«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի որդին օրերս է բանակից վերադարձել, եւ քանի որ մեր օրերում այնքան արտառոց է, որ պաշտոնյայի զավակը ծառայում է հայոց բանակում, այդ փաստը դարձել էր ֆեյսբուքում քննարկման առարկա: Ոմանք գրառումներ էին անում, որ Գեւորգ Պետրոսյանը կարող է ԱԺ-ում գլուխը բարձր ման գալ, որդին ծառայել է:
«Առավոտը» նրանից հետաքրքրվեց՝ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այն պաշտոնյաներին, որոնք իրենց լծակներն օգտագործում են եւ իրենց զավակներին թույլ չեն տալիս բանակ գնալ: Նա պատասխանեց. «Ես բացասաբար եմ վերաբերվում, որովհետեւ պաշտոնյան պետք է իր անձնական օրինակով վարակիչ նշանակություն ունենա մյուսների համար: Եթե ես պետք է ԱԺ ամբիոնից կամ որեւէ այլ բարձր ամբիոնից քարոզեմ բարոյականություն, հայրենասիրություն, բայց իմ սեփական զավակին թաքցնեմ իմ տանը, դա արդեն բարոյական չի: Ամեն մարդ իրավունք ունի խոսելու նրանից, ինչի համար ինքը անձնական օրինակ է ծառայում: Ես ոչ մի ձեւով չեմ միջամտել իմ որդու ծառայությանը, բացարձակ որեւէ միջամտություն չեմ ունեցել, թե որտեղ կծառայի: Ես առաջին անգամ, թե իմ որդին որտեղ է գտնվել ծառայությունն իրականացնելիս, իմացել եմ իր երդման օրը, զորակոչվելուց մեկ ամիս անց: Ես միայն այդ ժամանակ եմ իմացել եւ որեւէ ձեւով չեմ միջամտել, որ նա, ասենք, չմասնակցի մարտական գործողությունների: Նա երկու տարի ինձնից թաքցրել է, ես հարցրել եմ՝ որտե՞ղ ես, միշտ ասել է՝ ներքեւում եմ, բայց պարզվում է, որ ինքը առաջնագծում է եղել: Կամ տեղեկացրել է տանը, որ ամեն ինչ նորմալ է, հետո եմ իմացել, որ նա դիրքերում է: Ես չեմ հասկանում մարդկանց, ովքեր ասում են մի բան, կյանքում անում են այլ բան, ես իմ օրինակով այդպես չեմ անում: Փառք Աստծո, որդիս առողջ, ամբողջական վերադարձավ»:
Պատգամավորը նույնը մաղթեց բոլոր զինվորներին եւ բոլոր ծնողներին, որ իրենք նույնպես կարողանան արժանանալ այն երջանիկ պահին, երբ իրենց զավակը առողջ ու ուրախ վերադառնում է զինվորական ծառայությունից:
Հ. ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ»
22.07.2017