Լրահոս
Օրվա լրահոսը

Ով ինչպես է ապստամբում

Հուլիս 22,2017 10:00

Միանգամից ասեմ, որ ես կողմ եմ ապստամբությանը, եւ ինքս ինձ ապստամբ եմ համարում: Պարզապես խնդիր է, թե ով, ինչի դեմ եւ ինչպես է ապստամբում:

Երբ հնչում է՝ «ոտքի, դատարանն է գալիս», ես ինքնաբերաբար, կասեի նույնիսկ բնազդորեն ոտքի եմ կանգնում, ճիշտ այնպես, ինչպես այն դեպքում, երբ հնչում է իմ երկրի օրհներգը: Անկախ այն հանգամանքից, որ այս պահին մեր դատարանն անկախ չէ, իսկ տվյալ դատավորը, ինչպես նաեւ Հայաստանի բոլոր մնացած պաշտոնյաները գուցեեւ սրիկա են եւ կաշառակեր: Դա Հայաստանի Հանրապետության դատարանն է, եւ ոտքի կանգնելն իմ արժանապատվության եւ, եթե ուզում եք՝ հպարտության հարցն է: Եվ դրանով ոչ մեկին չեմ լեգիտիմացնում, բացի ինձնից՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Քանի որ իմ համաքաղաքացիների եւ, առավել եւս, արտերկրում ապրող նախկին հայաստանցիների մեծ մասն այդպես չի մտածում, այդպես չի զգում, համարեք, որ դա իմ ըմբոստությունն է, ապստամբությունը՝ ընդդեմ համընդհանուր նիհիլիզմի եւ «բողոքականության»:

Ավելի «կենցաղային» խնդիրներում նույնն է: Կառավարությունը որոշել է տուգանել ծխախոտի մնացորդը փողոցում նետողներին 16 հազար դրամով: Չեմ պատկերացնում, թե ինչպես է դա արվելու՝ արդյո՞ք ամեն մի ծխողի կողքին ոստիկան է կանգնելու եւ սպասելու՝ մինչեւ քաղաքացին ծխի-վերջացնի, եւ կախված նրանից, թե որտեղ է նա գցելու ծխախոտի մնացորդը, ըստ դրա տուգանի կամ չտուգանի: Բայց ինքնին գաղափարն, իհարկե, ողջունելի է: Թրենդային «ժողովրդական» ռեակցիան այդ որոշմանը հետեւյալն է՝ «արա, էս խեղճ ժողովրդին մեռան կլպելով, խեղճ մարդկանց ի՞նչ աշխատավարձ եք տալիս, որ հըլը 16 հազար էլ տուգանում եք»: Ըմբոստանում են, ընդվզում են մարդիկ: Նման փնթի, «անթրաշ» մոտեցմանը հաճոյանալու համար աշխատում է նաեւ «քաղաքական» եւ «հրապարակախոսական» միտքը. «Ռեժիմը, կանգնելով բյուջեն լցնելու անլուծելի խնդրի առաջ, որպես վերջին միջոց որոշել է քաղաքացիներից գանձել հավելյալ 16 հազարական դրամ: Բաղրամյան 26-ի մեր հավաստի աղբյուրները նշում են, որ արդեն որոշվել է, թե ում գրպանն են գնալու այդ գումարները»: Եվ ահա ես ըմբոստանում եմ այդ «ժողովրդական թրենդի» դեմ եւ ասում եմ՝ «պահպանեք մաքրությունը մեր քաղաքում»: Այսօրվա հասարակական հոգեբանության ֆոնի վրա շատ օրիգինալ կոչ է:

Մարդկանց մեծ մասն ըմբոստանում է բռնությամբ, օրինախախտությամբ, պետության նկատմամբ արհամարհանքով, նույնիսկ՝ ատելությամբ, անշնորհքությամբ, փնթիությամբ, չարությամբ, տգիտությամբ, հապճեպ դատողություններով: Եկեք հենց ա՛յդ ամենի դեմ ընդվզենք օրինապաշտությամբ, բարությամբ եւ հանդարտությամբ: Ամեն մեկն իր ձեւով է ապստամբում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Zaven says:

    Ես ապստամբ եմ,քանի որ ապստամբում եմ ապստամբության դեմ:
    Արդի անեկդոտ դարձավ:

  2. Հ.Շ. says:

    ինքնատիպ, խիզախ եւ իմաստալից մօտեցում

    վերջապէս, հեղինակաւոր Սասնա Ճիշտ մը

    ..

  3. Seyran says:

    Ինչպես է հսկելու?՝ձևն ասեմ:Գերմանական բնակավայրերի փողոցներում ոստիկան չեք տեսնի:Գերմանացուն հարցնում եմ հասարակական կարգը ինչպես եք պահպանում,եթե փողոցներում ոստիկան չկա:Նա պատասխանեց՝փորձիր կարգը խանգարել,ոստիկանը քիչ հետո կողքդ կանգնած կլինի՝մեր բոլոր քաղաքացիները ,,ոստիկան,,են:Կասեք գործ տվող են՝բայց այլ ձևով մաքրություն,կարգուկանոն չենք պահպանի…:Տուգանքների մասին՝ոչմի լրատվամիջոց,հասարակական կազմակերպություն,քաղաքական ,,գործիչ,,մարդկանց կոչ չեն անում տոգանքներից խուսափելու համար պահպանել երթևեկության կանոնները,մաքրությունը,ծխելու մասին Օրենքը,այլ ,…մնացածը դուք գիտեք:

  4. Քրիստափոր says:

    Պարոն Աբրահամյան, Դուք չե՞ք կարծում, որ ըստ ֆիզիկայի հայտնի օրենքի ազդեցությունն է բերում հակազդեցության:

  5. Լավատես says:

    Մի խելոք մարդ գտնվեր, որը դրսից չի ղեկավարվում ու մի փոքրիկ ձեռնարկ գրեր, թե ինպե՞ս՝ առանց օրենքը խախտելու ու միաժամանակ արդյունավետ, քաղաքացին իր ապստամբելու սահմանադրական իրավունքն իրականացներ ու իր ուզածին հասներ, հակառակ դեպքում, եթե դա նույնիսկ տեսականորեն հնարավոր չի, պետք է փոխել Սահմանադրությունը, մի բան էլ, կա՞ն արդյոք հստակ ձեւակերպումներ Մարդ, Քաղաքացի ու Ժողովուրդ հասկացություններին, որոնց մասին ասվում է Սահմանադրությունում:

  6. Էդգար says:

    Ըստ սահմանման ` ապստամբությոնը ժողովրդի զինված կռիվ է շահագործող դասակարգերի կամ օտարերկրյա տիրակալների դեմ: Բայց իհարկե շահագործվողների դեմ ապստամբելն ավելի անվնաս: Միայն թե զենք չկիրառեք

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31