Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեխնիկաս վերցրել են, մի հատ էլ լավ ծեծել, ու ոչ մի փոխհատուցում». Մարութ Վանյան

Հուլիս 24,2017 14:36

Հուլիսյան իրադարձությունների`Խորենացու և Սարի թաղի դեպքերի ժամանակ տուժել է 27 լրագրող, ՀՔԾ-ի տվյալներով` նրանցից տուժող է ճանաչվել 21-ը, մեղադրանք է ներկայացվել 9 անձի, որոնցից 7-ի դեպքում կա դատավճիռ` տուգանք 200. 000 դրամի չափով:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը ներկայացնելով հուլիսյան իրադարձություններից մեկ տարի անց գոյություն ունեցող իրավիճակը`այսպիսի տվյալներ հրապարակեց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը:

Նա մտահոգություն հայտնեց, որ, փաստորեն, 200 հազար դրամով կարող են լրագրող ծեծել կամ լրջորեն խոչընդոտել նրա գործունեությունը:

Դառնալով մեղադրանք ներկայացված անձանց ինքնությանը` ԽԱՊԿ նախագահն ասաց, որ նրանք բոլորը քաղաքացիական անձինք են, մինչդեռ ըստ Աշոտ Մելիքյանի` հատուկ միջոցներ լրագրողների նկատմամբ նպատակաուղղված կիրառել են ոստիկանները: Այս առումով պարոն Մելիքյանն ամփոփեց. «Հատուկ միջոցներ կիրառել են տասնյակ ոստիկաններ, և պահանջում ենք, որ նրանք պատասխանատվության ենթարկվեն»:

Պարոն Մելիքյանը ցավով արձանագրեց, որ իրավապահների և իշխանության ձեռնարկած գործողություններն ամենևին էլ համարժեք չեն լրագրողների նկատմամբ բռնությունների այն ծավալին, որի ականատեսը եղանք հուլիսին. «Այս մոտեցումը բավականին ֆորմալ է, և մեծ հաշվով կրկնում է այն, ինչ տեղի է ունենում «Էլեկտրիկ Երևանի» գործով: Այնտեղ էլ որևէ տեսանելի տեղաշարժ չկա: Սա գործը կոծկելու միտում է: Տարիներ շարունակ իշխանությունները մատների արանքով են նայել լրագրողների դեմ բռնություններին, և, ցավոք, սրանով կանաչ լույս է վառվում նմանատիպ իրավիճակներում նույն գործողությունները կրկնելու առումով: Սա վնասում է նաև խոսքի ազատության առումով ՀՀ վարկանիշին»:

Աշոտ Մելիքյանն իշխանություններին սթափության կոչ է անում և պահանջում քայլեր ձեռնարկել:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը նկատեց, թե լրատվամիջոցներն այս հարցերում միասնականություն և հետևողականություն չեն ցուցաբերում. «Լրատվամիջոցներն առանձնապես ակտիվություն չեն ցուցաբերում, չենք տեսնում հետևողականություն, այս պահի դրությամբ պասիվություն ենք տեսնում: Հուլիսյան դեպքերի ժամանակ լրագրողների նկատմամբ բռնությունների համար քավության նոխազներ դարձան քաղաքացիական անձինք, որոնք պատասխանատվության ենթարկվեցին, ազատազրկում նրանց նկատմամբ չկիրառվեց, այլ դրամական տուգանք: Նման տեսակի դատավճիռ ունենալու պարագայում վարքագիծն ավելի շատ խրախուսանք է ստանում»: Հայկուհի Հարությունյանը նաև մտահոգված է, որ այս գործերի քննությունն այնքան է ձգձգվում, որ ապացուցողական բազան էլ է ոչնչանում. ոչնչացվում են հենց լրագրողական նյութերը հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ, որոնք տեղի ունեցած իրադարձությունների ապացուցողական բազան են:

Երևանի մամուլի ակումբի փորձագետ Արևհատ Գրիգորյանը մտահոգված է, որ հուլիսյան իրադարձություններից հետո լրագրողական գործունեության նկատմամբ վերաբերմունքի և խոսքի ազատության առումով հետընթաց է գրանցվել. «Այս անպատժելիությունը շատ ավելի ծանր հետևանքներ կարող է ունենալ: Նույնիսկ լրագրողների առօրյա գործունեության, լրագրողի աշխատանքի, կերպարի, գոյության նկատմամբ վերաբերմունքն է հետընթաց ապրել: Եթե նախկինում շատերը գոնե թաքցնում էին, որ լրագրողներն իրենց նյարդերի վրա են ազդում, ապա այժմ դա բացահայտ բնույթ է կրում: Սա ազդակ է, և կանաչ լույս է վառում լրագրողական աշխատանքի նկատմամբ արհամարհական վերաբերմունքի առումով: Իրավիճակը հետընթաց ապրեց հատկապես Սարի թաղի դեպքերից և անպատժելիությունից հետո»:

Lragir.am կայքի լրագրող Մարութ Վանյանը պատմեց, որ հուլիսի 29-ին Սարի թաղում իր ուսապարկն են վերցրել`մեջը երկու տեսախցիկ, այնուհետև դաժան ծեծի ենթարկել. աջ ոտքի սալջարդ ունի, որի ցավը մեկ տարի անց էլ զգում է: Սակայն այս գործով որևէ մեկը չի բացահայտվել ու փոխհատուցում չկա. «Կոնկրետ իմ դեպքում ոչ մի առաջընթաց այս մեկ տարվա ընթացքում չի եղել: Իմ ուսապարկը վերցրել էին`մեջը երկու տեսախցիկ, առողջությանս բավականին լուրջ վնաս էին պատճառել: Անգամ աչք կփակեի նրա վրա, որ տեխնիկա եմ կորցրել, բայց որ տեխնիկան վերցնում են, մի հատ էլ լավ ծեծում, և մեկ տարի անց էլ չեն գտնում այդ մարդկանց, դա անթույլատրելի է: Երևի Երևանը 14 միլիոնանոց Տոկիոն է, չէ՞»:

Մարութ Վանյանն ասաց, որ ՀՔԾ-ից իրեն նամակներ են ուղարկել, որ կատարվում է քննություն, և կարող է գնալ ծանոթանալ ընթացքին:

Աշոտ Մելիքյանն էլ տեղեկացրեց, որ երեք լրագրողի գործով արդեն դիմել են միջազգային դատական ատյաններին. «Երկու գործով Եվրոպական դատարան, մեկն էլ գտնվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեում: Սա այն բացառիկ դեպքերից է, երբ երկրի ներսում բոլոր դատական ատյանները սպառված չեն, բայց գանգատներն ուղարկվում են միջազգային դատական ատյաններ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31