Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ՌԴ-ն այդքան մտահոգված է ՀՀ-ում ռուսերենի դասավանդման մակարդակով, թող միջոցներ ձեռնարկի»

Հուլիս 24,2017 11:29

Կիսաշանտաժային ոճի առաջարկներն անընդունելի են

Օրերս ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպմանն առաջարկեց մեր երկրում ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալ, որպեսզի ՌԴ-ն դրա դիմաց ճանաչի հայկական վարորդական իրավունքի վկայականները: Հունիսի 1-ից ՌԴ-ում օրենքով արգելեցին ազգային վարորդական իրավունքի վկայականները, իսկ հուլիսին ընդունված մեկ այլ օրենքով՝ Ռուսաստանն իր տարածքում ճանաչում է ԵՏՄ այն անդամ-երկրների ազգային վարորդական իրավունքի վկայականները, որտեղ ռուսերենը պետական լեզվի կարգավիճակ ունի: Այս խնդրի շուրջ Երեւանի ավագանու «ԵԼՔ» դաշինքի անդամ, դաշինքի մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանն «Առավոտի» հետ զրույցում համոզմունք հայտնեց՝ ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամ լինելը չի ենթադրում, որ ՌԴ-ն կարող էր իրեն թույլ տալ նման առաջարկ անել մեր երկրին: «ԵՏՄ անդամները հավասար լիազորություններ եւ պարտավորություններ ունեն՝ առանց միմյանց հանդեպ գերակայությունների: Նման կիսաշանտաժային ոճի առաջարկներն անընդունելի են»,-նշեց Տիգրան Ավինյանը:

Թեեւ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ասել էր, որ նման հարց ՀՀ իշխանությունների օրակարգում չկա, Տիգրան Ավինյանի խոսքով՝ նման դեպքերում ավելի կոշտ արձագանք պետք է լիներ. «ՀՀ-ում նման հարցերը իրավասու են որոշել իշխանությունները: Նախ, պետք է լինի հասարակության կողմից հարցի հանդեպ նախատրամադրվածություն, որն առկա չէ: Բացի այդ, թեեւ դպրոցներում դասավանդվում է ռուսերեն, չեմ կարծում, որ ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալու առաջարկն ընդունելի է»:
«ԵԼՔ» դաշինքի ավագանու անդամ Արայիկ Հարությունյանն էլ իր հերթին ասաց. «Որեւէ օտարերկրյա գործընկերոջ հետ կհրաժարվեմ երբեւէ քննարկել ՀՀ-ում այլ լեզվին պետական կարգավիճակ տալու հարցը, որովհետեւ դա, նախ, բխում է մեր պետության եւ ժողովրդի ազգային արժանապատվությունից: Բացի այդ, նման հարց քննարկել՝ նշանակում է անարգել ՀՀ Սահմանադրությունն ու լեզվի մասին օրենքը, որը հստակ սահմանում է՝ ՀՀ պետական լեզուն հայերենն է»:

Արայիկ Հարությունյանի կարծիքով՝ հենց Սահմանադրության նշյալ տողը պետք է մեջբերեին հայ պաշտոնյաները Վոլոդինի հետ հանդիպմանը եւ խիստ գնահատական տային նրա առաջարկին: «Առհասարակ նման հարց չպետք է քննարկվի»,-նկատում է Հարությունյանը: Նրա խոսքով՝ լեզվի պատշաճ իմացության հարցը ճիշտ չէ կապել ՀՀ-ում այլ լեզվին կարգավիճակ տալու կամ օտարալեզու դպրոցներ բացելու հարցի հետ, քանի որ լեզվի թերի դասավանդման հարցը չի լուծվի լեզվին պաշտոնական կարգավիճակ տալով կամ օտարալեզու դպրոց հիմնելով. «Պետք է փոխվի տվյալ լեզվի դասավանդման մեթոդաբանությունը հայկական դպրոցներում: Եթե ՌԴ-ն այդքան մտահոգված է ՀՀ-ում ռուսերենի դասավանդման մակարդակով, կարող է միջոցներ ձեռնարկել եւ համապատասխան մասնագետների վերապատրաստել իր երկրում: Դա նորմալ պրակտիկա է եւ կբխի մեր դաշնակցային հարաբերություններից: Մինչդեռ ՌԴ-ն իր հայտարարությամբ կասկածի տակ է դնում մեր դաշնակցային հարաբերությունները եւ վիրավորում Հարավային Կովկասում իր դաշնակից Հայաստանին»:

 

ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ»

22.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31