Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զգուշացեք. նրանց մինիմում ծրագիրը Ստեփանակերտն է, միջինը՝ Զանգեզուրը,  մաքսիմումը՝ Հայաստանը…

Հուլիս 23,2017 19:01

Շատ շատերին կարող է անհավանական ու անիրատեսական թվալ հոդվածի վերնագրի բովանդակային պարունակությունը, այնուամենայնիվ հավատացնում եմ, որ վերնագրում հնչեցրածը Էրդողանի և Ալիևի համար դարձել է նպատակային  ծրագիր ու նրանք ամեն կերպ փորձում են այն իրագործել: Եթե վեր հանվեն և ուսումնասիրվեն 1990 թվականից սկիզբ առած Ադրբեջանաղարաբաղյան պատերազմի 27 տարիների ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև տարբեր ժամանակներում և տարբեր մակարդակների հանդիպումներն ու դրանց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև դրանց հիման վրա կազմված գրավոր փաստաթղթերը, ապա պարզ կդառնա, որ հատկապես Իլհամ Ալիևի պաշտոնավարման ժամանակահատվածում, նա մշտապես խախտել է իր իսկ կողմից ստորագրված փաստաթղթերում արտացոլված պայմանավորվածությունները, ընդամենը հետապնդելով մի նպատակ. աշխարհին ցույց տալ, որ ինքը ևս կողմնակից է Ադրբեջանաղարաբաղյան հակամարտության խաղաղ ճանապարհով լուծմանը:

Այս հակամարտության ներկայիս շարունակության վերաբերյալ եղել են տարաբնույթ վերլուծություններ և այն, ինչը իշխանական վերլուծաբանները ներկայացրել են Հայաստանի և Ղարաբաղի բարձրագույն իշխանություններին, որն էլ ամենաբարձր մակարդակով վերջերս ներկայացվեց հանրությանը, հակիրճ կարելի է ձևակերպել այսպես. եթե խաղաղություն ենք ուզում, ապա ստիպված ենք գնալ զիջումների, այսինքն` պարտադրված ենք որոշ տարածքներ ետ հանձնել:

Արտաքուստ թվում է, որ այս լուծումը միակն է: Սակայն, իրադարձությունների խորը վերլուծությունը և այն հանգամանքը, որ գործ ունենք թուրքի հետ, պարզորոշ վկայում են, որ նրանք երբեք չեն բավարարվի մի քանի շրջանի ետ վերադարձով ու այդ քայլից հետո նրանց պահանջը կլինի միակը. Ղարաբաղը պետք է մնա Ադրբեջանի կազմում՝ ինչ-որ անհասկանալի, ամորֆ, բլեֆային կարգավիճակի դիմաց: Ամեն դեպքում, լիովին անհասկանալի է, արդյո՞ք  այսպիսին է հայի վերլուծության խորության չափը, որ այսքանից հետո դեռ հավատում ենք Ալիևներին: Կարծում եմ` պետք չէ քաղաքագետ կամ վերլուծաբան լինել, հասկանալու համար, որ ապրիլյան պատերազմը պարզորոշ բացահայտեց  նրանց հիմնական նպատակը, այն է՝ ազատագրված 7 շրջանների նույնիսկ առանց  նախապայմանների հետ վերադարձը, նրանց օրակարգում ոչինչ չի փոխի, ուղղակի այս փուլում նրանց ժամանակավորապես կհանգստացնի, մինչև ողջ Ղարաբաղի՝ ընդհուպ Ստեփանակերտի ետ վերադարձի նկատմամբ պահանջի առաջադրումը:

Միայն այդ դեպքում նրանք որոշակի ժամանակով կդադարեցնեն ակտիվ մարտական գործողությունները՝ մինչև իրենց ծրագրի հաջորդ փուլի սկիզբը: Իսկ նման ռազմավարության հաջորդ փուլը սկսվում է նվազագույնը՝ Զանգեզուրի նկատմամբ պահանջից (իհարկե, շատ-շատերը սա աբսուրդ կհամարեն): Մի՞թե նրանց գործողություններից պարզորոշ չի երևում, որ 7 շրջանների վերադարձից հետո, նրանց այլ բան չի մնում, քան պահանջել Ստեփանակերտը, դրանից հետո՝ Զանգեզուրը, դրանից հետո էլ՝ ամբողջ Հայաստանը: Մոտ 20-ամյա՝ համեմատաբար ակտիվ դադարի ընթացքում, այդ երկու անձինք ինչ տարատեսակ ռազմավարություն ու մարտավարություն ասես չփորձեցին կիրառել, որպեսզի աշխարհին ցույց տան, որ Ադրբեջանը զոհ է, Հայաստանն օկուպացրել է ամբողջ Ղարաբաղը, միաժամանակ գրավել է Ադրբեջանի  7 շրջանները և այսքանից հետո ի՞նչ անեն, էլի՞ լռեն: Եվ ինչպես  միշտ, այժմ էլ  ոչնչի առջև կանգ չեն առնում, մշտապես ջանալով աշխարհին ապացուցել, որ բացահայտորեն խախտվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և հույս ունեն նույն աշխարհի միջամտությամբ էլ ետ ստանալ «պատմականորեն» իրենց պատկանող տարածքները՝ ներառյալ Ստեփանակերտը:

Հատուկ շեշտադրենք, որ ասվածը վերաբերվում է ժամանակային այս փուլին: Ցավոք, այսօր՝ հատկապես ապրիլյան բացահայտ ագրեսիայից հետո, աշխարհի մի շարք երկրներ՝ (իհարկե, իրենց շահերից ելնելով) որոշները բացահայտ, որոշներն անբացահայտ, իրենց պահվածքով նպաստում են Ադրբեջանի կողմից որդեգրած պատերազմական քաղաքականությանը, այն ներկայացնելով Ադրբեջանի կողմից տարածքային ամբողջականության վերականգնման արդարացի փորձ: Բավական է միայն նշել, որ ԱՊՀ երկրներից բոլոր Միջին Ասիական պետությունները, ինչպես նաև Ուկրաինան, Բելառուսը բացահայտորեն աջակցում են Ադրբեջանին, իսկ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իսրայելը, Ռուսաստանը,…, անուղղակիորեն կողմ են արտահայտվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, չմոռանալով մեկ-մեկ էլ հպանցիկ արտահայտվել ժողովրդավարության բաղադրիչ՝ ազգերի ինքնորոշման սկզբունքի մասին: Իհարկե, այս երկրները պատեհ առիթների դեպքում մշտապես բարձրաձայնում են, որ Ադրբեջանաղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ առանց պատերազմական գործողությունների, սակայն ինչպես նշեցի, հիմնականում բարձրաձայնում են, որ շատ ավելի  կարևոր են համարում Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցի ապահովումը:

Հակամարտության այս ներկա փուլում ևս, Ռուսաստանն ու Իսրայելը շարունակում են մեծածավալ զենք վաճառել Ադրբեջանին, իսկ Ռուսաստանը ինչպես միշտ՝ որպես արդարացում, չի մոռանում և շարունակաբար բարձրաձայնում է, որ չնայած Հայաստանն իր ռազմավարական գործընկերն է, սակայն Ռուսաստանը չի կարող Ադրբեջանին նեղացնել, քանզի դա նախ սովորական զենքի բիզնես է, և երկրորդ՝ իր կողմից այլ մարտավարության դեպքում, Ադրբեջանը դուրս կգա իր վերահսկողությունից և ուղղակիորեն փորձ կանի մտնել ՆԱՏՕ-ի կազմի մեջ:

Փաստորեն, Ադրբեջանն այս տասնյակ տարիների իր անհաջող փորձերից հետո, ոչ միայն կանգ չի առնում, այլև փորձում է ազատագրված տարածքներին զուգահեռ, բարձրացնել իր ցանկությունների նշաձողը, չմոռանալով Ալիևի բերանով իր ժողովրդին մշտապես բարձրաձայնել, որ միևնույն է՝ ինքը ոչ միայն անպայմանորեն ետ է վերցնելու Ղարաբաղը, այլև գրավելու է մի բան էլ ավելին…:

Սովորաբար, դա տվյալ պահին պարտվածի սրտհովանքի որոշակի պահվածք է, որը սակայն նույն պարտվողը մշտապես ցանկանում է իրականություն դարձնել: Այսքանից հետո, եթե դարձյալ խոսք գնա երկու երկրների ղեկավարների հերթական հանդիպման մասին, որի ընթացքում հերթական անգամ պետք է քննարկվի Ղարաբաղյան հակամարտության հետագա քայլերի վերաբերյալ ինչ-ինչ պայմանավորվածությունների ձեռք բերումը, ապա առնվազն անհասկանալի կլինի, թե ինչ անուն կարելի է տալ դրան: Մի՞թե Ադրբեջանի կողմից իրականացվող նման բացահայտ քայլերը մեզ ոչինչ չեն ասում: Ստիպված եմ կրկնել. մի՞թե չենք հասկանում, որ այդ չարչրկված 7 շրջանների՝ նույնիսկ առանց նախապայմանների ետ հանձնումը, չի կարող սանձել Ադրբեջանի հավակնությունները և որ, դա ընդամենը նրա ցանկությունների նախերգանքն է: Մի՞թե ակնհայտ չէ, որ այս փուլում Ադրբեջանը պահանջում է ոչ միայն այդ 7 շրջանները, այլև պահանջում է ողջ Արցախը՝ ինչ-ինչ բլեֆային անհիմն կարգավիճակների դիմաց, որից հետո, մեկ վայրկյան չանցած, բացահայտորեն կխախտի հռչակագրային բոլոր պայմանավորվածությունները:

Լրիվ անհասկանալի է, թե այդ ու՞մ հետ ենք փորձում պայմանավորվածություններ ձեռք բերել: Թուրքիա՞…: Քանի՞ հազար տարի պետք է խաբվենք, որ գլխներիս տալով խելքի գանք…: Էլ ի՞նչ լինի, որ վերջապես   հասկանանք, որ այս աշխարհում մենք միայնակ ենք, ու մշտապես և լավ, և վատ պահերին, պետք է հույսը դնենք միայն ու միայն մեզ վրա: Եթե տարիներ շարունակ Ադրբեջանը հույսը դրել էր այն իրողության վրա, որ Հայաստանում ծանր սոցիալ-տնտեսական վիճակ է ու գնալով այն խորանում է, անարդարությունը, արտագաղթն ու գործազրկությունն աճում են սարսափելի տեմպերով, համարյա վերացել է ժողովրդի հավատն ապագայի նկատմամբ և նրանք կարծում էին, որ այս ամենի հենքի վրա որոշակի տարիների ընթացքում Հայաստանն ինքնաբերաբար կդատարկվի և իրենք հեշտորեն կտիրեն նրան, ապա այսօր կարծես ինչ-որ բան փոխվել է և նրանց համբերությունը հատել է, որի պատճառով նրանք լիովին փոխել են իրենց ռազմավարությունը ու փորձում են զուտ ռազմական ճանապարհով լուծել բոլոր հարցերը:

Իսկ այս իրավիճակում, մենք մի ճանապարհ ունենք. պետք է ազգովին միակամվենք և կռիվ տանք: Իսկ դա հնարավոր է մի դեպքում, եթե գոնե այս կրիտիկական ժամանակահատվածում՝ մինչև թշնամու նկատմամբ բաղձալի հաղթանակը, ազգի կաշառակերներն ու կոռուպցիոներները լիովին զսպեն իրենց ախորժակը, օրենքներն աշխատեն իրենց ողջ թափով, բոլոր բնագավառներում արդարությունը դառնա գերակա շահ, իշխանությունները ոչինչ չխնայեն արտագաղթը կանխելու, ավելին, օպերատիվ կերպով ստեղծեն հատուկ պայմաններ՝ արտագաղթածների գոնե մի մասի ետ վերադարձի համար, օպերատիվորեն բացեն աշխատատեղեր և բոլոր աշխատատեղերը լրացնեն զուտ արդարության սկզբունքով՝ հաշվի առնելով միմիայն մասնագիտական որակները, արմատախիլ անելով քավոր-խնամիական ու մնացած այլ կապերով աշխատանքի տեղավորելու արատավոր  սովորույթը: Միայն այս քայլերի օպերատիվ կյանքի կոչելու դեպքում հնարավոր կլինի փոքր-ինչ վերականգնել ժողովրդի կորսված հավատը և դիմակայել թուրք հակառակորդի լայնածավալ հարձակմանը: Հակառակ պարագայում, մեր երկրից՝ այն էլ միայն պատմության դասագրքերում, կմնա Հայաստան անունը…

Տերը սիրում է մեզ, և եթե առաջնորդվենք վերը նշված բանաձևի տրամաբանությամբ, ապա դա կլինի մեր հաջողության միակ երաշխիքը…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Քաղաքագետ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31