Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Կարեն Աղաջանյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ըստ վերջին ցուցանիշի, Արցախում նռան այգիների ընդհանուր տարածքը կազմել է 860 հա:
«Այս թիվը նախորդ տարվա տվյալն է, և այս տարվա դրությամբ նոր թիվ դեռևս չենք կարող նշել: Բայց ելնելով այն հանգամանքից, որ այս ընթացքում հիմնվել են նոր այգիներ՝ կարելի է ասել, որ այժմ հասել ենք 1000 հա-ի, եթե ոչ ավել»,- նշում է նախարարի տեղակալը և հավելում, որ մի քանի տարի առաջ այգիների ընդհանուր թիվը կազմել է 400-500 հա տարածություն:
Նրա խոսքով գյուղնախարարությունը ունի պտղաբուծության զարգացման ծրագիր, և ծրագրի մեջ է մտնում նաև նռենու աճեցումն ու մշակումը:
«Նռենու մշակմամբ զբաղվում են Արցախի հարթավայրային վայրերում՝ հիմնականում Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու ներքին գոտիներում: Գյուղամերձ տարածքներում՝ որոշակի բարձրության վրա, բերք չի երաշխավորվում, քանի որ այն արևադարձային, ջերմասեր կուլտուրա է և ցրտադիմացկուն չէ»,- ներկայացնում է Կարեն Աղաջանյանը և հավելում, որ այգիների ոռոգման հետ կապված խնդիրներ չկան:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ