Հուլիսի 21-ին, ժամը 21.05-ին, «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել 1993 թ. ծնված Գևորգ Ս.-ն, որը կասկածվում է նույն օրը Նոր Նորքում երեք անձի դանակահարելու մեջ:
***
Հուլիսի 21-ին, ժամը 00.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Աճառյան փողոցում գտնվող «Ավետիսյանի» խանութի մոտ վիճաբանություն է:
Ժամը 1.10-ին հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «որովայնի կտրած-ծակած վերք ձախից» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1986 թ. ծնված Ժորես Ղ.-ն, «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ 1996 թ. ծնված Կարեն Դ.-ն և «որովայնի, պորտի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ 1991 թ. ծնված Էդուարդ Հ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված անձինք հիվանդանոց տեղափոխվել են Ջուղայի փողոցի թիվ 5 հասցեի մոտից:
Հուլիսի 21-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ԿՀԴՊԳՎ և ՔՀԳՎ ծառայողների հետ համատեղ միջոցառումների շնորհիվ պարզել են, որ հուլիսի 21-ին, ժամը 1.00-ին, Ջուղայի փողոցի թիվ 5 հասցեի բակում վիճաբանության ժամանակ նշված անձանց դանակով մարմնական վնասվածքներ է պատճառել 1993 թ. ծնված Գևորգ Ս.-ն:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Գևորգ Ս.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն