Գյումրու Սայաթ-Նովա փողոցում գտնվող Պոնչիկ-Մոնչիկ սրճարանի դիմաց հնչած կրակոցների գործով այսօր կալանավորվել է տուժողը`Գեորգի Հակոբյանը: Այս մասին տեղեկացանք Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասով` այն է ապօրինի զենք ձեռք բերելը, պահելը, կրելը: Վարույթ իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու մասին, դատարանը բավարարել է: Վարույթն իրականացնող մարմինը բժշկից տվյալներ է ստացել նաև առ այն, որ Գեորգի Հակոբյանի առողջական վիճակը բարելավված է, այդ պատճառով էլ միջնորդություն է ներկայացրել դատարան:
«Ունենալով նաև բավարար ապացույցներ, որ նրա արարքում առկա է ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասով նախատեսված ենթադրյալ հանցագործության հատկանիշներ, այսօր նրան մեղադրանք է առաջադրվել վերոհիշյալ հոդվածի հատկանիշներով և միջնորդություն ներկայացվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան որպես խափանման միջոց կալանք կիրառելու համար: Դատարանը վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը բավարարել է, և նշված անձը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ»,-փոխանցեց դատախազը (լուսանկարում):
Հիշեցնենք, որ կրակոցների փաստով ոստիկանությունը հետախուզում է Արտյոմ Ղազարյանին, որը օրենքով գող Անդրանիկ Սողոյանի քրոջ որդին է, եւ նույնպես օրենքով գող է։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ