«Ընդունելի չեն պնդումները, որ եթե Ադրբեջանը ՌԴ-ից զենք չգներ, կգներ այլ երկրներից: Ոչ, քիչ երկրներ կան, որ ունեն նման որակի եւ գնի զենք: Ադրբեջանն այլ երկրներից զենք կառներ մի քանի անգամ թանկ եւ քիչ»,-«Բլից Ինֆո» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի հերթական խմբաքանակի վաճառքին, ասաց քաղաքագետ Արա Պապյանը:
Նրա բնորոշմամբ՝ ՌԴ-ն իր դաշնակցի՝ ՀՀ-ի, այսինքն՝ իր իսկ դեմ է զենք վաճառում. «Սխալ է դա կոչել բիզնես: Երբեւէ զենքի վաճառքի չի եղել բիզնես: Դա տեղի է ունենում միջազգային պարտավորությունների ոտնահարմամբ: Անբարոյականություն են այն պաշտոնյաների պնդումները, թե դա պարզապես բիզնես է: Եթե Ռուսաստանը մեր դաշնակիցը չէ, թող հայտարարի, որ «Պակիստան է», որը զենք է վաճառում Ադրբեջանին եւ չի էլ ճանաչել Հայաստանի Հանրապետությունը»:
Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանը նպատակ է դրել զենքի եւ պատերազմի միջոցով լուծել Արցախյան հակամարտությունը, եւ դրանում այլեւս ոչ մեկ չի կասկածում. «2017 մեծածավալ ռազմական գործողություններ կանխատեսել պետք չէ: Լայնածավալ՝ նկատի չունեմ, որ այն կլինի ողջ ռազմաճակատով: Նման պատերազմն Ադրբեջանին ձեռնտու չէ: Փոխարենը, նա եռօրյա, քառօրյա պատերազմների տեսքով կիրականացնի մաշեցնող պատերազմի քաղաքականություն»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ