Լրահոս
Օրվա լրահոսը

«Համատեղ անցյալ»-ով արտահայտվող մասնատման վտանգի նախանշումը

Հուլիս 22,2017 10:20

Թուրքիայի խորհրդարանի որոշումը` Ցեղասպանության եզրույթը արգելող Անկարայի նորագույն քաղաքականության համահունչ որոշում է եւ կարող է  նաեւ դիտարկվել նույնիսկ իբրեւ օրինաչափ, նկատի ունենալով այն հսկայական հետդարձը, որը էրդողանական Թուրքիան շարունակում է կատարել:

Այսպես. հասարակական ճնշումներին, արգելումներին եւ դրանց հիման վրա կայացող ձերբակալություններին եւ բանտարկություններին հետեւում է այս անգամ Թուրքիայի օրենսդիրում բառեզրերի օգտագործման դեմ հստակ արգելք:

Արգելքը ինքնին նախատեսում է խախտման դեպքում օրինական հետապնդում օրինազանցի նկատմամբ. հետեւաբար նաեւ անձեռնմխելիության վերացում, ապա ձեւական դատավարություն եւ անմիջական բանտարկություն:

Օրենքի ընդունման հիմնավորումը կայանում է թուրք ազգի պատմությունն ու համատեղ անցյալը վիրավորելու բացառման անհրաժեշտության վրա. որոշումը արգելում է նաեւ «Քուրդիստան» եւ «քրդական նահանգներ» եզրույթների օգտագործումը:

Անկարայի կողմից այստեղ երեւում է թե՛ հայկական եւ թե՛ քրդական գործոնների վտանգավոր լինելու նկատմամբ համահավասար մոտեցում: Թիրախային հասցեն այս դեպքում քրդամետ ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության անդամներն են , որոնցից շատերը երկու թեմաների ուղղությամբ բազմաթիվ ելույթներ էին ունեցել խորհրդարանում:

Թուրքական խորհրդարանի կարմիր քարտը փորձում է վերջ դնել խորհրդարանական այս քննարկումներին: Պաշտոնական Անկարայի ղեկավարների քաղաքական ելույթների ենթատեքստը մնայուն ակնարկություն  է անում Թուրքիայի մասնատման վտանգին եւ այդ հավանականությանը ծառայող ուժերին եւ դրանց հովանավորողներին:

Ճիշտ է, որ քրդական խնդիրը աշխարհաքաղաքական օրակարգի է վերածվել եւ համեմատաբար հայկականին, անհամեմատելի միջազգային հնչեղություն է ստացել, մանավանդ նկատի ունենալով գերտերությունների կեցվածքն ու գործնական օժանդակությունները քրդական տարբեր խմբավորումների: Այսուհանդերձ, քրդականին համահավասար հայկական գործոնի հիշատակումն ու Ցեղասպանության եզրույթի օգտագործման արգելումը Անկարայի իշխանությունների կողմից, մտավախության եւ գործոնի ազդեցիկության բարձրացման մասին է հուշում:

Անկախ հայկական եւ քրդական գործոնների վտանգի համահավասարեցման մոտեցումից, կա այլ դիտարկելի կետ, որը ուշագրավ է:

Օրենքի հիմնավորումը 301 հոդվածի համահնչեղությամբ խոսում է թուրք ազգի պատմությունը վիրավորելու գործողության քրեականացման մասին. բայց նաեւ արձանագրում է «համատեղ անցյալ» հասկացությունը:

Համատեղ անցյալում ներառվում են թուրքերը, քրդերը, ալավիները, հայերը, հույները եւ Թուրքիայի տարածքում ապրող այլ ազգաբնակչություններ: Ճիշտ այստեղ է Անկարայի քաղաքականության առաջադրած նշանակետը: Համատեղ անցյալը վերաբերում է համատեղ ժողովուրդներին, որոնք ապրել են համատեղ բնօրրանում, հետեւաբար համատեղ հայրենիքում:

Սա այն համատեղ տարածքն է, որը ըստ Անկարայի իշխանությունների, պետք է պահի իր ամբողջականությունը: Թե՜ երբեմնի արտգործնախարար եւ ապա վարչապետ Դավութօղլուի դիվանագիտական հրապարակումներում եւ թե՜ նորօրյա սուլթան Էրդողանի ավելի կոշտ բարձրաձայնումներում  եւ թե՜ տակավին բանտում պատվերով (ենթադրաբար ճնշումով) գրել տրված Օջալանի բաց նամակում կարմիր թելի նման կա պետական նշված մոտեցումը` ընդգծելու եւ մնայուն կերպով ամրագրելու համար համատեղ հայրենիքի գաղափարը:

Իսկ համատեղ հայրենիքի գաղափարի հանգերգումը ամեն առիթի –եւ այժմ էլ օրենքի կարգով «համատեղ անցյալ» բառեզրով նույն գաղափարը շեշտելով – Թուրքիայի իշխանությունները Թուրքիայի մասնատման վտանգի նախանշումը ամրագրում են օրենքով, խորհրդարանով:

Անկախ այն իրողությունից, որ հսկայական հետդարձը հասել է նույնիսկ օրենսդիրների կողմից բառեզրեր օգտագործելու արգելմանը, խնդիրը այս դեպքում Թուրքիայի այսօրվա տարածքային ամբողջականության սասանման մտավախության նվիրականացումն է:

Իսկ մեր դեպքում նաեւ այն, որ այդ մասնատման մեջ աշխարհաքաղաքական գործոնին առընթեր նշվում է նաեւ հայկական գործոնը:

 

 ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31