Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերը» մեր երկրում իրավիճակ չփոխեցին, ճիշտ այնպես, ինչպես Նաիրի Հունանյանը չփոխեց» (Տեսանյութ)

Հուլիս 24,2017 12:00

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակում բանավիճում են ԳԽ պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը եւ իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

Հռիփսիմե Ջեբեջյան.– Պարոն Բաղդասարյան, Դուք «Սասնա ծռերին» աջակցելու նպատակով ստեղծված համակարգող խորհրդի անդամ էիք եւ հայտարարում էիք, որ «Սասնա ծռերի» անդամները վայելում են համաժողովրդական սերն ու հարգանքը, հիմա է՞լ եք այդ կարծիքին:

Ալբերտ Բաղդասարյան.- Ինձ համար ակնհայտ փաստ կար՝ մարդիկ զինված գրավել են տարածք՝ ՊՊԾ գունդը, եւ դրել են պահանջներ: Այդ պահանջները այդ պահին բոլորի հոգու խորքի՞ց էին գալիս, թե՞ չէ, օրինակ՝ քաղբանտարկյալների ազատ արձակում, կա՞ Հայաստանում մեկը, որ ասի՝ թող քաղբանտարկյալներ լինեն, չկա:

Հ. Ջ.– Նպատակները բարի էին, բայց ահաբեկիչների նպատակներն էլ են բարի լինում: Սա, իհարկե, ահաբեկչություն չի, բայց նրանք էլ, որպես կանոն, վեհ, լավ գաղափարներ են ունենում:

Ա. Բ.- Ես տրամաբանական եմ համարում եւ նորմալ, որ ոմանք դա գնահատում են ահաբեկիչներ, իրենք պացիֆիստ են, իրենք գնահատում են, որ ուժով ընդհանրապես ոչ մի բան անել չի կարելի, դա պետք է անել փափուկ, խաղաղ: Ես այդպիսի մարդկանց նորմալ եմ ընդունում միայն այն ժամանակ, երբ դա իրենց համոզմունքն է ամենօրյա: Բայց երբ նրանք այդ մասին բարձրաձայնում են այն ժամանակ, երբ իշխանություններին անհրաժեշտ է, ասենք՝ «Սասնա ծռերին» պետք է դատապարտել՝ որպես ահաբեկիչ, եւ հենց այդ պահից սկսած հանկարծ իրենց լեզուները բացվում են, բոլորը գլխի են ընկնում, որ դա ահաբեկչություն է… Ոմանք Հռոմի պապից կաթոլիկ են, աչքի ընկնելու խնդիր կա, դեսպան դառնալու խնդիր կա: Ովքեր անկեղծորեն գնահատում են որպես ահաբեկչություն, պարտավոր են այս պահին լռել: Հռոմի պապից կաթոլիկ դառնալը կա՛մ հիմարության նշան է, կա՛մ քծնանքի: Եթե մեկը բարձրաձայնում է, որ ես գնահատում եմ, որ նրանք տեռորիստներ են, նա հիմար է, իսկ եթե մտածված ասում է, որ տեռորիստներ են, նա թափուր տեղեր աչքի առաջ ունի կամ օճառ է դնում որոշ պաշտոնյաների ոտքի տակ:
Վարդան Հարությունյան-. Նրանք, իհարկե, տեռորիստներ չեն, որովհետեւ տեռորիստները այլ կարգի գործողոււթյուն են ծրագրում եւ իրականացնում: Նրանք ապստամբներ էլ չեն, ապստամբներ կլինեին, եթե իրականանար նրանց առաջին օրվա ծրագիրը՝ նոր զորամիավորումներ միանային եւ այլն… Դա զինված մեկքայլանի գործողություն էր:

Մասնակիցներից մի քանիսին ես ճանաչում եմ, նրանց մեջ կան մարդիկ, որոնց ես շատ եմ հարգում, գնահատում եւ հավանում, կարծում էի, որ գոնե իմ ճանաչածները հաստատ չպետք է գնային այդ մեկքայլանի գործողությանը: Ինչ վերաբերում է նրանց առաջ քաշած պահանջներին, դրանք համահունչ են երկրում սովորական քաղաքացու առօրյա խնդիրներին. դա է պատճառը, որ մարդիկ դուրս եկան Խորենացի փողոց: Մարդիկ դուրս են գալիս կամայական մեկի հետեւից, որն ասում է՝ խոստանում եմ լուծել այդ խնդիրները: Մեր երկրում այդ խնդիրները չեն լուծվում, գնալով խորանում են: Դա է պատճառը, որ եթե մարդիկ 2003-2004-ին, 2008-ին դուրս էին գալիս խաղաղ երթերի, ապա մարդկանց մեջ գտնվում են միշտ խմբեր, որոնք մտնում են արդեն փակուղի: Խաղաղ ճանապարհով չի լուծվում խնդիրը, եւ այդ փակուղի մտած մարդիկ կարող են դիմել տարբեր քայլերի. մեկը կարող է տեռորիստի վերածվել, մյուսը զինված խմբավորում ունենալ, ծայրահեղ քայլերի դիմել: Մեղավորը, իհարկե, իշխանություններն են, բայց «Սասնա ծռերը» մեկ տարի առաջ իրենց այդ քայլով մեր երկրում իրավիճակ չփոխեցին, ճիշտ այնպես, ինչպես Նաիրի Հունանյանը իրավիճակ չփոխեց: Նա մտավ, իր պատկերացումներով, երկրի համար մեկ պատասխանատուին՝ Վազգեն Սարգսյանին, վերացրեց՝ մտածելով, որ դրանից հետո իրավիճակ կփոխվի, բայց իրավիճակ չփոխվեց: Այսպիսի մեկքայլանոց գործողությունները հանգեցնում են նրանց դատապարտմանը, բայց իրավիճակ չեն փոխում:

Ա. Բ.- Նաիրի Հունանյանի անունը «Սասնա ծռերի» կողքին դնելը առնվազն միամտություն է: Նաիրի Հունանյանը հատուկ նպատակամղված անզեն մարդկանց գնդակահարել է: Լավ էին թե վատ՝ ուրիշ հարց է: Ոչ մեկը իրավունք չի տվել առանց դատ ու դատաստանի այդպես ինքնադատաստանի ենթարկել անզեն, չդիմադրող մարդկանց: Դա համեմատել այն մարդկանց, որոնք ոչ մեկին չեն ուզեցել սպանել, ոստիկաններին պատանդ էին վերցրել եւ բաց թողել… Ասեմ՝ «Սասնա ծռերից» շատերը հիմա հիասթափված են իրենց արածի անարդյունավետությունից, ավելի ոգեւորված կլինեին, եթե պատանդներին շատ պահեին, եթե դրանից հետո մի հատ Ազգային ժողովը գրավեին, նախագահականը գրավեին, մի հատ Սերժ Սարգսյանին կոնկրետ պատժեին, հիմա ամեն մեկը նրանցից յուրաքանչյուրի ոսկե արձանը կդներ իր տանը:

Հ. Ջ.– «Սասնա ծռերի» գործողությունների արդյունքում 3 ոստիկան զոհվեց, ո՞ւմ խղճին է դա մնալու:

Վ. Հ.- Կարծում եմ, որ հենց առաջին պահից «Սասնա ծռերի» գործողությունները՝ գոնե իրենց հայտարարություններով, այնպես էին, որ նրանք ամեն ինչ անելու են, որ զոհեր չլինեն: Հիմա դատական պրոցես է ընթանում, եւ եթե ՀՀ իշխանությունները թույլ տային, որ դատական պրոցես լիներ, դատարանից վտարում են փաստաբաններին, վտարում են մեղադրյալներին, վերադառնում ենք արդեն էն հին տարիներին, որ 3 հոգով հավաքվում էին եւ վճիռ էին կայացնում մեկ շաբաթվա մեջ, թե այսինչը մեղավոր է՝ գնդակահարել կամ տալ 10 տարի: Այդ կարգի դատավարական պրոցեսում հնարավո՞ր է պարզել, թե ով է կրակել եւ ում խղճին է դա: Ցանկացած գործողության արդյունքում կարող են լինել զոհեր: Մեքենայով գնում ես, քո սխալի պատճառով երրորդ մեքենա կարող է մեկ ուրիշին հարվածել: Որպեսզի դա բացահայտվի, պետք է արդարադատություն լինի՝ իշխանության կամքից անկախ:

Ա. Բ.- ՀՀ-ում ինչ կատարվել է եւ ինչ կատարվելու է այսուհետ իշխանությունների խղճին է մնալու:

Հ. Ջ.- «Սասնա ծռերի» առաջին հայտարարության մեջ նրանք հստակ նշել էին, որ եթե ոստիկանները, ԱԱԾ աշխատողները գնային իրենց ծառայության վայրերը, համազգեստ կրեին, կհամարվեին ապստամբության թիրախ եւ կչեզոքացվեին: Այսինքն՝ կարծես պլանավորած լինեին:

Ա. Բ.- Հայտարարությունները մի բան են, անելը՝ այլ բան: Եթե այդպես լիներ, Օսիպյանը քաղաքացիական հագուստով լիներ, թե իր ոստիկանական ֆորմայով, իրենք հաստատ ճանաչում էին, եթե ոչնչացնող լինեին, կոչնչացնեին շատերին: Իրենք 30 հոգի էին, զինված մահապարտ էին, եթե գնային արնահեղության, հիմա 3 ոստիկանի զոհով եթե վերջացել է… ընդ որում, երեքից մեկը հաստատ ռուսական ԿԳԲ-ի ձեռագիրն է, սնայպերով խփում են այս կողմին էլ, այն կողմին էլ, թշնամությունը խորացնում են մինչեւ վերջ, հասնում են արնահեղության… Բայց ժողովուրդը ի վերջո քաղաքական գնահատական տվեց, այն անհրաժեշտ զոհերն էին: Դավիթ Շահնազարյանը կամ մյուսները, որ եկել էին ՊՊԾ գնդի պետական այդ արարողությանը, այդքան ցավո՞ւմ էին ոստիկանների համար, լո՞ւրջ եք ասում, մեկը կա՞, որ համարում է, որ ոստիկանապետը կամ Սերժ Սարգսյանը ցավում է որեւէ ոստիկանի համար: «Սասնա ծռերը» եթե չցուցաբերեին քաղաքական հասունություն ու չհանձնեին զենքերը, պատկերացնո՞ւմ եք՝ քանի ոստիկան կզոհվեր:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

22.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31