Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ամփոփում է 2016-2017թթ. համերգաշրջանը. տարեսկզբից սկսած՝ համերգաշարը հագեցած էր հետաքրքիր նախագծերով, որոնցից առաջինը թերևս Առնո Բաբաջանյանի «Սիրված երգերի» երեկոն էր, որին մասնակցեցին հայ օպերային և էստրադային լավագույն կատարողները: Վերջիններիս՝ Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ ունենալու հաջորդ առիթն էլ հունիսի 1-ին և 2-ին կայացած «Քեզ համար, Ազնավուր» համերգներն էին, որոնցից առաջինը իր ներկայությամբ պատվեց մեծն Ազնավուրը՝ իր ընտանիքով:
Ապրիլի 10-ի բարեգործական համերգը նվիրվեց ապրիլյան պատերազմի բոլոր հերոսներին:
Մայիսի 6-ին Եվրամիության պատվիրակության հետ համատեղ կազմակերպվեց «Եվրոպան հանուն խաղաղության» նախագիծը, երբ Հայաստանի բոլոր մարզերի և Երևանի արվեստի դպրոցի երեխաները ներկայացան իրենց գեղանկարներով՝ պատկերելով խաղաղ Եվրոպան իրենց աչքերով:
Համերգաշրջանի երկրորդ կեսը հագեցած էր ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» նախաձեռնության համերգներով Աշտարակում, Գյումրիում, Վարդենիսում, Վանաձորում և Ալավերդիում:
Հունիսի 23-ին նվագախումբը մասնակցեց «Ամեն» հայկական էպիկ դրամային Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Այս համերգաշրջանի երկացանկում ևս ընդգրկվեցին հայ կոմպոզիտորների բազմաթիվ ստեղծագործություններ:
Կայացան նաև Բրուքների և Բրամսի համերգաշարերի մի քանի համերգներ:
Իսկ հուլիսի 24-ին և 26-ին համերգաշրջանի եզրափակիչ համերգներն են. օպերային 5 հանրահայտ մեներգիչներ՝ բարիտոն Ջանպիերո Ռուջջերին (Իտալիա), սոպրանո Անի Յորենցը (Գերմանիա), բաս Վազգեն Գազարյանը (Գերմանիա), տենոր Լիպարիտ Ավետիսյանը և տենոր Դավիթ Բաբայանցը Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կկատարեն հայտնի արիաներ տարբեր օպերաներից հուլիսի 24-ին: Իսկ երկու օր անց՝ հուլիսի 26-ին՝ նշված մեներգիչներին կմիանան ևս մի քանիսը, այդ թվում սոպրանո Հասմիկ Թորոսյանը և տենոր Լիպարիտ Ավետիսյանը և մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ կներկայացնեն Պուչինիի «Բոհեմ» օպերան՝ նոր բեմականացմամբ: Մեներգիչները կկրեն ֆրանսաբնակ մոդելավորողներ Վարդան և Գևորգ Թառլոյանների տրամադրած շքեղ հագուստները: Բեմականացման ռեժիսորն է Սուքիաս Թորոսյանը: Ներկայացումից առաջ նախասրահում կտիրի բոհեմյան մթնոլորտ. Թառլոյան եղբայրների հագուստներով մանեկենները կշրջեն տարածքում ու կդիմավորեն հյուրերին:
Բանախոսներ`
Էդուարդ Թոփչյան՝ ՀԱՖՆ-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր
Վարդան և Գևորգ Թառլոյաններ, հագուստների հեղինակներ (Ֆրանսիա)
Սուքիաս Թորոսյան, ռեժիսոր
Ջանպիերո Ռուջջերի, բարիտոն (Իտալիա)
Անի Յորենց Սարգսյան, սոպրանո (Գերմանիա)
Վազգեն Գազարյան, բաս (Գերմանիա)
Արմենուհի Ղազարյան՝ ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետ
Ռուզաննա Սիրունյան՝ ՀԱՖՆ-ի տնօրեն