Մեկ տարի առաջ, ՊՊԾ գնդի գրավման օրերին, Խորենացի փողոցում ոստիկանների կողմից հարձակման ենթարկված Հայաստանի աշխատավորական կուսակցության նախագահ (ՀԱՍԿ) նախագահ Մովսես Շահվերդյանի գործով դեռ առաջընթաց չկա:
Մովսես Շահվերդյանը, հիշեցնենք, վնասվածք էր ստացել քունքի հատվածում: Նկատել էր, որ իրեն ոստիկաններն են հարվածել: Նա տեղափոխվել էր Էրեբունի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Դեռ հիվանդանոցում իրեն այցելել էր Քննչական կոմիտեի քննիչը, հարցաքննել, դեպքի առիթով գործ էր հարուցվել, թեեւ Մովսես Շահվերդյանի կարգավիճակը չէր հստակեցվել: «Ինձ համար մինչեւ հիմա էլ անհայտ է, թե ինչո՞ւ ոստիկանների կողմից այդ վայրագությունը եղավ իմ նկատմամբ. հատուկ ի՞մ անձի հետ էր կապված, թե՞ նրանց ձեռքն ով ընկներ, պետք է այդպես վարվեին»,- Aravot.am-ի հետ զրույցում այսօր ասաց Մովսես Շահվերդյանը:
Մեր զրուցակցի տեղեկացմամբ, Քննչական կոմիտեն այդ գործն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն, իրեն դատաբժշկական փորձաքննության են ենթարկել, գործում այդ եզրակացությունն էլ առկա է: Գործն ընթացքի մեջ է արդեն մի քանի ամիս, բայց որեւէ գործողություն չի կատարվում, գործի ճակատագիրն էլ պարզ չէ: Ինքը`Մովսես Շահվերդյանը, պատրաստվում է մինչեւ վերջ գնալ, դիմելու է ՄԻԵԴ:
«Եթե ոստիկաններին պարզելու խնդիր կա, ոստիկանությունը թող ծառայողական քննության անցկացնի, դա տուժողի խնդիրը չէ»,- ասաց նա`հավելելով, որ հիմա, եթե տեսնի իրեն ծեծող ոստիկանների, դժվար թե ճանաչի. «Երիտասարդ տղաներ էին: Ամեն ինչ շատ հանկարծակի եւ արագ կատարվեց, արյունն էլ տեսողությունս փակեց, ես ժամանակ էլ չունեցա նորմալ նայել: Բայց չեմ կարծում, թե նրանց հայտնաբերելն ինչ-որ բարդություն է ներկայացնում իրենից: Ես ոստիկանության ներքին զորքերում ծառայել եմ ու շատ լավ գիտեմ աշխատանքային կարգը. ժամերի ընթացքում հնարավոր է պարզել, թե ովքեր են եղել: Պատահական մարդ չէր կարող այնտեղ լինել, բոլորն իրենց աշխատակիցներն են, օրվա վերջում հաշվետվություններ են ներկայացնում իրենց գտնվելու եւ կատարած գործողությունների մասին: Բացի այդ, այդ տարածքում, որտեղ եղավ դեպքը, 10-12 հատ տեսախցիկ կար դրված, եթե ժամանակին այդ տեսագրություններն օգտագործեին`պարզ կերեւար, թե ովքե՞ր են եղել եւ ի՞նչ է տեղի ունեցել ոստիկանական պատի աչքի առաջ: Հայտնաբերելը բարդություն չի ներկայացնում, դա արդեն ոստիկանության ցանկությունից է կախված»:
Անդրադառնալով մեկ տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններին էլ մեր զրուցակիցն ասաց, որ բացարձակ մակերեսային է համարում այն մոտեցումը, թե «Սասնա ծռերն» իրենց գործողություններով կանխեցին հող հանձնելը: Նա մակերեսային է համարում նաեւ այն, որ այդ ամենն արվեց Ժիրայր Սեֆիլյանին քաղբանտարկյալ հայտարարելու եւ նրա ազատությանը հասնելու համար: «Որեւէ լուրջ նպատակ այդպես էլ չբարձրաձայնվեց»,- ասում է մեր զրուցակիցը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ