«Ժառանգություն» կուսակցությունն իր մտահոգությունն է արտահայտում Հայաստանում բազմամիլիարդ էներգետիկ ներդրումների վերաբերյալ ԱՄՆ եւ Եվրամիության պաշտոնյաների կողմից արված առաջարկների հանդեպ` Հայաստանի իշխանությունների կրավորական կեցվածքի կապակցությամբ:
– Էներգետիկ անկախությունը ժամանակակից աշխարհում պետության իրական անկախության բաղադրիչներից է, տնտեսական զարգացման հիմնական տարրը, ինչպես նաեւ ժողովրդի սոցիալ-տնտեսական բարօրության մասը։
– Հայաստանում կան էներգետիկ այլընտրանքային աղբյուրների բազմազանության հնարավորություններ՝ ի դեմս Իրանից էներգակիրների ներմուծումից, մինչեւ վերականգնվող էներգիայի տեղական արտադրություն։
– ԱՄՆ եւ Եվրամիության պաշտոնական հայտարարությունները Հայաստանի էներգետիկայի ոլորտում բազմամիլիարդ ներդրումների հնարավորության մասին ոչ միայն Հայաստանի էներգետիկ անկախությունն ապահովելու երաշխիք են, այլեւ հզոր միջոց՝ տնտեսության զարգացման համար։
– Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա անընդունելի ենք համարում 2013 թվականի Հայ-ռուսական գազային պայմանագիրը՝ այն որպես արգելանք դիտելով Հայաստանի էներգետիկ զարգացմանը:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարում է.
Հայաստանի Հանրապետությունը պետք է՝
– Չեղյալ հայտարարի 2013 թվականին կնքած Հայ-ռուսական գազային հակապետական պայմանագիրը:
– Իրավական եւ գործնական բոլոր քայլերն իրականացնի էներգետիկայի եւ մյուս բոլոր ոլորտներում ներդրումներ ապահովելու եւ պետության անկախության, ինքնիշխանության ամրապնդման համար:
«Ժառանգություն» կուսակցություն
24 հուլիսի 2017թ., Երեւան