Լրահոս
Օրվա լրահոսը

Արտասահմանյան պրոդյուսերները «տեր են կանգնում» մեր երգիչներին ու հասցնում մինչեւ իսկ Մետրոպոլիտեն թատրոն

Հուլիս 24,2017 13:30

Մինչ հայաստանյան պրոդյուսերական դաշտը շուրջ քառորդ դար կայացման փուլում է (խոսքը դասական երաժշտարվեստի ոլորտի մասին է), մեր բարձրակարգ երաժիշտներին, այս դեպքում՝ օպերային երգիչներին, գտնում եւ «տեր են կանգնում» արեւմտյան պրոդյուսերները, մենք էլ շնորհիվ մեր որոշ պետական կոլեկտիվների եւ մեզանում անցկացվող փառատոների, հյուրի կարգավիճակում ենք հանդիպում նրանց:
«Առավոտը» հանդիպեց Գերմանիայում ապրող ու ստեղծագործող, ինչպես նաեւ հեղինակավոր օպերային թատրոններում հանդես եկող սոպրանո Անի Յորենցին եւ բաս Վազգեն Գազարյանին:

Արվեստագետները հայրենիքում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (տնօրեն՝ Ռուզաննա Սիրունյան, գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) հրավերով: Նրանք իրենց կոլեգաների հետ հանդես կգան «Արամ Խաչատրյան» համերգասրահում, հուլիսի 24-ին կայանալիք «Գալա օպերա» նախագծում եւ Պուչինիի «Բոհեմ» օպերայի թատերականացված բեմադրությունում (ռեժիսոր՝ Սուքիաս Թորոսյան): Ի դեպ, Անի Յորենցը 2016թ. Միմիի դերերգով հանդես է եկել դարձյալ ֆիլհարմոնիկի նախաձեռնած հիշյալ օպերայում, սակայն մեզ հետ զրույցում հավաստիացրեց, թե այս անգամ նույն ռեժիսորը նույն օպերային նոր մեկնաբանություն է հաղորդել: Անի Յորենցը, իր խոսքերով՝ Գերմանիայում է հայտնվել 2008թ.՝ Ֆրանկֆուրտում ուսումը շարունակելու նպատակով եւ միայն անցյալ տարի հրավեր է ստացել ու առաջին անգամ ներկայացել հայաստանցի հանդիսատեսին: «Առաջին դերերգս Միմին էր՝ Դորտմունդի օպերային թատրոնում, որն էլ ինձ համար կարծես այցեքարտ դարձավ: 2013-ից Հեսսենի շրջանի Քասել քաղաքի օպերային թատրոնի մեներգչուհի եմ: Հանդես եմ եկել տարբեր թատրոններում եւ համերգասրահներում: Նշեմ, որ 4-5 տարվա ընթացքում պատրաստել եմ շուրջ 15 դերերգ»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը: Հավելեց, որ իր ստեղծագործական կարիերայում մեծ դերակատարում ունի հոլանդացի պրոդյուսեր Սփելթը:

Վազգեն Գազարյանին Երեւանում վերջին անգամ հանդիպել էինք 10 տարի առաջ, երբ նա Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի եւ իր գործընկերների հետ մասնակցեց Վերդիի «Նաբուկո» օպերայի համերգային կատարմանը: Երգիչը 2007թ.-ից հանդես է գալիս Գերմանիայի Էրֆուրտ քաղաքի օպերային թատրոնում: Նրա առաջին դերերգը Օրովեզն էր՝ Վերդիի «Նորմա» օպերայում: «Օգոստոսի 19-ից մեկ տարի ժամանակով պայմանագիր եմ կնքել Մետրոպոլիտեն թատրոնի հետ, իհարկե՝ շնորհիվ Belcanto Global Arts-ի»,-հայտնեց Վազգեն Գազարյանը: Հետաքրքրությանը՝ ամերիկյան այս կազմակերպությունն ինչպես գտավ իրեն, երգիչը պատասխանեց. «2015թ. Էրֆուրտի թատրոնում կայացավ Գունոյի «Ֆաուստ» օպերայի պրեմիերան, որտեղ հանդես եկա Մեֆիստոֆելի դերերգով եւ բեմադրող դիրիժորը՝ Յարի Հեմելայնեն ինձ ծանոթացրեց ամերիկյան հեղինակավոր այդ պրոդյուսերական կազմակերպությունը ներկայացնող իր ընկերոջ՝ վոկալի հայտնի դասատու Բրայեն Յահուիայնեին»: Երեւանյան «Բոհեմում» Վազգեն Գազարյանը հանդես կգա Քոլլինի դերերգով:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

22.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31