Ընտանիքում հարսների վրա ճնշումները` տղա երեխա ունենալու, փոքր-ինչ թուլացել են: Կանայք, որոնք ենթարկվել են սոցհարցումների, պատասխանել են, որ ավելի շատ միջավայրն է իրենց վրա ճնշում գործադրում, քան` ընտանիքը. այդ պատճառով էլ նախապատվությունը տալիս են տղա երեխաներին:
Այսօր այս մասին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում փաստեցին «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ի մասնագետները, որոնք այս տարվա հունվարին հետազոտություն են անցկացրել եւ պարզել, որ տղա-աղջիկ համամասնության շեղումը կրճատվել է:
ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Գալստյանի մեկնաբանությունները` տեսանյութում
Եթե 2011 թվականին հետազոտության մասնակից կանայք նշել են, որ իրենց միջավայրում եւ շրջապատում` 60 տոկոսը նախապատվություն է տալիս տղա երեխային, ապա 2017-ին այս ցուցանիշը իջել է մինչեւ 36, 7 տոկոս: Այսինքն` միայն 36, 7 տոկոսն է նշել, որ միջավայրում տղա երեխային են նախապատվությունը տալիս: Արմեն Գալստյանի խոսքով, «Հղի կինը տաքսի է նստում, երբ սեռը հարցնում են ու իմանում, որ աղջիկ է, ասում են` դե լավ ոչինչ, հաջորդն էլ տղա կունենաք»:
Ըստ հ/կ-ի մասնագետների, այն ընտանիքներում, որոնք ունեն մինչեւ երեք երեխա, հարցումները ցույց են տվել, որ աղջիկ-տղա երեխաների հարաբերակցությունները կազմում է 100 աղջիկ երեխայի հաշվով 122 տղա:
Ըստ նույն կենտրոնի զարգացման եւ հետազոտությունների բաժնի ղեկավար Վահան Ասատրյանի, չորս եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներում համամասնությունը փոխվում է` 100 աղջկա հաշվով կա 98 տղա, ինչը նշանակում է, որ այդ ընտանիքները ունեցել են այնքան աղջիկ, մինչեւ որ ծնվի տղա երեխա:
Ըստ կենտրոնի մասնագետների, ծնելիության մակարդակը Հայաստանում շարունակում է մնալ 1,7-ից ցածր. «Հայաստանում տղա երեխայի նախապատվությունը պայմանավորված է, ոչ թե աղջիկ չունենալով, այլ` տղա ունենալով»:
Նրանց խոսքով, եթե նախորդ ժամանակներում աղջիկ երեխայից ազատվում էին ծնվելուց հետո երեխային բերանքսիվայր դնելով բարձի վրա դնելով, ապա այժմ` աբորտի միջոցով:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ