Հուլիսի 21-23-ը «Էկոգյուղ» ՀԿ-ն «Բու» լեռնահեծանվային պարկ նախագծի հետ համատեղ Վանաձորում անցկացրել է «Հեծանվային էկո ճամբար» (BikeCamp 2017) ծրագիրը։
Հեծանվային ճամբարի նպատակն է համախմբել լեռնային հեծանվասպորտով հետաքրքրվողներին և խթանել ակտիվ կենսակերպը, ինչպես նաև բարձրացնել իրազեկման մակարդակը Հայաստանում ակտիվ տուրիզմի և էկոտուրիզմի մասին։ Ծրագրի շրջանակներում հասարակությանը տեղեկացվել է նաև անցած տարի ստեղծված «Բու» լեռնահեծանվային պարկի մասին։
Ծրագիրն իրականացվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։
«Բու» լեռնահեծանվային պարկ նախագծի հիմնադիր Էմմա Պետրոսյանը նշեց, որ հեծանվային էկո ճամբարի շնորհիվ տարածվել է տեղեկատվություն Վանաձորում առկա լեռնահեծանվային ենթակառուցվածքների մասին։ Եռօրյա ճամբարի շրջանակներում անցկացվել են ոլորտին առնչվող միջոցառումներ, քննարկումներ, լեռնահեծանվային մրցույթ, որի հաղթողը Վանաձորից էր, մրցանակային երկրորդ և երրորդ տեղեր զբաղեցրածները Երևանից էին։ Տեղի է ունեցել «Բու» հեծանվային պարկ ծրագրի ներկայացումը ինչպես տուրիզմի ոլորտի մասնագետներին, այնպես էլ Վանաձորի երիտասարդներին։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն