Հայաստանում փոքր ու միջին շրջանառության մոտ 4-5 հազար խանութ ՀԴՄ չի խփում՝ ստվերում է աշխատում։ «Որ օրը նրանք սկսեն ՀԴՄ-ով աշխատել, հաջորդ օրը կփակվեն, որովհետեւ տակ կտան»,-բացատրեց տնտեսվարողներից մեկը։ Իսկ «տակ կտան» մի պարզ պատճառով՝ օրինական վճարված հարկերն այնքան մեծ կլինեն, որ իրենց ունեցած փոքր եկամտով չեն կարողանա փակել ծախսերը՝ գազ, լույս, ջուր, տարածքի վարձ, աշխատավարձ եւ այլն։ Արդյունքում կփակվեն։ Դրա համար ստիպված նրանք գնում են ստվերային գործարքների հարկային մարմինների հետ, որպեսզի մի քիչ հարկ վճարելով, մի քիչ թաքցնելով՝ յոլա տանեն իրենց։
ՊԵԿ-ի վարած հարկային քաղաքականությունն ու վերջին շրջանի ռեֆորմները խոշոր բիզնեսի ներկայացուցիչ զրուցակիցն ընդհանուր առմամբ դրական գնահատեց, բայցեւ՝ կիսատ։ Ամբողջ խնդիրն այն է, որ մի տեղ օրենքի խստացում, բարելավում են անում, բայց մյուս տեղերում շարունակում է բացը մնալ, արդյունքում թացը չորի հետ է խառնվում, առեւտրային գործարքների շղթայի մի օղակում պահանջում են օրինական ճանապարհով աշխատել, մեկ ուրիշ օղակում դեռ շարունակում է պահպանվել ստվերը, արդյունքում թե՛ արտադրողն ու ներմուծողը, թե՛ իրացնողը հայտնվում են բարդ դրության մեջ։
Օրինակ՝ ներմուծողներից պահանջում են, որ անպայման հաշիվ-ապրանքագրով աշխատեն, բայց փոքր խանութները նախընտրում են ապրանքը ստանալ առանց «ֆակտուրայի», որպեսզի վերջում քիչ հարկ մուծեն։ Արդյունքում բախում է առաջանում, եւ ստիպված ներմուծողն ինքն էլ է ելքեր փնտրում կիսաօրինական մեթոդներով իր բիզնեսն առաջ տանելու, քանի որ օրենքներն էլ մի տեղ գործում են, մի տեղ՝ ոչ։
Հարկային քաղաքականության նոր մոտեցումների մշակման եւ ռեֆորմների այս փուլում, ինչպես հասկացանք տնտեսվարողների հետ զրույցներից, ՊԵԿ-ը որոշել է որոշ ժամանակ հանգիստ թողնել փոքր ու միջին բիզնեսմեններին եւ հատկապես շրջանառության հարկով աշխատող խանութներին «չնեղացնել», ՀԴՄ կտրոնների «ռեյդեր» չանել, անհարկի ակտեր չգրել։ Ամիսներ առաջ հարկային վարչարարության խստացումների ֆոնին տեսուչները շատ ավելի հաճախ էին ստուգում ՀԴՄ կտրոններ տալու գործընթացը եւ, ըստ այդ, շատ ավելի հաճախ էին ակտեր գրում՝ տուգանելով 100, 150, 300 հազար դրամով։ Սրա հետեւանքով մանավանդ խանութները, վարսավիրանոցները, անգամ լցակայանները հայտնվում էին ծանր կացության մեջ։ Լինում էին դեպքեր, որ անգամ փակվում էին։
Որոշ տեղերում կտրոն չտված աշխատակիցներից էին գանձում տուգանքները․ լցակայաններից մեկի աշխատակիցը պատմեց, որ մի ամբողջ ամիս անվճար աշխատել է նման մի տուգանքի պատճառով։ Հիմա կարծես թե որոշվել է առայժմ նրանց ձեռք չտալ, կենտրոնանալ խոշորների վրա՝ ե՛ւ հասարակությանը ցույց տալու բան կունենան, որ ՍԱՍ-ին, «Սիթիին» կամ «Քեթրին գրուպին» տուգանեցին, ե՛ւ «մեղքի» տակ չեն ընկնի՝ փոքրերին սնանկացնելով։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում