Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Չինարի գյուղում երեկ՝ հուլիսի 23-ին Վարդավառ են տոնել: Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանն ասաց, որ այժմ Չինարիի սահմանագոտում հանգիստ է:
Նրա վկայությամբ՝ հուլիսի 20-ին ադրբեջանական գնդակոծությունից այրվել է Չինարիի բնակիչ Տիգրան Վանյանի 60 մ երկարություն,12 մետր լայնություն ունեցող անասնաֆերման՝ ծածկի հետ միասին, հրո ճարակ է դարձել նաեւ նրան պատկանող 3000 հատ խոտի հակը: Չինարիում վնասվել են տների տանիքներ:
Հուլիսի 21-ին ադրբեջանական գնդակոծությունից այրվել է գյուղի արոտավայրի չոր խոտը, չինարեցիները կարողացել են մարել կրակը:
Ս. Սաղոյանի խոսքերով՝ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ասել է,որ ադրբեջանական գնդակոծությունից նյութական վնասներ կրած չինարեցիներին աջակցություն կցուցաբերվի:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ