Ծաղկաձորի մարզաբազայում ավարտվեց ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» եւ «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզական ընտանիք» մրցույթը: Ըստ առանձին մրցաձեւերի, տարիքային խմբերի եւ թիմային պայքարում հաղթողների անունները կհայտարարվեն այսօր, փակման հանդիսավոր արարողության ժամանակ:
«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթն այս տարի երեք փուլերի մասնակցության նոր ռեկորդ է գրանցել՝ դառնալով ամենամասսայական մարզական-մասսայական միջոցառումը Հայաստանում եւ Արցախում:
Մրցույթի կազմակերպիչ եւ գլխավոր պատասխանատու, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը «Առավոտի» հետ զրույցում ամփոփել է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի արդյունքները:
– Պարոն Ասրյան: Ավարտվեց նաեւ «Լավագույն մարզական ընտանիք» 14-րդ մրցույթը: Այն ինչո՞վ առանձնացավ նախորդներից:
– Բազմիցս ասել ու հիմա էլ կրկնում եմ, որ ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը հիմնադրման տարվանից սկսած մշտապես առաջանցիկ ցուցանիշ է արձանագրել: Մասսայականության շոշափելի աճը սկսվեց 2015 թվականից, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ցուցաբերած ուշադրության եւ աջակցության շնորհիվ այս մրցույթի շրջանակներում հիմք դրվեց առողջ ապրելակերպի երեք նոր մրցույթների: Իսկ 2017 թվականին ծնվեց եւս յոթ մարզական մասսայական միջոցառում ու աճը դարձավ շեշտակի՝ ծածկելով ազգաբնակչության բոլոր շերտերը, սկսած նախադպրոցական հաստատություններից, մինչեւ ուսանողություն ու տարեցներ: Քանակական արտահայտությամբ «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի մասնակիցների թիվը բազմապատկվել է ավելի քան 13 անգամ:
– Ո՞րն է դրա գաղտնիքը:
– Արդեն ասացի. նախագահ Սերժ Սարգսյանի ուշադրությունն ու աջակցությունը եւ աշխատանքները ճիշտ կազմակերպելը: Սկսած 2007 թվականից, երբ «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի կազմակերպումը եւ պատասխանատվությունը վստահվեց ինձ, մենք հետեւողական աշխատելով կարողացանք փոխել հասարակության մտածելակերպը եւ վերաբերմունքը առողջ ապրելակերպի նկատմամբ: Մարդիկ աստիճանաբար հասկանում են, որ ընտանիքի առողջությունը Աստծո շնորհած գերագույն արժեք է, որը պետք է պահպանել: Առողջ ընտանիքը ամուր է, իսկ ամուր ընտանիքը՝ հայրենիքի կայունության եւ հզորության գրավական: Առողջ ընտանիքը ավելի հեշտ է դիմագրավում փորձություններին, հաջողության հասնում կյանքի բոլոր ոլորտներում: Սա պարզորոշ նշմարվում է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի եզրափակիչ փուլում, որտեղ «վետերան ընտանիքները» որպես կանոն գերազանցում են համեմատաբար նորեկներին: Հնաբնակները մրցույթին մասնակցելու փորձ եւ դիմացկունություն ունեն եւ ավելի հաճախակի են հաղթում տարբեր մրցաձեւերում կամ մրցանակային տեղեր զբաղեցնում: Սա հաստատում են նաեւ իրենք՝ ընդգծելով, որ շնորհիվ այս մրցույթի, գրեթե ողջ տարի ամբողջ ընտանիքով կանոնավոր մարզվում են: Եվ որ ամենակարեւորն է, պահպանել են իրենց առողջությունը: Սա է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի գլխավոր ձեռքբերումը եւ այն, որ այս շարժման մեջ ներգրավվել են նաեւ հաշմանդամություն ունեցող ընտանիքները:
– Նոր ծրագրեր կա՞ն:
– Անշուշտ, եւ դրանք կազմավորման փուլում են: Մենք եղածով երբեք չենք բավարարվում: Ավելին ասեմ: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության համապատասխան վարչությունը, որը համակարգում եմ ես, գործնական եւ նյութական աջակցություն է ցույց տալիս հաշմանդամություն ունեցողների խնդիրներով զբաղվող հասարակական չորս կազմակերպությունների:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
22.07.2017