Նախկին ամուսնու նկատմամբ բռնություններ կատարելու մեջ մեղադրվող Թագուհի Մանսուրյանի գործով դատական նիստին այսօր դատարանը հետազոտեց մեղադրանքի հիմքում դրված փաստաթղթերը:
Նախագահող դատավորն ընթերցեց փորձագետի եզրակացությունները, որոնք վերաբերում էին Թագուհի Մանսուրյանի ստացած վնասվածքներին: Ըստ փորձագիտական եզրակացություններից մեկի՝ Մանսուրյանի թեւի վրա արձանագրվել են կարմրակապտավուն վնասվածքներ, վերջինիս նախկին ամուսինը՝ Վլադիկ Մարտիրոսյանը միանգամից առարկեց. «Եթե նույնիսկ վնասվածքներ են եղել, դրանք կապ չունեն մեր հարաբերությունների հետ, որովհետեւ Թագուհի Մանսուրյանին վնասվածքներ չեմ հասցրել»:
Նախագահող դատավորը ընթերցեց նաեւ Վլադիկ Մարտիրոսյանի գանգատների հիման վրա անցկացված փորձաքննության արդյունքները, ըստ փորձագիտական եզրակացության՝ Մարտիրոսյանի բազուկների վրա առկա արյունազեղումները բութ ու կոշտ, իսկ որովայնի վրա առկա ճանկռվածքները սուր ծայր ունեցող առարկաների հետեւանք են, բայց այդ վնասվածքները առողջությանը թեթեւ վնասի հատկանիշներ չեն պարունակում:
Թագուհի Մանսուրյանն էլ հայտարարեց, որ ընդհանրապես Մարտիրոսյանին ձեռք չի տվել. «Ընդհանրապես իրեն ձեռք չեմ տվել՝ գիտակցելով, որ միշտ ինձ հրահրել է, որ ձեռք բարձրացնեմ, որ գործ բացի վրաս: Բացի այդ, մտածելով երեխայիս ապագայի մասին՝ որեւէ քայլ չեմ արել: Քննիչը կարող էր փորձաքննություն նշանակել ու պարզել՝ իմ եղունգները տեղում են, նրա վրա երբեւիցե ձեռք չեմ բարձրացրել»:
Վլադիկ Մարտիրոսյանն էլ նախկին կնոջից հետո հայտարարեց՝ եղել է դեպք, որ նախկին կինն իրեն ճանկռել է, վեճերի ժամանակ էլ հարվածներ է հասցրել, բայց այս պահին չի կարողանում մտաբերել մարմնի որ հատվածին է հարվածել:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության Թագուհի Մանսուրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հունիսի 12-ին ժամը 01:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ս.Տարոնցի նրբանցքի 7 շենքի դիմաց նախկին ամուսնու` Վլադիկ Մարտիրոսյանի կողմից որդուն տեսակցելու հարցի շուրջ վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում Վ.Մարտիրոսյանի նկատմամբ կատարել է բռնի գործողություններ, այն է` դիտավորությամբ ճանկռել է նրա պարանոցը` պատճառելով ֆիզիկական ցավ:
Բացի այդ, Թ.Մանսուրյանը, 2016թ. հուլիսի 8-ին ժամը 01:00-ի սահմաններում, որդուն տեսակցել չթույլատրելու համար վիճաբանել է Վ.Մարտիրոսյանի հետ, որի ընթացքում վերջինիս նկատմամբ կատարել է բռնի գործողություններ, այն է` դիտավորությամբ ճանկռել է թևերը` պատճառելով ֆիզիկական ցավ:
Բացի այդ, Թ.Մանսուրյանը, 2016թ. հունիսի 3-ին ժամը 01:30-ի սահմաններում, որդուն տեսակցել չթույլատրելու համար վիճաբանել է Վ.Մարտիրոսյանի հետ, որի ընթացքում վերջինիս նկատմամբ կատարել է բռնի գործողություններ, այն է` դիտավորությամբ ճանկռել է նրա ձեռքերը` պատճառելով թեթև վնասի հատկանիշ չպարունակող մարմնական վնասվածք:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ