Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանին ճնշումներ են սպասվում» (Տեսանյութ)

Հուլիս 24,2017 23:13

«Ընդամենն 8,5 ամիս հետո կավարտվի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը: Ճիշտ է, նախագահն իր վերջին հարցազրույցում ասաց`դեռ հսկայական ժամանակ կա. միգուցե նախագահի հաշվարկով հսկայական ժամանակ կա, բայց իմ հաշվարկներով`անելիքներ էլ ավելի շատ են»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի աշխատավորական կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանը`հավելելով, որ իրեն ոչ թե հետաքրքիր է թե ի՞նչ է անելու Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ից հետո, այլ այն, թե ի՞նչ է անելու Սերժ Սարգսյանը մինչեւ ապրիլի 9-նն ընկած ժամանակահատվածում:

Ինքը համարում է, որ ՀՀ-ի առջեւ կանգնած հիմնական խնդիրներն են սոցիալ-տնտեսական հարցերը, Արցախի հարցը եւ հասարակության բարոյահոգեբանական իրավիճակը: Նա չի կարծում, որ տնտեսական բնագավառում կամ Արցախի հարցում այս 8-9 ամիսների ընթացքում թռիչքներ կլինեն, հրաշքներ կկատարվեն, բայց բարոյահոգեբանական բնագավառում`գաղջ մթնոլորտը փոխելու իմաստով, լուրջ քայլեր կարելի է եւ անհրաժեշտ է ձեռնարկել: Մանավանդ, դրա համար մեծ ֆինանսներ չեն պահանջվում:

«Դատախազության աշխատակիցների հետ վերջերս հանդիպման ժամանակ նախագահն ասաց`արդարություն պետք է հաստատել տարբեր բնագավառներում, քանի որ ժողովուրդն ամենաշատն անարդարությունից է բողոքում: Դրա համար պետք է օրենսդրական դաշտը հստակեցնել եւ դրանց կիրարկումն ապահովել»,- ասում է մեր զրուցակիցը: Մովսես Շահվերդյանը նաեւ առաջարկներ ունի նախագահին: Առաջարկներից մեկն էլ`վերսկսել ժամանակին հենց Սերժ Սարգսյանի նախաձեռնած հանդիպում-քննարկումները քաղաքական դաշտի ներկայացուցիչների հետ`Հայաստանի համար խնդիր հանդիսացող հարցերի շուրջ: Ի տարբերություն նախորդ երկու նախագահների, որոնք իրենց պաշտոնավարումն ավարտեցին աղմկոտ, Մովսես Շահվերդյանը Սերժ Սարգսյանին առաջարկում է`«գեղեցիկ հեռանալ»:

Մանրամասները`տեսանյութում:

Մովսես Շահվերդյանի հաջորդ առաջարկը վերաբերվում է գոնե հեռանալիս կիրառել նախագահի մեծ լիազորությունները`դատաիրավական, կրթական, առողջապահության, ոստիկանության ոլորտներում իրականում խնդիրներ լուծելու համար: «Ապրիլի 9-ին, Սերժ Սարգսյանի լիազորություններն ավարտվում են, իմ կարծիքով էլ Հայաստանն ընկղմվում է անորոշության մեջ. եթե խորհրդարանն է դառնում թիվ մեկ պետական կառույցը, ապա այս խորհրդարանի մակարդակը շատ ցածր է: Նման ցածր հեղինակությամբ խորհրդարանը, որը դառնում է կառավարման թիվ մեկ պետական կառույցը, դա մեզ ոչ մի լավ բանի չի բերի: Որպեսզի վարչապետն ուժեղ լինի, նա իր թիկունքում պետք է ունենա ուժեղ խորհրդարան կամ ժողովրդի մեծամասնությանը: Ապրիլի 9-ից հետո ով էլ լինի վարչապետ, ոչ մեկն է ունենալու, ոչ մյուսը: Այսինքն, ունենալու ենք թույլ եւ խոցելի վարչապետ, որը կշիռ չի ունենալու ոչ արտաքին հարաբերություններում, ոչ էլ ներքին կյանքում: Այս բացը, որը միշտ լրացրել ենք ուժեղ նախագահի հաշվին, լրացնելու մասին այսօրվանից պիտի մտածենք: Նախագահական ինստիտուտի չգործելու դեպքում, սա ակնառու զգացվելու է»,- ասում է մեր զրուցակիցը:

Ինչպես հայտնի է, նոյեմբերին նախատեսված է ԵՄ-ի հետ նոր շրջանակային համաձայնագրի ստորագրումը: Մովսես Շահվերդյանի կարծիքով`թե համաձայնագիրը ստորագրելու, թե չստորագրելու դեպքում Հայաստանը ճնշումների տակ է հայտնվելու, մի դեպքում ՌԴ-ի, մյուս դեպքում ԵՄ-ի կողմից:

Մանրամասները `տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31