Անարդարության, գաղջ մթնոլորտի, կոռուպցիայի,
արտագաղթի չվերացման միակ պատճառը
Անցած շաբաթ Հայաստանում երկու միջոցառման ժամանակ երեք անգամ կարեւորվեց մարդը: Նախագահ Սերժ Սարգսյանը «Դիտակետ», «Պատիվ ունեմ», «Ես եմ» ծրագրերի հանրային քննարկումների ամփոփման ժամանակ ասաց. «Այս ծրագրերը միավորում է մի հանգամանք՝ մարդու հանգամանքը. երեքի հիմքում էլ մարդն է»: Քիչ անց նկատեց. «Մենք, իհարկե, չենք մոռանում, որ կռվի դաշտում գլխավոր գործող անձը մարդն է, հայ ռազմիկն է՝ իր մասնագիտական պատրաստվածությամբ, խելամտությամբ եւ խիզախությամբ: Բազմիցս շատ մարդիկ ասել են, եւ հիմա էլ ես կրկնում եմ, որ բոլոր այն ճակատամարտերում ու պատերազմներում, որտեղ մենք հաղթել ենք կամ հաջողություն ենք ունեցել, առաջին հերթին հաղթել ենք հենց մարդկային գործոնի շնորհիվ»:
Իսկ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը Եվրոպական միության «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շնորհանդեսի ժամանակ հայտարարեց. «Կառավարման համակարգի արդյունավետությունը կարող է բարձրանալ միմիայն այն դեպքում, երբ հասարակությունը կառուցված է ակտիվ քաղաքացիներով: Դա հատկապես կարեւորվում է Հայաստանում, որն այդքան էլ հարուստ չէ բնական ռեսուրսներով, չունի ելք դեպի ծով, մեր հիմնական ռեսուրսը արժանապատիվ, կարող մարդն է»:
Ցավոք, սրանք միայն խոսքեր են: Հայաստանում մարդու մասին մտածող չկա:
26-ամյա Հայաստանի Հանրապետությունում երկու մարդ եղել է նախագահ, Սերժ Սարգսյանը երրորդն է, 13 մարդ եղել է վարչապետ, Կարեն Կարապետյանը 14-րդն է, մոտ 250 մարդ եղել է նախարար: Այսքանից հետո Սերժ Սարգսյանն ասում է, որ երկրում գաղջ մթնոլորտ է եւ անարդարություն, Կարեն Կարապետյանն ասում է, որ տնտեսությունը չափազանց ծանր վիճակում է, պետական մակարդակով ընդունում են, որ կա կոռուպցիա եւ արտագաղթ: Բայց ելույթներով ու սիրուն-սիրուն բառերով մարդուն կարեւորող իշխանությունը գործնականում այս արատների դեմ չի պայքարում, մարդու չի էլ նկատում: 26-ամյա Հայաստանում դեռ չկան մարդուն այլ մարդուց տարբերող չափանիշներ: Ո՞վ է ավելի լավ մարդ. պատերազմող երկրում զավակին բանակից հեռու պահող ունեւորն ու նրա որդի՞ն, անհավասար ուժերով թշնամու դեմ դուրս եկող եւ նրան հաղթող ունեզուրկի որդին ու նրա ծնո՞ղը, նորմալ ապրելու չբավականացնող աշխատավարձ ստացող եւ չգողացող մանկավա՞րժը, մանկավարժի մեկ տարվա եկամուտը մեկ շաբաթում ստացող եւ գողացող պաշտոնյա-օլիգա՞րխը: Ո՞վ:
Ինչո՞ւ իշխանությունը չի զանազանում օրինավոր մարդուն անօրեն մարդուց: Ինչո՞ւ անօրենը չի պատժվում: Գալուստ Սահակյանն ԱԺ նախագահ ժամանակ 22 օգնական ուներ, Արա Բաբլոյանը 16-ին կրճատեց: Հիմա ո՞վ է լավ մարդ եւ ինչո՞ւ վատը նախատինքի խոսք չի լսում: Տարոն Մարգարյանը փորձեց ավերել Երեւանի Մաշտոցի այգին ու թանկացնել ներքաղաքային ուղեւորափոխադրումների վարձը: Մարդիկ դեմ ելան, բայց Տարոն Մարգարյանը չի հրաժարվել այս մտքից ու որոշել է այս տարեվերջին թանկացնել ուղեվարձը: Մարդկանց մեծ մասին դեմ գնացող մարդը լա՞վ մարդ է: Ինչո՞ւ իշխանությունը սահմանափակվեց «Տարոն ջան, սիրուն չի» արտահայտությամբ ու շարունակեց նրան վստահել մի քաղաք, որի բնակիչների մեծամասնությունը Տարոն Մարգարյանի մտքերին ու նախաձեռնություններին դեմ է:
Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարար եղած ժամանակ՝ 2016 թվականին ասաց, որ չգիտի ինչպես է ստացվում, բայց առաջնագծում՝ սահմանին ծառայում են անապահով ընտանիքների երեխաները: Մարդը խոստովանեց, որ իր ղեկավարած ոլորտում անարդարություն կա ու մարդուն բան չեղավ, շարունակեց պաշտոնավարել: 2009-ի հոկտեմբերի 12-ին կնքվեց «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շինարարության համար վերցվող վարկի առաջին տրանշի պայմանագիրը: Իշխանավոր մարդիկ ասացին՝ ծրագիրը կավարտվի 2015-ին, հետո ասացին՝ 2017-ին, հիմա ասում են 2019-ին կամ 2020-ին: 2009-ից այսկողմ երեք մարդ է գլխավորել տրանսպորտի նախարարությունը՝ Գուրգեն Սարգսյան, Մանուկ Վարդանյան, Գագիկ Բեգլարյան: Գործող նախարար Վահան Մարտիրոսյանը չորրորդն է: Ինչո՞ւ իշխանությունը չի պարզում, թե այս մարդկանցից որն է մեղավոր ծրագրի տապալման համար եւ ինչո՞ւ մեղավոր մարդը պատասխան չի տալիս, որ արդար մարդն էլ տեսնի, որ իր փողերով ապրող իշխանությունում իր մասին մտածող մարդ կա:
Եթե տնտեսությունը չափազանց ծանր վիճակում է, որքանո՞վ է մեղավոր այսօրվա փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, որը ֆինանսների նախարար է եղել, որքանո՞վ է մեղավոր տարածքային զարգացման եւ ներդրումների այսօրվա նախարար Դավիթ Լոքյանը, որը գյուղատնտեսության եւ քաղաքաշինության նախարար է եղել, որքանո՞վ է մեղավոր կրթության եւ գիտության այսօրվա նախարար Լեւոն Մկրտչյանը, որը նախկինում երեք անգամ կրթության եւ գիտության նախարար է եղել, որքանո՞վ է մեղավոր իշխանական պատգամավոր Արամ Հարությունյանը, որը 13 տարում երեք կուսակցություն եւ հինգ պաշտոն է փոխել:
Այսպիսի հարցեր կարելի է տալ այսօր իշխանական լծակներ ունեցող բոլոր մարդկանց մասին: Բայց անհամեմատ ցանկալի է պատասխաններ ստանալը: Ու քանի դեռ պատասխանները չկան, չկա օրինավոր մարդուն անօրենից զանազանելու հստակ չափանիշ, Հայաստանում կլինեն գաղջ մթնոլորտ, անարդարություն, ծանր վիճակում գտնվող տնտեսություն, կոռուպցիա, արտագաղթ:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ»
22.07.2017