ՄԻԵԴ-ը հրապարակել է ըստ պետությունների ներկայացված դիմումների/բողոքների վիճակագրությունը:
Հայաստանը ՄԻԵԿ մասնակից եւ Եվրոպայի Խորհրդի անդամ 47 պետությունների շարքում ըստ դրա դեմ ներկայացված բողոքների զբաղեցնում է 9 տեղը` ըստ այս պահի դրությամբ Հայաստանի դեմ ներկայացված եւ ՄԻԵԴ առջեւ լուծման սպասող բողոքների թվի՝ 1817 (01/07/2017թ.-ի դրությամբ):
Այս թվի կապակցությամբ կա մի վերապահում. այս 1817 դիմումներից ոչ բոլորն են գեներացվել են Հայաստանի արդարադատության համակարգի «ջանքերով»: Այս դիմումներից մի պատկառելի մաս (մոտ 40%-ի չափով) Ադրբեջանից ստացված դիմումներն են (1992-1994թթ.-ի պատերազմից ադրբեջանցի փախստականների եւ 2016թ.-ի ապրիլյան պատերազմի ընթացքում գույքային վնասի վերաբերյալ ադրբեջանցի դիմողների բողոքները):
Այնուամենայնիվ, այս թվերը ես չեմ առանձնացնի ընդհանուր պատկեր ստանալու համար, քանի որ ՄԻԵԿ 47 անդամ պետությունների շարքում առաջին տեղի համար Հայաստանի հետ «մրցակցող» պետություններից յուրաքանչյուրն ունի նման կոնֆլիկտային զոնաներից գեներացվող (կամ կոնկրետ մեկ տեսակի խնդրի վերաբերյալ կրկնվող հազարավոր դիմումներ: Օր.՝ Հունգարիան, Իտալիան, Ռումինիան) դիմումների խմբաքանակ, որոնք արդարադատության համակարգով չեն անցնում (կամ ֆիլտրվում): Այլ խոսքով, այդպիսի դիմումների առկայությունը միայն արդարադատության համակարգի դեֆեկտի վկայություն չէ, այլ առավելապես այլ (հիմնականում՝ կոնֆլիկտներին վերագրելի) գործոնների:
Այդուհանդերձ, ամենակոպիտ (Հայաստանի կառավարության օգտին նվազեցումներով) հաշվարկներով պատկերը հետեւյալն է: Հայաստանը բացարձակ առաջատար է ԵԽ 47 անդամ պետությունների շարքում 100.000 բնակչին ընկնող ՄԻԵԴ-ում քննության փուլում գտնվող դիմումների քանակով՝ մոտ 70 դիմում:
Երեկ ես այս վիճակագրությունը փորձեցի պարզեցնել բնակչություն/դիմումների քանակ հարաբերակցության, որպեսզի ընդհանուր պատկեր երեւելի լինի խճճված վիճակագրության մեջ (առավել եւս, երբ խոսքը վերաբերում է դատական վիճակագրությանը):
ՄԻԵԴ դիմում ներկայացնելը միայն օժանդակ եւ ոչ առաջնային պաշտպանություն է դիտվում մարդու համար: Այս ատյան դիմում են, որպես կանոն ներպետական միջոցների (առաջնայնորեն՝ դատարանների) սպառումից հետո: ՄԻԵԴ-ի նման միջազգային դատարանում, մարդն իր բողոքում վիճարկում է պետության ողջ համակարգի կողմից իր իրավունքի պաշտպանությունը չապահովելու կամ առհասարակ նման պաշտպանության հնարավորության բացակայության դեմ: Այսինքն, մարդու դիմումը ՄԻԵԴ, նախեւառաջ իր բողոքն է (դա դեռ դատարանը հետագայում կորոշի, թե՝ որքանով հիմնավոր) իրավունքի պաշտպանության ողջ համակարգի, բայց նախեւառաջ եւ գերակշռաբար, հենց դատական (կամ արդարադատության) համակարգի դեմ:
Այս վիճակագրությունը, նշված դիտանկյունից, ի թիվս բազում այլ եզրահանգումների, փաստում է նաեւ, որ մարդը՝ դիմումատուն, հայաստանյան արդարադատությանը վստահում է, օրինակ՝
– մոտ 3,5 ԱՆԳԱՄ պակաս, քան ադրբեջանական արդարադատությանը (20 դիմում 100,000 բնակչին), կամ
– մոտ 4,5 ԱՆԳԱՄ պակաս, քան թուրքական արդարադատությանը (16 դիմում 100,000 բնակչին), կամ
– մոտ 4 ԱՆԳԱՄ պակաս, քան նախկին Հարավսլավիայից անկախացած եւ անարդյունավետ դատական համակարգի համբավն ունեցող Մակեդոնիայի արդարադատության համակարգից (17 դիմում 100,000 բնակչին), կամ
– մոտ 4 ԱՆԳԱՄ պակաս, քան նմանապես կոռուպցիայի հետ առնչակցություն ունեցող Ալբանիայի արդարադատության համակարգից (18 դիմում 100,000 բնակչին), կամ
– մոտ 1,5 ԱՆԳԱՄ պակաս քան Ուկրաինայի եւ Վրաստանի նման առնվազն երկու միջազգային կոնֆլիկտներով ծվատված եւ բողոքներ գեներացնող կոնֆլիկտային զոնաներ ունեցող պետություններից յուրաքանչյուրից (43 եւ 50 համապատասխանաբար 100,000 բնակչի շնչով), կամ
– մոտ 12 ԱՆԳԱՄ պակաս, քան մարդու իրավունքների ոլորտում բոբո պետություն համարվող ՌԴ-ի (6 դիմում 100,000 բնակչին):
Ինչպես ասում են, անձնական ոչինչ, միայն՝ վիճակագրություն:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵ՞Ր
Ամենահակիրճ ձեւակերպմամբ՝ յուրաքանչյուրի հայացքում սա ձախողված պետություն է դիտվելու, քանի որ ի վիճակի չի եղել իր ներսում ապահովել պետության ամենաառանցքային նպատակը՝ արդարության միջոցով ներքին խաղաղություն հաստատել եւ իր հպատակին ձերբազատել իր յուրիսդիկցիայից դուրս արդարություն եւ լուծումներ, որը շատ հաճախ նաեւ՝ կյանք որոնելու թելադրանքից: Սա գիտեն եւ իմանալու են պետության բոլոր մակարդակներում այս պետության ներկայացուցիչների հետ քննարկումների եւ բանակցությունների նստող յուրաքանչյուրը: Եվ այս յուրաքանչյուրը միշտ գիտի այն վստահության չափաբաժինը, որ այս պետությունը ներկայացնողը վայելում է իր հպատակների կողմից: Ո՞վ է քեզ վստահելու եւ հարգելու, երբ դու սպառել ես վստահությունն ու հարգանքդ քեզ վստահածների աչքում:
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵ՞Ր
Պատկերացրու քեզ այն գործարարի վիճակում, որը մտածում է որեւէ, չեմ ասում մեծածավալ, ասում եմ ՈՐԵՎԷ ներդրում անել մի պետությունում, որտեղ բնակվող եւ աշխարհի ամենակենսունակ ժողովուրդներից մեկը տոտալ անվստահություն ունի այն համակարգի նկատմամբ, որը քո ունեցվածքի եւ իրավունքների պաշտպանության վերջին ատյանն է (եթե, իհարկե, ներդրումդ կատարելուց առաջ այդ պետությունում չունես տեղակայված զորաբանակներ կամ, եթե առհասարակ հնարավոր է, ավելի գործուն միջամտության հնարավորություններ, եւ դու ներդրումդ գաղութային տնտեսության զարգացման պլանի մեջ ես դիտարկում): Եվ, քանի՞ վայրկյան կարող ես զսպել դիմամկաններդ մինչեւ «Արի տուն» կանչող Հրանուշ Հակոբյանի կոչից հետո դեմքիդ ժպիտ հայտնվելը: Իսկ ձեզ թվում էր, թե հեշտ է մեր ամենապուպուշ վարչապետի դիմաց նստել եւ զսպել այդ ժպիտը մարդկանց, որոնք իբր խոստացել, բայց արդեն տարուց ավել է իրենց գրպանի ծախսից ավել ներդրում դեռ չեն արել Հայաստանի տնտեսության մեջ:
ԴԵՄՈԳՐԱՖԻԱԿԱ՞Ն ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐ
Դուք ասեք …
ԻՐԱՎԱԿԱ՞Ն ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐ
Մի օգտագործեք «իրավական» բառն այս կոնտեքստում: Մի արժեզրկեք այն …
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՊԱՇՏՊԱՆՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐ
Այս կիսամեռ վիճակը հետեւանք է հիմնականում եղել մի համակարգի գործունեության, որի յուրաքանչյուր ամենացածր վարձատրվող ներկայացուցիչ ԱՆԳԱՄՆԵՐ ավել աշխատավարձ եւ սոցիալական պաշտպանության երաշխիքներից է օգտվում, քան պատերազմական վիճակում գտնվող պետության դիրքապահ հենակետի հրամանատար սպան՝ ամեն ժամ իր եւ իր ենթակաների կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգի առաջ, իսկ իր եւ իր ենթակայի յուրաքանչյուր սխալի համար ընդհուպ մինչեւ ծանր պատժաժամկետներով քրեական պատասխանատվության (նույն ապաշնորհների կողմից վարվող դատավարությունների միջոցով)՝ կամքը մաշեցնող սպառնալիքի տակ լինելով: Էս վերջին կատեգորիայի տղերքը իրենց կյանքում նվազագույնը մեկ անգամ շփվելու են էն առաջին կատեգորիայի անձնակազմի հետ: Ամեն մեկդ մտածեք, թե այս մարդիկ ինչ են մտածելու իրենց՝ այս կյանքում եւ պետությունում գնահատվածության եւ վերաբերմունքի արդարության մասին ամեն նման շփումից հետո, նույնիսկ եթե այդ շփումը իրենց մի փորձանքի չբերի (սա էլ արդեն, ժողովուրդը կասե՝ բախտի բան ա):
ՀԳ 1. Եթե որեւէ մեկը գտնում է, որ ներկայացված վիճակագրությունից ուղղակիորեն չի կարելի բխեցնել այն եզրահանգումները, որոնք ես շարադրեցի, պատրաստ եմ դրանք քննարկել: Շատ կողջունեմ, որ դրանք հիմնավոր ներկայացնեն: Ինքս կարող եմ դրանց ավելացնել իմ նկատառումները: Բայց դրանք հաշվի են առնվել ընդհանուր պատկերի բնութագրումները կազմելու համար: Դրանք չեն ազդում ընդհանուր պատկերի վրա, եթե ոչ, կարող են էլ ավելի խտացնել գույները:
ՀԳ 2. Երբ իմ ընկեր փաստաբան Մուշեղ Շուշանյանից տեղեկացա, որ Արեգ Կյուրեղյանը դատարանի դահլիճում նախագահող դատավորին ուղիղ ասել է, որ հարգանք չունի դատարանի նկատմամբ, իմ առաջ այս վիճակագրությունն էր բաց: Ու հենց՝ Արեգ Կյուրեղյանը: Ես հուսով եմ, որ շատ մոտ ապագայում առիթը կընձեռվի, ասելու, թե ինչու հենց Արեգ Կյուրեղյանը նման բան կասեր եւ կաներ եւ որքանով էր անհնար, որ հենց նա հենց նման բան չասեր կամ չաներ:
ՀԳ 3. Ի դեպ, տեղեկացնեմ, որ Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական պաշտոնյան մի անձ է, որը վաղուց արդեն միջազգային իրավական «02» հաղորդաշարի հայտնի հերոս է: Նա, դրանից բացի հայտնի է նաեւ նրանով, որ երբ նրան մի պետության ներկայացուցիչներ հարց են ուղղել դատական համակարգում կոռուպցիայի մասին, պատասխանել էր, մոտավորապես, որ դա փաստաբաններ են անում, դատավորները կապ չունեն: Իրեն թվացել էր, որ այս իր պատասխանը իր սենյակից դուրս չէր գալու լույս աշխարհ, իսկ ում որ դա ասում էր միամիտ բույսեր էին, եւ դա ընդունելու էին հալած յուղի տեղ: Ես արդեն մի անգամ նշել եմ, որ ոչ թե իր ասածն է, որ արժանի է գնահատականի (ի վերջո, չի բացառվում, որ մարդը այդպես էլ մտածի, ինչքան էլ որ սա անհավանական լինի), այլ այն ձեւն ու ոճը, միջոցի ընտրությունը, որ այս ճղճիմ ինտրիգանները ընտրում են իրենց վրա ուղղված պատասխանատվության սլաքներն իրենցից հեռացնելու համար:
Փաստաբան