Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող Արման Թաթոյանը գնա 24 ժամ նստի Գևորգ Սաֆարյանի խցում». Վարդգես Գասպարի

Հուլիս 24,2017 16:19

«Արման Թաթոյանի ամենաարդյունավետ քայլն այն կլինի, որ գնա 24 ժամ նստի Գևորգ Սաֆարյանի խցի մոտ և դուրս չգա»,- Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակի առաջ Գևորգ Սաֆարյանի պահման պայմանների խնդրով կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին:

Հիշեցնենք, որ Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Եգորյանը հրապարակել էր նրա հայտարարությունը խցի անմարդկային պայմանների վերաբերյալ, մասնավորապես գարշահոտություն, կոյուղաջրեր, բարձր խոնավություն: Մինչդեռ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կարծում են, որ ՄԻՊ-ը Գևորգ Սաֆարյանի խցի պայմանները չի ներկայացնում այնպես, ինչպես իրականում է: Այդ պահանջով էլ նրանք հավաքվել էին ՄԻՊ գրասենյակի առաջ:

Օրինակ` Վարդգես Գասպարին պահանջում է, որ Արման Թաթոյանը հրապարակային ներկայացնի այն պայմանները, որոնք իրենք արձանագրել են Գևորգ Սաֆարյանին այցելելիս. «Երբ Արման Թաթոյանը մեկ օր անցկացնի այդ խցում, տեսնենք, թե դուրս գալուց հետո արդյոք իր նամակներից կպատմի՞, թե՞ բարձր մակարդակի հանդիպումներից»:

Պարոն Գասպարին թերահավատ է ՄԻՊ-ի աշխատանքի նկատմամբ, մանավանդ, որ պաշտպանն աշխատում է շքեղ պայմաններում այն դեպքում, երբ կալանավորը պահվում է նման անմարդկային պայմաններում. «Այնպես, ինչպես զոն նայողներն են պետական մարմնի օղակներից մեկը, այնպես էլ ՄԻՊ-ը: Այստեղ եմ եկել հայտարարելու, որ թքած ունեմ այն կեղծ բարեպաշտության վրա, որ դրսևորում է ՄԻՊ-ը: Քաղբանտարկյալների և քաղաքացիականների պահման տարբերակված պայմաններն ինձ համար անընդունելի են»:

Վարդգես Գասպարին հիշեցրեց, որ ինքն էլ է ժամանակին բռնությունների ենթարկվել կալանավայրում և հավաստիացրեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի գլխավոր մասնաշենքում, որտեղ Գևորգ Սաֆարյանը չի ցանկանում տեղափոխվել, հսկողություն են իրականացնում զոն նայողները. «Գևորգ Սաֆարյանը չի ուզում գնալ գլխավոր մասնաշենք, քանի որ այնտեղ գերազանցապես զոնան է ղեկավարում կալանավայրը: Իսկ Գևորգն այն մարդը չէ, որ գնա ու քրեական աշխարհի հետ համակերպվի»:

Հարցին` իսկ ինչո՞ւ է բողոքի ակցիան սակավաթիվ, պարոն Գասպարին պատասխանեց, թե դրա պատճառն այն է, որ Գևորգ Սաֆարյանը Հիմնադիր խորհրդարանի անդամ է, և շատերը չեն եկել, քանի որ վախենում են, որ կասեն, թե իրենք «Սասնա ծռերի» կողմնակիցն են:

ՄԻՊ տեղակալ Արմեն Մաշինյանն էլ պարզաբանեց, որ ՄԻՊ-ի հասցեին հնչած մեղադրանքները, թե խեղաթյուրում են իրականությունը Գևորգ Սաֆարյանի պահման պայմանների վերաբերյալ, հիմնազուրկ են: Նա տեղեկացրեց, որ իրենք հուլիսի 10, 12-ին այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, այցելությունները եղել են չհայտարարված, ծանոթացել են պայմաններին և սեփական նախաձեռնությամբ սկսել հարցի քննարկման ընթացակարգ: Հարցին՝ ի՞նչ պայմաններ են արձանագրել Գևորգ Սաֆարյանի խցում, պարոն Մաշինյանն այդպես էլ չպատասխանեց, միայն տեղեկացրեց, որ գրավոր ընթացակարգի համաձայն`իրենք դիմել են քրեակատարողական հիմնարկին, սակայն դեռ պարզաբանում չեն ստացել:

Պարոն Մաշինյանը տեղեկացրեց, որ այս պահին Գևորգ Սաֆարյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի գլխավոր մասնաշենքում է և տեսակցում է իր հարազատների հետ:

Հիշեցնենք, որ լրագրողների այցելությունը Սաֆարյանի բանտախուց արգելված է:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Նարեկ ՄԱԼՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31