2022թ.-ից ԵԱՏՄ շրջանակներում, ըստ կառույցին անդամակցության պայմանագրի, երրորդ երկրներից ներկրվող ապրանքների թանկացումներ են լինելու: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը: Նա մասնավորապես նշեց. «Քանի որ նպատակ կա, որպեսզի ԵԱՏՄ անդամ-երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունները զարգանան, երրորդ երկրներից ապրանքատեսակների ներմուծման մաքսային դրույքաչափը բարձրանում է:
Դա նորություն չէ ու նոր չէ, որ որոշվել է: Դա հայտնի էր դեռևս այն ժամանակ, երբ քննարկվում էր ԵԱՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը: Եթե այսօր, օրինակ, Վրաստանից, ցամաքային ճանապարհով ՀՀ քաղաքացին կարող է իր հետ բերել 1500 եվրո և 50 կգ չափով անձնական օգտագործման ապրանք, ապա 2022թ.-ից այդ չափաքանակը նվազելու է՝ համապատասխանաբար 500 եվրո և 25կգ: Այսինքն, եթե անձը իր անձնական օգտագործման համար 500 եվրոյից թանկ արժեցող համակարգիչ կամ ֆոտոխցիկ բերի, պետք է մաքսազերծում անի: Սա ակնհայտ սահմանափակում է և յուրօրինակ բլոկադա: ԵԱՏՄ ջատագով իշխանավորներին ձեռնտու չէ այս մասին խոսել, որովհետեւ դա անմիջապես հարվածում է քաղաքացու գրպանին»:
Մեր զրուցակիցն ընդգծեց, որ սպառողական զամբյուղի առաջին անհրաժեշտության ապրանքներն ու մթերքները թանկանալու են, զուտ այն պատճառով, որ դրանց ներմուծման մաքսային դրույքաչափերը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ավելանալու են, իսկ ահա զենքի ներկրման մասով արդեն իսկ հետեւյալ կարգն է գործում. ԵԱՏՄ անդամ Հայաստանը, եթե ցանկանա երրորդ երկրներից զենք ձեռք բերել, պարտավոր է 18 տոկոս հավելյալ վճարում անել ԵԱՏՄ միութենական բյուջե:
«Եթե, օրինակ, ուզում ենք «Սմերչ» ձեռք բերել երրորդ երկիր համարվող Չինաստանից, պետք է 18 տոկոս հավելյալ վճարում անենք: Եվ դա այն պայմաններում, որ մենք անվտանգության խնդիր ունենք, իսկ դրա նպատակն այն է, որ այլընտրանք չունենանք, որ պարտադրված միայն Ռուսաստանից զենք գնենք: Ասում են՝ ԵԱՏՄ-ին այլընտրանք չկա, բայց իշխանությունները հենց ԵԱՏՄ-ին անդամակցելով են բացառել այլընտրանքները»,-նկատեց Անժելա Խաչատրյանը:
Նրա բնորոշմամբ՝ ՀՀ իշխանությունները պնդում էին, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը բարձրացնում է ՀՀ անվտանգության բաղադրիչը, սակայն այդ փուչիկը պայթեց նախորդ տարվա ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ, երբ Ադրբեջանը նախահարձակ եղավ ՌԴ-ից գնված զենքով. «Եվ այդ օրերին անգամ ռազմավարական գործընկեր ՌԴ-ի փոխվարչապետը հայտարարեց, որ իրենք շարունակելու են զենքի վաճառքը Ադրբեջանին, դա բիզնես է…Բայց չէ՞ որ հայ-ռուսական բարեկամության 1997թ. պայմանագիր գոյություն ունի, որտեղ կողմերը պարտավորվում են խաղաղությանը նպաստող քայլեր ձեռնարկել, որը, փաստացիորեն, մնում է թղթի վրա՝ ռուսական կողմի պահվածքը հաշվի առնելով: Հատկապես հարձակողական տիպի զենքի վաճառքն Ադրբեջանին որքանո՞վ է նպաստում տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Պատճառաբանում են, թե դա բիզնես է, թե դա Ադրբեջանի «անձնական» օգտագործման համար է, բայց հարց է առաջանում՝ Ադրբեջանն այլ ուղղություն ունի՞ այդ զենքն օգտագործելու, բացի Լեռնային Ղարաբաղից և Հայաստանից»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
գոնէ զենքի պարագան պետք է բացառություն կազմեր.