Դասական երաժշտության իսկական տոն. եզրագիծը հատեց «Արմենիա» առաջին միջազգային մրցույթ-փառատոնը: Դասական երաժշտության գլուխգործոցներից՝ մինչև ժամանակակից կոմպոզիտորների գործեր. «Արմենիա»-ն բավարարեց անգամ քմահաճ երաժշտասերի ճաշակը:
Հուլիսի 4-12-ն անցկացված «Արմենիա» առաջին միջազգային մրցույթ-փառատոնը հայաստանյան հերթական մշակութային իրադարձությունը չէր: Այն միջոցառում էր, որը կարողացավ իր հարկի ներքո միավորել մշակութային ասպարեզում գործունեություն ծավալող երեք խոշոր կոլեկտիվներին՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ, Հայաստանի պետական երիտասարդական և Հայաստանի պետական կամերային նվագախմբերին: Սա բացառիկ երևույթ էր հայաստանյան մշակութային կյանքում:
Փառատոն և մրցույթ՝ երկուսը մեկում. ահա «Արմենիա»-ի հաջողության բանաձևը: Փառատոնային 9 համերգների ընթացքում ելույթ ունեցան հանրահայտ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, դաշնակահարներ Նարե Արղամանյանն ու Լիլիթ Գրիգորյանը, ջութակահարներ Ռոման Կիմը և Ֆյոդոր Ռուդինը, Խաչատրյանի անվան տրիոն, Աբգար Մուրադյան դուետը: Դե, իսկ փառատոնի գագաթնակետն, անկասկած, աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովի համերգն էր:
«Երաժշտական փառատոները մեծաթիվ են, սակայն «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնը յուրահատուկ է: Մրցույթ -փառատոնը երիտասարդ կատարողների համար առանձնահատուկ է, և ուրախ եմ փառատոնին իմ մասնակցության համար: «Արմենիա» մրցույթ-փառատոնի մասին ինքս շատ երկրներում եւ շատ աղբյուրներից եմ լսել, մասնավորապես Ֆրանսիայում եւ Գերմանիայում։ Ուրախ եմ, որ առաջին փառատոնի մի մասն եմ»,-իր ելույթից առաջ նշել էր աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովը:
Իսկ թավջութակահար Նարեկ Հախնազարյանն ընդգծեց. «Ուրախ եմ, որ Հայաստանում այսպիսի մակարդակի մրցույթ-փառատոն է անցկացվում։ Հայաստանի ունկնդիրը վայելում է շատ բարձր մակարդակի երաժշտություն»:
«Արմենիա» փառատոնի շրջանակում հանրահայտ արտիստները հայ հանդիսատեսին հրամցրին համաշխարհային դասականների գլուխգործոցներից: Ներկայացվեցին նաև մալթական կոմպոզիտորական դպրոցի ներկայացուցիչ, մրցույթ-փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները:
Փառատոնին զուգահեռ անցկացվեց դաշնակահարների մրցույթ, որի ընթացքում իրենց ուժերը փորձեցին 14 երկրի 48 երաժիշտներ: Նրանք իրենց այցի ընթացքում հնարավորություն ստացան բացահայտելու Հայաստանը, հաճախելու փառատոնային համերգներին ու, շփվելով հանրահայտ արտիստների հետ, ձեռք բերել հսկայական փորձ:
Մրցույթի մրցանակային ֆոնդը 20 000 եվրո էր (առաջին մրցանակ՝ 10 000 եվրո, երկրորդ մրցանակ՝ 5 000 եվրո, երրորդ մրցանակ՝ 3 000 եվրո և հատուկ մրցանակ՝ 2 000 եվրո): Առաջին մրցանակի արժանացավ Հռիփսիմե Աղաքարյանը (Հայաստան), երկրորդ մրցանակակիր դարձավ Խաչիկ Անդրեասյանը (Հայաստան), երրորդ մրցանակը շնորհվեց Դոմինիկ Վիզջանին (Լեհաստան), ինչպես նաև՝ հատուկ մրցանակ շնորհվեց Սեոլվա Կիմին (Հարավային Կորեա)։ Եզրափակչի հինգ լավագույն դաշնակահարներն ստացան բացառիկ հնարավորություն 2018 թվականին մասնակցելու Մալթայում անցկացվող դաշնակահարների միջազգային մրցույթին՝ Malta International Music Festival 2018-ի շրջանակում:
Նշենք, որ մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված էին հայտնի երաժիշտ-կատարողներ Պաոլո Բալիերին (Իտալիա), Ռատկո Դելորկոն (Գերմանիա), Վլադիմիր Օվչիննիկովը (Ռուսաստան), Վալերիան Շիուկաշվիլին (Վրաստան): Ժյուրիի նախագահն էր պրոֆեսոր, դաշնակահար Արմեն Բաբախանյանը:
«Փառատոնն իրոք տպավորիչ էր իր մասշտաբով՝ երեք նվագախումբ, չորս դիրիժոր, բազմաթիվ միջազգային աստղեր, նրանցից շատերը Հայաստանից էին։ Հատկապես կցանկանայի նշել փառատոնի շրջանակներում անցկացվող դաշնակահարների մրցույթը։ Ես շատ ուրախ եմ, որ իմ ստեղծագործությունները նրանց համար պարտադիր կատարման ծրագրում էին»,-ընդգծեց Ալեքսեյ Շորը:
Տարվա մշակութային ամենակարևոր իրադարձությունը կազմակերպել էին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն ու Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը: Այն անցկացվեց ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։
Փաստենք, որ սա միջազգային մասշտաբի ստուգատես կազմակերպելու նվագախմբի առաջին փորձը չէր: Այն արդեն չորս տարի մեծ հաջողությամբ կազմակերպում է Խաչատրյանի միջազգային փառատոնը, որը հասցրել է իր ուրույն տեղը գտնել հայաստանյան մշակութային կյանքում:
Մրցույթ-փառատոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը շեշտում է՝ «Արմենիա» -ն մեծ նախագիծ էր և՜ բովանդակությամբ, և՜ առաքելությամբ։ Եվ մաեստրոյի խոսքով՝ այս փառատոնով մենք աշխարհին ևս մեկ անգամ ապացուցեցինք, որ Հայաստանն այն հարթակն է, որտեղ իրականություն են դառնում բարձր մակարդակի միջազգային միջոցառումներ:
…Ավարտվեց ևս մեկ կարևոր իրադարձություն, և աշխարհն իր համար բացահայտեց տաղանդների իսկական աստղաբույլ: Տաղանդներ, որոնց մենք, անկասկած, կտեսնենք միջազգային բեմերին: Իսկ հաջորդ քայլը Մալթայի դաշնակահարների միջազգային մրցույթն է: Ստուգատես, որին Հայաստանը կներկայացնի երկու տաղանդավոր դաշնակահար: Ակնկալիքները մեծ են:
Անահիտ Գևորգյան