Մոտ 4 ամիս է ինչ մեր երկրում ավարտվել են խորհրդարանական ընտրությունները: Սակայն, ինչպես յուրաքանչյուր ընտրությունից հետո, այս անգամ էլ Վանաձորի տարբեր հատվածներում դեռեւս կարելի է հանդիպել ընտրությանը մասնակցած քաղաքական ուժերի ու թեկնածուների պաստառների:
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի որոշմամբ, նախընտրական շրջանում քաղաքում քարոզչական պաստառներ փակցնելու համար՝ յուրաքանչյուր կուսակցության, դաշինքի ու թեկնածուի տրվեց հնարավորություն՝ օրենքով սահմանված 54 անվճար վայրերում փակցնել նախընտրական պաստառներ: Այնինչ, թեկնածուներն իրենց քարոզչական պաստառները փակցրեցին նաեւ չնախատեսված վայրերում:
Ընտրություններից հետո որոշ թեկնածուներ ու կուսակցություններ իրականացրեցին ՀՀ Ընտրական օրենսգրքով սահմանված կետը, հանելով իրենց կողմից փակցված քարոզչական պաստառները:
Վանաձորի քաղաքապետն ասում է, որ քաղաքապետարանը ընտրություններից հետո քաղաքի կենտրոնական մասերից հեռացրել է քարոզչական նյութերը, ծայրամասային թաղամասերում դրանք դեռ մնում են. «Ընտրություններից հետո մոտ 2 ամիս մաքրել ենք: Դեռ նախորդ ընտրություններից էլ կան փակցված պաստառներ: Ամեն փակցնող պետք է ինքը վերացներ այդ պաստառները, բայց քանի որ չարեցին, հիմա քաղաքապետարանը պետք է մաքրի: Այդ աշխատանքների ծավալները շատ մեծ են, մենք էլ այդքան ռեսուրս չունենք, որ անընդհատ մաքրենք»:
Մամիկոն Ասլանյանն ասում է, նշված աշխատանքները քաղաքապետարանը կշարունակի իրականացնել սեպտեմբեր ամսից՝ քաղաքի բարեկարգման աշխատանքներն ավարտելուց հետո: Իսկ մինչ այդ, ընտրություններին մասնակցած թեկնածուները կշարունակեն պաստառներից ժպտալ վանաձորցիներին:
«Առավոտ»
22.07.2017