և լրագրող, «Կավկազսկիյ ուզել» պարբերականի գլխավոր խմբագիր Գրիգորի Շվեդովը:- Ընդ որում, Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները վաղուց արդեն վերելքներ չեն տեսել: Մենք տեսնում ենք՝ ինչպես է ԱԳՆ-ն պաշտպանում Լապշինին, ինչը նա չէր անում նախկինում Ռուսաստանի այլ քաղաքացիների դեպքում»:

Ըստ փորձագետի՝ Ադրբեջանի վրա ճնշման և ազդեցության գործոն կարող է լինել զենքը, որն այստեղ մատակարարում է Ռուսաստանը. որոշակի սրացման դեպքում այն կարող է ուրիշ որակի լինել:

Ռուսաստանում Ադրբեջանի նախկին դեսպան Հիքմեթ Հաջիզադեն, խոսելով վերջին ամիսների իրադարձությունների մասին, հիշեցնում է, որ նման սկանդալներ առաջ են եկել և նախկինում, իսկ հետո ամեն ինչ վերջացել է հաշտությամբ: «Բայց իրականում բարեկամություն երկու կողմերի միջև չի եղել և չկա: Ամեն ինչ հենվում է կայսերական հավակնությունների վրա, երբ Ռուսաստանը ցանկանում է ենթարկեցնել Ադրբեջանը, այստեղ զորքեր մտցնել՝ խաղաղապահ կոնտինգենտի անվան տակ»,- ասում է դիվանագետը:

Ընդհանուր առմամբ, Հաջիզադեի խոսքով՝ Ռուսաստանը մի շարք միջոցներ ունի Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար: Եվ խոսքը միայն ռազմական առավելության մասին չէ. երկու երկրները միմյանց հետ կապված են տնտեսական առումով:

Կապված միևնույն շղթայով

Դաշնային միգրացիոն ծառայությունը պնդում է, որ Ռուսաստանում տարեսկզբին եղել է 523 հազար Ադրբեջանի քաղաքացի, իսկ համաձայն 2010թ. մարդահամարի՝ երկրում ապրում է 603 հազար ազգությամբ ադրբեջանցի: Ռուսաստանի Կենտրոնական բանկի տվյալներով՝ ամեն տարի Ռուսաստանից Ադրբեջան է մտնում 1.2 մլրդ դոլար դրամական փոխանցում:

Բացի այդ, Ռուսաստանը Ադրբեջանի համար ոչ նավթային արտահանման ամենամեծ ուղղությունն է: Անցյալ տարվա ընթացքում Ադրբեջանի պետվիճակագրության համաձայն՝ Ռուսաստան է ուղարկվել 409 մլն դոլարի ապրանք (հիմնականում միրգ և բանջարեղեն):

«Ռուսաստանը զբաղեցնում է Ադրբեջանի ընդհանուր արտահանման 10 տոկոսը, և այնտեղ է գնում գյուղատնտեսական արտադրանքի 70 տոկոսը, հետևաբար կա տնտեսական կախվածություն,- ասում է տնտեսագետ Նաթիկ Ջաֆարլին:- Եվ Ռուսաստանն արդեն օգտագործել է տնտեսական օջախները՝ այլ երկրների վրա ճնշում գործադրելու համար, երբ, օրինակ, արգելափակում էր մթերքների ներմուծումը»:

Փորձագետի խոսքով՝ չնայած այն բանին, որ երկրի ղեկավարությանը դա շատ հայտնի է, Ադրբեջանը ոչինչ չի անում իր գյուղմթերքը եվրոպական շուկաներ դուրս բերելու համար, ինչը կօգներ թուլացնել կախվածությունը Ռուսաստանից:

«Ադրբեջանն արդեն բազում տարիներ ձգձգում է իր անդամակցությունը ԱՀԿ-ին, իսկ անդամակցությունը դեպի ԵՄ արտահանման հիմնական պայմաններից է,- ասում է տնտեսագետը:- Բայց երկիրը դրան չի գնում, քանի որ ԱՀԿ պայմանները պահանջում են բարելավել վերահսկողությունը ապրանքների որակի և մաքսակետի աշխատանքների վրա: Արդյունքում Ադրբեջանը տնտեսապես խոցելի է դառնում Ռուսաստանում տատանումների առաջ»:

Փորձագետի խոսքերը հաստատում են այս տարվա մարտի վերջի-ապրիլի սկզբի իրադարձությունները, երբ մի քանի շաբաթ ադրբեջանցի վարորդները բեռնատարներով չէին կարողանում հատել Ռուսաստանի սահմանը: Նրանց արգելափակել էին ռուս վարորդները, որոնք փորձում էին ադրբեջանցի գործընկերներին ներգրավել «Պլատոն» հարկահավաքման նոր համակարգի դեմ բողոքի ակցիաներին:

«Մեծ հաշվով տնտեսական առումով Ռուսաստանին ու Ադրբեջանին կապում են ընդհանուր խաղի կանոնները, ինչը հասկանում են ինչպես երկրների իշխանությունները, այնպես էլ ռուսական շուկայում հասարակ կանաչեղեն վաճառողները: Կողմերից ոչ մեկ չի ձգտում դեպի Եվրոպա»,- ասում է Ջաֆարլին:

Բայց Ռուսաստան աշխատելու մեկնում են ոչ միայն ցածր որակավորում ունեցող աշխատողները (վերը նշված «կանաչեղեն վաճառողները»):

Մարինա Ալիևան՝ մասնագիտությամբ ինտերնետ-մարկետոլոգ, պատրաստվում է մինչև տարեվերջ տեղափոխվել Ռուսաստան: Մինչ այդ նա մի քանի վճարովի ռուսական մասնագիտական դասընթացներ է անցել: «Ես մեկնում եմ երկու պատճառով. այնտեղ եռակի բարձր են վարձատրում, քան այստեղ, բայց այդ, այստեղ չեն հասկանում բիզնեսի վարման այնպիսի մեթոդներ ու տեխնոլոգիաներ, ինչպես որ այնտեղ,- ասում է նա: – Փաստացիորեն, ես մեկնում եմ աշխատավարձի և մասնագիտական աճի համար»:

Ռուս ադրբեջանական հարաբերությունների ևս մեկ ասպեկտ է էներգետիկ ոլորտը: Այստեղ երկրներն արդեն ոչ թե գործընկերներ են, այլ մրցակիցներ:

Վերջին տարիներին Ադրբեջանի համար թերևս ամենահավակնոտ էներգետիկ նախագիծը կառուցվող «հարավային գազային միջանցքն» է, որի ընդհանուր արժեքն է 45 մլրդ դոլար: Նախատեսվում է, որ արդեն 2020թ. այդ խողովակաշարով գազ կմատակարարվի Թուրքիայով ու Վրաստանով դեպի Եվրոպա, այսինքն` շրջանցելով Ռուսաստանը: Ապագայում այն պետք է միանա ևս մեկ «շրջանցող» գազային նախագծի՝ TAP-ին, որը կնվազեցնի Եվրոպայի գազային կախվածությունը Ռուսաստանից:

Սակայն, դատելով ամեն ինչից, այս նախագծերն ընդհանրապես դուր չեն գալիս Մոսկվային: Եվրոպայում ցույցեր են տեղի ունենում գազատարի դեմ: Դրա նախաձեռնողներից մեկը՝ Իտալիայի «5 աստղերի շարժումը», չի էլ թաքցնում իր ռուսամետ տրամադրությունները:

Բացի այդ, Ռուսաստանն առաջ է քաշում իր սեփական «Թուրքական հոսք» նախագիծը, որն ուղղված է նույն շուկային, ինչ-որ TAP-ը, այսինքն` փաստացիորեն այլընտրանք է ստեղծում այլընտրանքին:

Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ Ռուսաստանը բացասաբար է վերաբերում այն գազային նախագծին, որին մասնակցում է Ադրբեջանը:

Անցյալ տարի «Գազպրոմի» փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևը հայտարարեց, որ Ադրբեջանը հնարավորություն չունի գազով լցնել խողովակաշարը և որ Ռուսաստանն այդ առումով շարունակում է մնալ լավագույն այլընտրանքը Եվրոպայի համար:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31