Հուլիսի 24-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Անդրեաս Ղուկասյանը շուրջ 40 րոպե բողոքարկեց քննիչի եւ դատախազի կողմից հաստատած իր իրավունքը խախտող որոշումները:
Արդեն 1 տարի է Անդրեաս Ղուկասյանը կալանքի տակ է գտնվում: Հիշեցնենք, որ վերջինս կալանավորված է 2016 թվականի հուլիսի 29-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով:
Բողոքի էությունը, ըստ Անդրեաս Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի, ցույց է տալիս, որ քննչական որոշումներով Անդրեաս Ղուկասյանի իրավունքը խախտվել է. «Տարբեր միջնորդություններ ենք արել բազմաթիվ օրինակներով՝ հիմնական կասկածը հաստատվում է ոստիկանների ցուցմունքներով: Մենք իրավունք ունենք մեր դեմ ցուցմունք տված անձին հարցաքննել: Երբ որ միջնորդում ենք, որ բերեն առերեսման, մերժում են, որը կոպիտ խախտում է: Այս բոլոր մերժումները մենք բողոքարկում ենք դատարանին, դատարանը մեր բողոքը բավարարելու համար պետք է պարտավորեցնի քննչական մարմնին վերացնել մեր իրավունքի խախտումը»:
Պաշտպանի խոսքերով՝ օբյեկտիվ քննություն չի գնում եւ ժողովրդի լեզվով ասած՝ «գլխին սարքում են», որ նստացնեն Անդրեաս Ղուկասյանին. «Մենք փորձ ենք անում ցույց տալ, որ նախաքննության մարմինը գործը միակողմանի է քննել՝ բացառապես մեղադրական թեքումով: Հրաժարվել է հետազոտել արդարացման նպատակով ներկայացված ապացույցները եւ այնպիսի պարզ խախտումներ է արել, որ մարդու մտքով չէր անցնի»:
Բողոքարկման ժամանակ Անդրեաս Ղուկասյանը ներկայացրեց, որ իր դեմ ցուցմունք տված ոստիկանների խոսքերը, անգամ արտահայտությունները կրկնվում են անձանցից ոմանք ունեն առողջական խնդիրներ. նրանցից մեկը հաշվառված է Ավանի բժշկական կենտրոնում, մյուսը՝ Գորիսի բժշկական կենտրոնում, ալկոհոլից կախվածության համար: Վերջինս Արտակ Մկրտչյան անուն ազգանունով անձ է, որի ցուցմունքի համաձայն Անդրեաս Ղուկասյանը, երբ հարթակից իջել է մոտեցել է իրեն եւ 15 այլ անձանց եւ ասել է՝ քարեր հավաքեք: Կարեն Մեժլումյանը նշեց, որ այդ ցուցմունք տվողը չի հիշում ուրիշ ինչ է ասել Անդրեաս Ղուկասյանը. «Տեսագրություններում պարզ երեւում է այդ պահը, թե ինչպես է Անդրեաս Ղուկասյանը Եղիշե Պետրոսյանի, Լեւոն Բարսեղյանի, Դավիթ Սանասարյանի եւ այլոց հետ իջնում եւ շարժվում ժողովրդի միջով: Երեւում է, թե ինչպես են դուրս գալիս ժողովրդի միջից: Մենք շատ պարզ միջնորդություն ենք անում, ասում ենք՝ հարգելի քննիչ պարզեք, թե ովքեր են նկարել, վերցրեք եւ տեսեք, թե Անդրեաս Ղուկասյանը նման կոչ արել է թե ոչ՝ մերժում են»:
Պաշտպանի խոսքերով դատարանում բավարար ապացույցը միայն այդ Արտակ Մկրտչյանի ցուցմունքն է, որը տառապում է ալկոհոլիզմով եւ նախկինում դատապարտված է:
Անդրեաս Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թարխանյանն էլ ասաց, որ այսօր առաջին անգամ լսեց, թե ինչի մասին է գնում խոսքը. «Այնքան ցնցված եմ, այնքան ազդված եմ: Ասում եմ՝ Աստված իմ այս մի տարի մեր տառապանքները՝ իմ, իմ երեխայի, Անդրեասի ծնողների, իր հայրիկի, որ վերջերս մահացավ եւ այդպես էլ չտեսավ իր տղային, այս բանի համար էր: Այս ցուցմունքների, այս կեղծարարությունների հիման վրա էր այդ ամեն ինչը արված»:
Դատարանը ներողություն խնդրելով՝ ընդհատեց Անդրեաս Ղուկասյանի բողոք-ելույթը, քանի որ լրացել էր սահմանված ժամը, եւ պետք էր այդ դահլիճում մեկ այլ դատական նիստ սկսվեր: Հաջորդ նիստը տեղափոխվեց հուլիսի 31-ին:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ